Երկաստիճան դատական համակարգը հանրային վստահության առումով ոչինչ չի փոխի

Երկաստիճան դատական համակարգը հանրային վստահության առումով ոչինչ չի փոխի

Իշխանական կուլիսներում արդեն սկսել են քննարկել եռաստիճան դատական համակարգից հրաժարվելու եւ երկաստիճան դատական համակարգ ձեւավորելու գաղափարը։

Այդ մասին խոսել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եռաստիճանից երկաստիճան դատական համակարգի անցումը, սակայն, հեշտ գործընթաց չէ, այն պետք է տեղի ունենա սահմանադրական փոփոխությունների միջոցով՝ արժանանալով մասնագիտական հանրության եւ հասարակության հավանությանը։ Այս համակարգով պետք է ստեղծվի առաջին ատյանի դատարան եւ մեկ գերագույն դատարան, որը կունենա իր պալատները։ Հնարավոր է՝ սրա արդյունքում իշխանությունը վերջնականապես հրաժարվի Սահմանադրական դատարանից՝ դրա գործառույթները փոխանցելով գերագույն դատարանի պալատներից մեկին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցը միանշանակ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է քննարկելու, բայց ինքը կարող է իր անձնական կարծիքը հայտնել՝ որպես իրավաբան Ռուբեն Վարդազարյան, ոչ որպես ԲԴԽ նախագահ։

«Հայաստանը փոքր երկիր է, եւ, իմ խորին համոզմամբ, շատ նպատակահարմար է, որ մենք ունենանք երկաստիճան դատական համակարգ եւ չծանրաբեռնենք, այսինքն՝ վերաքննիչ ատյանը վերանա, լինի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան եւ վճռաբեկ դատարան կամ Գերագույն դատարան, եւ Գերագույն դատարանում լինեն պալատներ, որոնք կլինեն ոչ թե էսօրվա պես երկուսը, այլ չորս-հինգ պալատ կարող է լինել՝ քրեական պալատ, քաղաքացիական, վարչական, սնանկության պալատ, միգուցե՝ կարգապահական պալատ, որը կփոխարինի ԲԴԽ-ին, այսինքն՝ կարող ենք չունենալ ԲԴԽ։ Կարող ենք նաեւ Սահմանադրական դատարան էլ չունենալ, որի փոխարեն կլինի սահմանադրական պալատ։ Այսինքն՝ կլինի փոքր, կոմպակտ, արդյունավետ աշխատող»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։

- Սրանից չի՞ ենթադրվում, որ նպատակը նաեւ այս տարբերակով Սահմանադրական դատարանից վերջնականապես ազատվելն է։

- Ձեր հարցի մեջ քաղաքական կոմպոնենտ կա, չեմ ուզում պատասխանել։ Ես իրավական մասով կարող եմ ասել՝ ես կարծում եմ, որ կոմպակտ դատական համակարգ ունենալու համար պետք է ունենալ երկաստիճան դատական համակարգ։ Թե դրա արդյունքում Սահմանադրական դատարանից ձերբազատվել կդնենք անունը, թե միգուցե նույն դատավորները կշարունակեն պաշտոնավարել այդ պալատում, էական չէ։ Ես Ձեզ երկու մոդել ասացի՝ կա՛մ նորն ենք ստեղծում, այդ դեպքում ստացվում է, որ այս Սահմանադրական դատարանը լուծարեցինք, նոր պալատ ստեղծեցինք, կա՛մ կարող է Սահմանադրության մեջ գրվի, որ շարունակում են պաշտոնավարել որպես Գերագույն դատարանի սահմանադրական արդարադատության պալատի դատավորներ։ Դա էլ եղավ, որ նույն մարդիկ մնացին։ Միեւնույն է, սահմանադրական արդարադատության գործառույթը պետությանը պետք է։ Մնացածը տեխնիկական հարց է։

- Միջազգային ի՞նչ պրակտիկա ունենք այս առումով, եւ որքանո՞վ է արդյունավետ աշխատում այս մոդելն այլ երկրներում։

- Միանշանակ, կան այդպիսի երկրներ, օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ճիշտ է, էնտեղ մի քիչ դատարանակազմությունն այլ կերպ է, էնտեղ ֆեդերալ դատարաններ կան, տարածքային դատարաններ կան, բայց, միեւնույն է, կա մի գերագույն դատարան, որը նաեւ սահմանադրական արդարադատությունն է իրականացնում։

