Մի քանի շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ի լուր աշխարհի աչքալուսանք տվեց, որ սեպտեմբերի 23-ին Հայաստան է գալիս համաշխարհային աստղերից մեկը: Հետո պարզվեց, որ մեգա աստղը, որը մեզ երջանկացնելու է իր համերգով, Սնուփ Դոգն է: Արագությամբ հանրությանը հասանելի դարձավ կառավարության որոշումը, ըստ որի՝ 23 միլիոն դոլար պետք է ծախսվեր 3 համերգի համար, որոնք կայանալու են մինչեւ փետրվար ամիսը, եւ որոնցից մեկը Սնուփ Դոգի համերգն է: Կառավարությունը, կառչելով անորոշ տեղեկատվության հանգամանքից, նախ հերքում տարածեց, թե 23 միլիոն չեն ծախսելու, սակայն հետո պարզվեց, որ 23 միլիոնը ոչ թե մեկ համերգի, այլ 3 համերգի վրա է ծախսվելու, ընդ որում` հաջորդը կարծես թե Ջենիֆեր Լոպեսի այցն է լինելու: Իսկ Սնուփ Դոգի համերգի վրա, արդեն հայտնի է, որոշվել է պետության պահուստային ֆոնդից հատկացնել 6 մլն դոլար: Այդ որոշումն ընդունվել է անցած շաբաթ` կառավարության նիստում, չզեկուցվող հարցերի շարքում։
Երաժիշտ Էմմա Պետրոսյանն ասում է՝ ինքը ե՛ւ դեմ է, ե՛ւ կողմ այդ որոշմանը․ «Այսպես պարփակվել ինքներս մեզնով, մենք դրա իրավունքն այնքան էլ չունենք․․․ բայց դեմ եմ, որովհետեւ այդ գումարի դիմաց Հայաստան չի ժամանելու օպերային մեծ երգչուհի, մեծ ռեժիսոր կամ մշակութային մեծ դրսեւորում, որ կարեւոր է՝ նման օրը հնչի այդ ձայնը կամ այդ ստեղծագործությունը․․․ ես կողմ կլինեի այնպիսի անհատի Հայաստան գալուն, ում ներկայությունը մեզ համար լիներ շատ պատվաբեր, կարեւոր, եւ այդ արտիստի ներկայությունը բարձրաձայներ Հայաստանի խնդիրները կամ ձեռք մեկներ հայ աշխարհին։ Եթե այսպիսի մեկի ներկայությունը լիներ, ես կողջունեի, եւ ինձպես նաեւ շատ-շատերը, բայց այս ժամանակի, այս իրականության մեջ մեր խնդիրներն այնքան շատ են, որ մենք խեղդվում ենք մեր խնդիրների մեջ, ու հիմա ծախսել գումարներ եւ բերել ինչ-որ անհատի, առանց որի էլ մենք շատ լավ ապրում ենք․․․, լավ ենք ապրում, թե վատ, պայքարով ենք ապրում, թե ոչ՝ այլ հարց է, բայց հանգիստ ապրում ենք առանց նրա ներկայության։ Եվ վերջապես՝ մենք ունենք այնքան բավարար արտիստներ, որ իրենց ներկայությամբ իրենց տուրքը կմատուցեին, ինչպես տարիներ շարունակ արել են՝ երգել, բեմադրվել, խաղացել։ Այսինքն՝ մենք ունենք կարող ուժեր, որոնց միջոցով ներկայացրել ենք մեր տոնը, ուրախությունը, ամեն ինչը»։
Երգչուհին ընդգծում է՝ այդ գումարն այս պահին այնքան անհրաժեշտ է մեր զինվորներին, որ բոլորս մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այդ ուղղությամբ․ «Լինել զինվորի կողքին եւ մեր գումարները ծախսել շատ ավելի կարեւոր բաների համար, էլ չասեմ հաշմանդամություն ունեցող զինվորների բուժման մասին։ Սա իմ կարծիքն է, գուցե շատերն ասեն՝ ինչո՞ւ ես այդպես ասում, այդ մարդն ի՞նչ մեղավոր է մեր խնդիրների մեջ․․․, իհարկե, ի՞նչ մեղավոր է նա մեր խնդիրների մեջ, բայց այդ մարդու ներկայությունն ի՞նչ է մեզ տալու՝ մենք միավորվո՞ւմ ենք սրանից, մեր լինելիությունն ավելի՞ է կարեւորվում, մեր տեսա՞կն է ավելի ընդգծվում․․․ Կարծում եմ՝ ոչ մի բանը, իսկ եթե ոչ մի բանը, ուրեմն այս պահին հեչ պետք չէ այդ մարդուն բերել, ողջունել, ծափահարել, ցույց տալ, որ մենք ինչ լավն ենք, ինչ հյուրասեր ենք ու աշխարհին դիմավորում ենք ծափողջույններով։ Այո, էլի դիմավորում ենք, բայց այս պահին՝ չէ, էլի, նա այդ մեծության արտիստը չէ, որը մեր կողքին պետք է լինի այդ օրը ու մի բան էլ ինքը հոգ տանի մեր զինվորների ու մեր խնդիրների հետ կապված։ Կարծում եմ՝ չի գտնվի մի քաղաքացի, ով կասի՝ վայ, ինչ լավ է․․․, վստահ եմ՝ ինձ նման շատ-շատերն են մտածում․ մեր Արցախ աշխարհը շրջափակված, շնչահեղձ է լինում, ինչքանո՞վ է տրամաբանական այն ամենը, ինչ կատարվում է, բա մենք ո՞վ ենք այսքանից հետո»։
