Եթե նման բան նկատեի, մեկ օր անգամ չէի մնա այնտեղ
ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, եւ դեկան Հայկ Սարգսյանի, ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տալու համար մեղադրվող անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հիշեցնենք, որ կաշառք ստանալու մեղադրանքով երեկ ձերբակալվել էին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, երկու դասախոս եւ վերջիններիս կաշառք տված անձինք, ապա դատարանը նաեւ կալանքի սանկցիա է տվել: Այս մասին մենք մի քանի հարց ենք ուղղել տնտեսագետ, Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դասախոս Վարդան Բոստանջյանին:
- Պարոն Բոստանջյան, ի՞նչ է կատարվում Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում: Ինչո՞ւմ են մեղադրում Հայկ Սարգսյանին:
- Անգամ փոքր, շատ փոքր կասկածի դեպքում ես եթե նման բան նկատեի, չէի մնա այդ ֆակուլտետում: Նման բան չեմ պատկերացնում:
- Այսինքն` Դուք կարծում եք, որ նա ընդունակ չէ՞ կաշառք վերցնել:
- Հարյուր տոկոսով ոչինչ չեմ կարող պնդել, բայց կարող եմ ասել իմ տեսածը: Նման բան երբեք չեմ տեսել այդ ֆակուլտետում:
- Իսկ ուսանողների մասին ի՞նչ կասեք, ովքե՞ր են կաշառք տվող ուսանողները:
- Ուսանողների մասին դեռ ոչինչ չգիտեմ: Այսօր համալսարանում էի, լսեցի կալանավորումների մասին:
- Ի՞նչ մթնոլորտ է հիմա տնտեսագիտականում:
- Վատ մթնոլորտ է: Ծանր վիճակում են մարդիկ:
- Դեկանի պարտականություններն ո՞վ է կատարում այժմ:
- Դեկանի տեղակալներ ունենք, նրանք՝ հավանաբար: Այժմ ուսումնական տարվա ավարտն է: Աժիոտաժ, որպես այդպիսին, չկա:
- Դեկանի թեկնածուի անուններ չե՞ն պտտվում:
- Դեռեւս ոչ: Այդ թեմայով ոչինչ չեմ լսել:
Կարծիքներ