- Եթե Ձեր ասած մոդելով գնանք, այդ երկպալատ դատական համակարգը նախ՝ որքանո՞վ արդյունավետ կաշխատի ռեսուրսների բաշխման, դատական գործերի ավելի օպտիմալ անցկացման առումով ու նաեւ՝ ինչպե՞ս կազդի դատական համակարգի անկախության ու նրա հանդեպ վստահության ամրապնդման վրա։

- Իմ կարծիքով՝ այն մոդելը, որ ես նոր հնչեցրի, համապատասխանում է այդ բոլորին՝ հա՛մ ռեսուրսներն ավելի օպտիմալ կիրացվեն, հա՛մ ավելի կոմպակտ կլինի, հա՛մ էլ դատական իշխանության որոշումները չեն հակասի իրար, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած կլինեն մի տեղ։ Բայց դրա համար ինստիտուտներ պիտի աշխատեն, որ դրա հիմնավորումները տան։ Իմ փորձն է ասում, որ էդպես ավելի արդյունավետ կարող է լինել։ Ես չեմ պնդում, որ ես վերջին ատյանի ճշմարտությունն եմ, եւ դա ամենալավն է։ Միգուցե ավելի լավ տարբերակներ կան։

- Մենք մինչ այս պահն ունենք եռաստիճան դատական համակարգ, եւ հանրությունն այս պահին էլ դեռ անվստահություն ունի դատական համակարգի նկատմամբ։ Ըստ Ձեզ՝ նաեւ այդ եռաստիճան համակա՞րգն է խանգարել, որ վստահությունն ավելի բարձր լիներ դատական համակարգի նկատմամբ, թե՞ քաղաքական համակարգն է պատճառը։

- Մի բառով պատասխանեմ՝ այդ հանրային վստահության պակասը եռաստիճան համակարգով չի պայմանավորված, հանրային վստահության պակասն ուրիշ պատճառներ ունի։ Բայց դրա մասին էսպես հեռախոսով չեմ ուզում ասել, եթե կուզենաք մի օր հարցազրույց այս թեմայով, սիրով կպատմեմ իմ տեսակետը հանրային վստահության իրական պակասի կամ միգուցե ոչ այդքան իրական պակասի մասին։

- Եթե մենք անցնենք երկաստիճան դատական համակարգի, դրանից ի՞նչ կփոխվի հանրային վստահության առումով։

- Հանրային վստահության առումով ոչինչ չի փոխի։ Դուք եթե շարունակեք նման հարցադրում անել ու այդ հարցադրումը հանրայնացնել, այդ հարցը միշտ մնալու է։ Ուղղակի ավելի արդյունավետ կաշխատի, դա կարող է մի չնչին տոկոս ընդամենը հանրային վստահության վրա ազդել։ Բայց հանրային վստահության պակասը դատարանակազմությունից չի կախված եւ դատական համակարգից չի կախված։ Հանրային վստահության պակասն իր մեջ ունի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կոմպոնենտ։ Նաեւ որոշ չափով մշակութային խնդիր է։

- Հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրն էր, շատերը շնորհավորում էին, շատերն էլ ափսոսանք հայտնում, որ մեր Սահմանադրությունը երբեք այսչափ չէր ոտնահարվել, որքան վերջին մեկ-երկու ամսում։ Դուք ի՞նչ կարող եք ասել այս մասով։

- Սահմանադրության օրվա կապակցությամբ ես իմ շնորհավորանքը եւ ուղերձը հղել եմ, այն, ինչ կապված է Սահմանադրության հետ, ես դա ասել եմ իմ ուղերձում։ Իսկ Ձեր հարցի երկրորդ մասին ես ուղղակի հրաժարվում եմ պատասխանել, քանի որ ԲԴԽ-ի ու, ընդհանրապես, դատական իշխանության որդեգրած քաղաքականությունը հետեւյալն է՝ քաղաքականության մեջ չխառնվել։

- Այսինքն՝ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքակա՞ն են, իրավական չե՞ն։

- Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որեւէ ԲԴԽ անդամ կամ որեւէ դատավոր ուղղակի իրավունք չունի որեւէ մեկնաբանություն անել։ Միայն, երբ որ Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրային քննարկման դրվի, այդ ժամանակ որպես ՀՀ քաղաքացի՝ դատական իշխանությունն իրավունք կունենա կարծիք հայտնել։ Բայց էլի՝ կարգավիճակը՝ որպես ՀՀ քաղաքացի, ոչ թե դատավոր կամ դատական իշխանության ներկայացուցիչ։