Ճանաչված օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը միանշանակ դեմ է կառավարության այդ որոշմանը․ «Նույնիսկ դժվարանում եմ բնութագրել այդ անհեթեթ որոշումը, որը բացատրություն չունի ինձ համար։ Ես, անկեղծ, չեմ կարծում, որ դա հատուկ կապ ունի անկախության տոնի, 44-օրյա պատերազմի տարելիցի կամ Արցախի խնդիրն անուշադրության մատնելու հետ, իմ կարծիքով՝ ուղղակի այդտեղ մարդիկ կան, որոնք որոշումներ են կայացնում եւ առաջնորդվում են իրենց ճաշակով։ Ու քանի որ ձեռքներն էլ հնարավորություն է ընկել՝ որոշումներ կայացնելու, իրենք իրենց, վերջին հաշվով, լավ են զգում, որ՝ այ, տեսեք, մենք կարող ենք մեր ուզածն անել...։ Ես նույնիսկ առաջին անգամ եմ լսում այդ երգչի անունը եւ չեմ էլ հետաքրքրվել կամ լսել, թե ինչ է ներկայացնում իրենից։ Հիշում եք, բրազիլական մի սերիալ կար, դրա դերասանուհուն մեր արցախյան առաջին պատերազմի տարիներին կամ դրանից անմիջապես հետո բերեցին Հայաստան․․․ ինձ մոտ հիմա նույն տպավորությունն է, որ դա անգիտության, չտեսության եւ ինքնահաստատվելու միջոց է որոշ մարդկանց համար, հատկապես նրանց, որոնք այսօր իրավունք չպետք է ունենային նման որոշումներ կայացնելու»։
Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա Պապյանը բառեր չի գտնում՝ իր հիասթափությունն արտահայտելու համար․ «Այդ գումարով ինչքա՜ն հայ երիտասարդների ուսման վարձը կարելի էր վճարել, քանիսին կրթաթոշակ տալ, ինչքան գործիքներ կարող էինք ունենալ, ինչքան վարպետության դասեր կարող էինք անցկացնել, սերունդ կրթել, երաժիշտներ դաստիարակել, դրա մասին խոսք չկա։ Մարդիկ գրոշներով աշխատում են՝ ինքնամոռաց, ինքնանվիրումով, ինչքա՜ն մարդկանց կարելի էր խրախուսել այդ գումարով, բայց քանի որ որոշումներ ընդունողներն իրենց տեղում չեն, մենք ունենք այն, ինչ ունենք։ Մեր շուրջն էլ կան, չէ՞, մարդիկ, ովքեր տարբեր երգիչների մի քանի միլիոնով հրավիրում են իրենց հարսանիքներին։ Սա նույն պատկերն է, ուղղակի տեղափոխված պետական ապարատ»։
Երգչուհին ցավով արձանագրում է, որ այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ այն մարդիկ, ովքեր հիմա այդպես քննադատում են, խոսում են, ի վերջո՝ գնալու են այդ համերգին․ «Եթե իսկապես մարդիկ արժանապատվությամբ բոյկոտեն եւ չգնան այդ համերգին, այդ երգիչը կգա դատարկ մարզադաշտ եւ հետ կգնա, ինչը կունենա շատ մեծ միջազգային արձագանք, դրանից ավելին պետք չէ, ու արդեն դրա բացատրությունն էլ կտանք, որ մենք ունենք Արցախի հարց, 44-օրյա պատերազմից հետո չամոքված վերքեր, բազմաթիվ չլուծված խնդիրներ, հիմա այս համերգի ժամանակը չէ, ու դրա համար մենք բոյկոտում ենք։ Սա լավագույն տարբերակն է, բայց ո՞վ պետք է անի, բոլորն էլ գնալու են։ Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ՝ Նոր տարվա գիշերը Բրեգովիչին հրավիրեցին, էլի մարդիկ վհատվեցին, բորբոքվեցին, բայց բոլորն էլ Նոր տարվա գիշերը գնացին հրապարակ ու պարեցին այդ երաժշտության տակ։ Այնպես որ, հարցը խորքային է, եւ մեր ժողովրդի անգիտությունը, ոչ արժանապատիվ կեցվածքն այս դեպքում, տարերային ուրախանալու առիթներ փնտրելը որոշ մարդկանց կողմից օգտագործվում են ինքնահաստատվելու համար։ Ես չգիտեմ՝ ովքեր են որոշում ընդունողները, բայց եթե այդտեղ լինեին հայրենասեր ու հայրենատեր, ժողովրդի հոգսով անհանգստացած ու մտահոգ մարդիկ, սրա մասին նույնիսկ չէր կարելի մտածել։
