Մատուցողից մինչեւ գործառնական տնօրեն, բայց՝ տեխնոլոգիական ընկերության

Մատուցողից մինչեւ գործառնական տնօրեն, բայց՝ տեխնոլոգիական ընկերության

Այսօր երիտասարդ պրոֆեսիոնալներին ու առաջադեմ գործարարներին re:arrange -ից հայտնի Նարեկ Ամիրխանյանը Hexact տեխնոլոգիական ընկերության գործառնական տնօրենն է: Պատմում է, որ կարիերան սկսել է մատուցողից: Հոլիվուդյան աստղերի հաջողության պատմությունը հիշեցրեց, բայց այս գործը, պարզվում է, Նարեկի համար էլ է լավ սկիզբ եղել. «Մատուցողի գործում իրականում շատ մեծ դեր են խաղում  հաղորդակցման հմտությունները։ Marriott-ում հաղորդակցությունը շատ լավ մակարդակի վրա է»: 

Hexact-ի թիմին միանալուց հետո հաղորդակցության վրա է կենտրոնացել: 

«Կապ չունի թե ինչ բիզնես ես վարում, հատկապես թվային բիզնես, երբ դու երևում ես միայն օնլայն, պետք է ունենաս որակյալ ու ճիշտ կոնտենտ: Օնլայն բիզնեսում, ինչքան էլ քո պրոդուկտը լավը լինի, դու աչքի չես ընկնի, նույնիսկ չես նկատվի, եթե չունենաս դեմք, բովանդակություն, ասելիք», - ասում է Նարեկը: 

Բացի նրանից, որ Նարեկն իրականացնում է ամենօրյա թղթաբանությունն ու գործառնական մյուս հարցերը, պատմում է, որ Hexact-ին միանալուց հետո մեծ շեշտ են դրել բովանդակության ստեղծման վրա: «Գործին օգնել է փորձս: Այս գիտելիքներս գալիս են այն շրջանից, երբ ես կրեատիվ գործակալության հիմնադիր էի ու համասեփականատեր։ Գովազդ նկարահանելու և ստեղծելու փորձը հիմա օգտագործվում է Hexact-ում՝ մեր սեփական որակյալ վիդեո-կոնտենտն ունենալու համար»,- նշում է Նարեկը: 

Նա ասում է, որ մենեջմեթի ու մեդիամենեջմենթի տարիների փորձն օգնում է Hexact-ում պրոցեսները ճիշտ կազմակերպել, ուժեղացնել մեդիա ուղղությունը: Hexact-ն ունի իր ալիքը YouTube-ում, արտադրում է մեծ քանկությամբ տեսանյութեր, վիդեո-ուղեցույցներ, անիմացիաներ, դիզայն և այլն: «Այդ ամբողջ մեդիա բովանդակությունը պետք է ստեղծես, որպեսզի ընկերությունդ ունենա օնլայն ներկայություն, կարողանաս օգտակար լինել հաճախորդներին, ուղղորդել նրանց, բացատրել պրոդուկտն ինչպես օգտագործել: Ու մեր դեպքում սա բերում է իր հաջողությունները»: Hexact-ն արդեն 100K+ օգտատեր ունի, որովհետև լավ պրոդուկտը ճիշտ է ներկայացված և որովհետև թվային բովանդակությունը լրացուցիչ տրաֆիկ է բերում: Օրինակ, YouTube-ում կամ այլ հարթակներում օգտատերերը տեսնում, իմանում են՝ ինչպես օգտագործել Amazon-ի տվյալները Hexomatic-ի միջոցով. «Մարդկանց պետք է Amazon-ի ինֆորմացիան, բայց իրենք չգիտեն, ինչպես ստանալ դրանք մեծ ծավալներով, ինչպես օգտագործել, ինչ է Hexomatic-ը։ Տեսանյութ-ուղեցույցների շնորհիվ գրանցվում են և սկսում օգտագործել Hexomatic-ը՝ իրենց գործն ավելի արագ կազմակերպելու համար»,- նշում է Նարեկը։

Նարեկին շատ է օգնում նաև մենեջմենթի 7 տարվա աշխատանքային փորձը. նա PMCH Group-ի տնօրենն է եղել, որը Հայաստանի ամենամեծ մանկական մանրածախ առևտրային ցանցերից մեկն է: Իր թիմի հետ միասին ցանցը ստեղծել է զրոյից, ընդամենը մեկ բրենդից 5 տարվա ընթացքում հասցնելով 100-ի։ «Կարողացել ենք դառնալ շուկայում խոշորագույնը: Դա մեծ մարտահրավեր էր և կազմակերպչական մեծ փորձ։ Որպես Hexact-ի օպերացիոն տնօրեն ես շատ եմ օգտագործում ձեռք բերված այդ գիտելիքները, հատկապես օպերացիոն համակարգերի ներդրման գիտելիքները»,- ասում է Նարեկը։ Կրթությամբ Նարեկն ինժեներ է, ժամանակի ընթացքում բիզնես կրթության պակասը լրացրել է՝ անցնելով Հայաստանում Ամերիկյան համալսարանի Գործարար կառավարման մագիստրոսական ծրագիրը (MBA)։