«Համաշխարհային նոր խենթը»․ ո՞վ է Արգենտինայի նորընտիր նախագահը
Արգենտինայի նախագահի պաշտոնում Խավիեր Միլեյի ընտրվելը լայն արձագանք է գտել համաշխարհային լրատվամիջոցներում։
Ինչպես գրում է The New York Times-ը, նրա հաղթանակը խորհրդանշում է գլոբալ ծայրահեղ աջ շարժման հզորացումը Թրամփի և նմանատիպ գործիչների, այդ թվում՝ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի ժամանակաշրջանից ի վեր։
Իսպանական ծայրահեղ աջակողմյան Vox կուսակցության աջակցությունը, հայտնի հեռուստահաղորդավար Թակեր Կարլսոնի այցը՝ քաղաքական գործչի հետ հարցազրույցի համար և միլիարդատեր Իլոն Մասկի հավանությունը ցույց են տալիս Միլեյի միջազգային զգալի ազդեցությունը:
Այնուամենայնիվ, նրա նախկին հայտարարությունները և քաղաքական որոշումների մասին որոշ սուր քննադատություններն անհանգստություն են առաջացրել ընտրողների շրջանում:
The Washington Post-ն ընդգծում է, որ Միլեյի պես լիբերալ գործչի ընտրությունը Արգենտինայի համար թռիչք է դեպի անհայտություն: Դոնալդ Թրամփից ստացված շնորհավորանքն ու Միլեի խոստումը՝ քանդել ստեղծված համակարգը, մատնանշում են Լատինական Ամերիկայի երրորդ խոշոր տնտեսության քաղաքական լանդշաֆտի հնարավոր արմատական փոփոխությունները:
Դա, ըստ հրապարակման, կարող է էական ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանային դինամիկայի վրա՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճը։
The Guardian-ը կենտրոնանում է Լատինական Ամերիկայի ձախ առաջնորդների արձագանքների վրա, ինչպիսիք են Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն: Նրանք, չնայած Միլեի նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքին, ճանաչել են նրա հաղթանակը՝ ընդգծելով ժողովրդի ժողովրդավարական ընտրության նկատմամբ հարգանքի կարևորությունը։
Սա վկայում է Արգենտինայի և նրա հարևանների միջև հնարավոր լարվածության մասին:
Գերմանական Bild հրատարակությունը ընդգծում է Խավեիր Միլեի առաջնորդության տնտեսական կողմը։ Նշվում է, որ տնտեսության հարցում նրա արմատական հայացքները նախկինում բնորոշ չէին հարավամերիկյան երկրների ղեկավարներին։ Նրա նախընտրական ոճը և անսովոր անձնական հակումներն ընդգծում են նրա էքսցենտրիկությունն ու տարբերությունը ավանդական քաղաքական գործիչներից:
Ընդհանուր առմամբ, արգենտինացի գործչի ընտրությունը շարունակում է մնալ ինտենսիվ քննարկման առարկա համաշխարհային լրատվամիջոցներում՝ արտացոլելով դրա հնարավոր ազդեցությունը Արգենտինայի և ամբողջ Լատինական Ամերիկայի ապագայի վրա:
Կարծիքներ