Հետո՝ ի՞նչ 6 մլն, այսօր ցույց տվեք մի մարդու, ով 6 մլն հոնորար ունի, նույնիսկ «Բիթլզներին» այդ գումարները չեն վճարել ժամանակին, ինչ վերաբերում է այդ ուռճացրած հոնորարներին, ապա դա եւս մեկ ապացույց է, որ Հայաստանն այնպիսի հետամնաց երկիր է, որտեղ իրենք գալիս են միայն այդ հոնորարների պատճառով, բայց վստահ եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ այդ երգչին ոչ մի երկիր, նույնիսկ աֆրիկյան պետություն, այդ հոնորարը չի վճարելու, եւ, իհարկե, նա սիրով կգա, որովհետեւ նրա համար 100 հազարն էլ է ուռճացված»։
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի համար էական չէ` կառավարությունը 23 մլն է հատկացնելու, թե 6 մլն, խնդիրն այն է, թե ինչու է ընդհանրապես կառավարությունը գումար հատկացնելու թմրամոլի հեղինակությամբ աստղին Հայաստան բերելու համար. «Ինչո՞ւ պետք է մեր բյուջեից գումար տրվի նման թմրամոլների համար... պատերազմից առաջ մի հատ «Ուրվական» փառատոն եղավ, որն էլի կապ չուներ մեր ազգի հետ, դրանից հետո Նոր տարվա գիշերը Բրեգովիչին բերեցին ու գնչուական երաժշտություն հնչեցրին` էլի բյուջեից ահռելի գումարներ հատկացնելով։ Հաջորդ Նոր տարվա գիշերը Հ1-ը մուղամով դիմավորեց ու շնորհավորեց բոլորիս` մինչեւ վերջ թաքցնելով, թե ով էր հրաման տվել մուղամով դիմավորել Նոր տարին: Հիմա նորից թաքցնում են ու չեն ասում` ով է այդ անաս․․․ը, որ որոշել է ռեփեր բերի Հայաստան ու բյուջեից էլ փող ծախսի դրա համար: Նախաձեռնողի անունը չեն տալիս, գաղտնի են պահում, իսկ մի բան եթե գաղտնիք է, սկսում ես մտածել, որ ինչ-որ գործակալ է Հայաստանում աշխատում...: Ու դա՝ այն ժամանակ, երբ այսպիսի վիճակում ենք` Արցախը շրջափակված, պատերազմական իրավիճակ, բայց թմրամոլների եք բերում Հայաստան` մեր ազգային երաժշտությունն արհամարհելով: Փորձեք Կոմիտասի համար բյուջեից ինչ-որ գումար ուզել` կոպեկներ կհատկացնեն, բայց մի հատ ռեփեր բերելու համար այնքան փող կծախսեն, որ սովետական շրջանից մինչեւ այսօր Արամ Խաչատրյանի ու Կոմիտասի համար չեն ծախսել։ Հարց է առաջանում` ինչո՞ւ, ինչո՞ւ եք Կոմիտասին կոնտրոլի տակ պահում, իսկ թմրամոլ ռեփերի առաջ կանաչ լույս վառում»:
Ա. Շահնազարյանի կարծիքով, մտավորականները պետք է միասնական ձեւով իրենց դիրքորոշումը հայտնեն. «Ես թույլ չեմ տալիս բերել նման թմրամոլ աստղերի, կոչ եմ անում մյուս մտավորականներին՝ եւս միանալ եւ իրենց ձայնը բարձրացնել, բայց ո՞ւր են մտավորականները, բերանները ջուր առած՝ նստած են, մինչդեռ ասում են` գրողները մեր խիղճն են, դուք որ Դանիել Վարուժանի կամ Սիամանթոյի տաղանդը չունեք, ձեր մեղքը չէ, եւ ոչ ոք չի մեղադրում ձեզ դրա համար, բայց կարո՞ղ եք այդ մարդկանց կեցվածքն ունենալ: Դուք պատկերացնո՞ւմ եք, այսօր Դանիել Վարուժանն ու Սիամանթոն լինեին, ու ռեփեր ուզենային Հայաստան բերել, այդ մարդիկ ի՞նչ կանեին Կոմիտասի հետ միասին: Այդ թմրամոլ ռեփերին իրենց լռությամբ բերում են հենց մեր գրողները, կոմպոզիտորները, նկարիչները, որովհետեւ լռությունը համաձայնության նշան է: Սրանով ազգային անվտանգությունը պետք է զբաղվի ու բացահայտի՝ ով է կազմակերպիչը, սրա նախաձեռնողը, ու ձերբակալի` հայրենիքի դավաճանության հոդվածով: Պատերազմի առաջ կանգնած մեր ժողովուրդը հիմա այնքան խնդիրներ ունի լուծելու` գոյաբանական, ու մեկ էլ հանկարծ դեսանտ են իջեցնում երկրի մեջ, որ նոր սերնդին կռտեն, դարձնեն անողնաշար, թմրամոլությունը հարգող»: