Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ եւ որդու ուղեկցությամբ, այցելել էր Գյումրի՝ «պեռաշկի», եգիպտացորեն ու ձվածեղ ուտելու։ Նույն օրը եղել էին նաեւ Լոռիում ու Տավուշում, որտեղ էլ վառարանի վրա կարտոֆիլ էին խորովել-կերել։ Վարչապետի ընտանեկան լուսանկարների շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին, մարդիկ փորձում էին հասկանալ՝ ինչ նպատակ ունեն Աննա Հակոբյանն ու Փաշինյանը՝ հրապարակելով «պեռաշկի» ուտելիս ու հագուստի մեջ ծպտված ոչ էսթետիկ այդ լուսանկարները։ Ոմանք զայրանում էին, ոմանք` հիանում: Հասարակությունն այնքան է պառակտված, որ ցանկացած դիսկուրս վերածվում է երկու հակադիր ճամբարներում գտնվող մարդկանց գզվռտոցի: Եվ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե իշխանական զույգը հենց այդ նպատակն էլ հետապնդում է` «բաժանիր եւ տիրիր» սկզբունքի հանգույն:
Գյումրեցի պատգամավոր, վերջերս մանդատ ստացած Դավիթ Առուշանյանից երեկ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են գյումրեցիներն արձագանքել Փաշինյանի կիրակնօրյա այցին, արդյոք նրանց տեսնողներ եղե՞լ են, թե՞ գնացել էին զուտ լուսանկարվելու եւ հանրությանը ցույց տալու, որ իրենք էլ հասարակ քաղաքացիներ են՝ «պեռաշկի» ուտող, ու սրանով ընդամենը փիառ խնդիր էին լուծում: «Դուք զարմանո՞ւմ եք, որ վարչապետն իրեն պահում է սովորական մարդկանց պես եւ կարկանդակ է ուտում»,- մեր հարցերին հարցով հակադարձեց գյումրեցի պատգամավորը: Իսկ գուցե այդ ամենի իմաստը հենց այն էր, որ դուք նման հարցադրո՞ւմ անեիք՝ հակադարձեցինք պատգամավորին։ «Իհարկե՝ ոչ»: Իսկ դուք ինչո՞ւ ձեզ սովորական մարդկանց պես չեք պահում ու նման լուսանկարներ չեք տարածում։ «Ո՞վ ասաց»,- կրկին հակադարձեց պատգամավորը: Մենք չենք տեսել։
- Հասարակությունը միանշանակ չընդունեց Փաշինյանի եւ կնոջ լուսանկարները, շատերի համոզմամբ՝ դա փիառ քայլ էր` իբրեւ թե դերվիշի կերպարում ազատ շրջում են երկրով մեկ եւ հասարակ մահկանացուի նման են ապրում: Դուք տեղյա՞կ եք՝ գյումրեցիներն ինչպե՞ս են արձագանքել, եւ, ընդհանրապես՝ եղե՞լ են գյումրեցիներ, որ փողոցում զբոսնելիս այդ օրը տեսել են Փաշինյանին եւ կնոջը։
- Նախ ասեմ, որ վարչապետն ու իր տիկինը շատ քաղաքացիների պես որոշել էին իրենց կիրակին անցկացնել Գյումրիում, գիտեք՝ Գյումրիի պատմամշակութային արժեքները շատերին են բերում Գյումրի։ Եվ այս առումով զարմանալու ու արտառոց ոչ մի բան չկա։ Ես զարմանում եմ այն քաղաքացիների վրա, որոնք բուռն արձագանքեցին, զարմացան։ Չնայած, մյուս կողմից, հասկանալ կարելի է այդ մարդկանց, իրենք սովոր չեն, որ երկրի ղեկավարն իրեն պահում է հասարակ քաղաքացու պես, դուրս է գալիս փողոց, շփվում, գնում այլ քաղաքներ, ինչպես ՀՀ շատ ու շատ քաղաքացիներ։
- Բայց նույնիսկ հասարակ քաղաքացիներն այդքան ոչ ստանդարտ լուսանկարներ չեն հրապարակում՝ «պեռաշկի» ուտելիս, դեմքը փակ, հագուստի մեջ ծպտված եւ այլն: Չե՞ք կարծում, որ նման խեղճուկրակ կերպարով փորձ էր արվում այլ խնդիր լուծել, որովհետեւ Փաշինյանը վաղուց հրաժարվել է նախկին պարզ կենցաղից։ Եվ մենք ամեն օր հակառակի ապացույցներն ենք տեսնում` ուժեղացված թիկնազոր, արտերկրյա շրջագայություններ, թանկարժեք մեքենաներ, առանձնատան թանկ նորոգում եւ այլն:
- Ես հասկանում եմ, որ ոմանց համար դա ոչ ստանդարտ իրավիճակ է, մենք սովոր ենք եղել, որ երկրի ղեկավարները թանկարժեք ռեստորաններում ճոխ խնջույքներ կազմակերպեն, բայց այն մոտեցումները, որ 2018 թվականից ունեցել է պարոն Փաշինյանը, այժմ պետք է բոլորի համար սովորական լիներ։ Եթե Գյումրիում եղել եք, ապա կիմանաք, որ այդ սրճարանի կարկանդակներն ամենահամեղն են, Գյումրու բոլոր հյուրերն անպայման այցելում են այնտեղ ու վայելում են այդ կարկանդակները։
- Մարդիկ զուգահեռներ էին տանում վարչապետի եւ իր ընտանիքի գերթանկարժեք ծախսերի եւ այս խղճահարույց լուսանկարների միջեւ: Մամուլում բազում նյութեր կան, որոնք չեն համընկնում այդ օրվա լուսանկարների հետ։ Որ այդ քայլը փիառ նպատակով էր, դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Փաշինյանը պատերազմից հետո Երեւանի փողոցներում առանց ախրանայի եւ մարդկանց փողոցներից էվակուացնելու այլեւս չի կարողանում քայլել, անգամ Եռաբլուր է մտնում թիկնազորով եւ զոհերի ծնողներին մեկուսացնելով, նրան հնարավոր չէ որեւէ շարքային քաղաքացի հասնի: Իսկ կիրակնօրյա քայլով փորձում էին ցույց տալ, որ իրենք մեզնից մեկն են, հասարակ մարդկանց պես փողոցում քայլում են, «պեռաշկի» ուտում։
- Եռաբլուրի այցերի մասին, որոնք հիշատակում եք, պրոտոկոլով անվտանգությունը պարտավոր է նման իրավիճակ ապահովել, բայց կիրակի օրով քաղաքներ գնալը, չեմ կարծում՝ պետք է նույն մթնոլորտում անցնեն։
- Դուք տեղյա՞կ եք՝ գյումրեցիներին փողոցներից չե՞ն էվակուացրել, իրենց տեսնողներ եղե՞լ են, պատերազմից հետո գյումրեցիների վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ չի՞ փոխվել, այնտեղ «Նիկոլ՝ դավաճան» չե՞ն վանկարկում` Փաշինյանին տեսնելիս։
- Գյումրեցիները, բնականաբար, միշտ սիրով են սպասում եւ ընդունում Փաշինյանին։ Ես չեմ կարծում, որ վարչապետը հեռվացել է ժողովրդից, լուսանկարներից երեւում է, որ Երեւանի փողոցներում եւս զբոսնում են։ Վարչապետը որեւիցե խնդիր չունի՝ քաղաքացիների հետ շփվելու, քանի որ մեծամասնությունը վստահության քվե են տվել վարչապետին, իսկ եթե այցը լիներ պլանավորված, վստահ եմ՝ պլանավորված տհաճ վանկարկումներ էլ կլինեին։
ՀԳ․ Հարցազրույցից ժամեր անց Աննա Հակոբյանն իր էջում հրապարակեց իր եւ Փաշինյանի՝ տարբեր երկրների թանկարժեք ռեստորաններից լուսանկարներ, հերթական անգամ կից գրությամբ հեգնելով ու ծաղրելով ՀՀ քաղաքացիներին. «Խնդրեմ՝ գեղեցի՜կ, էսթետի՜կ, ա՜չք շոյող լուսանկարներ, մեր ծագումին համապատասխան լուսանկարներ...»։
«Մի երկու երկիր եղած, մի երկու գիրք կարդացած, մի երկու անգամ օպերա լսած, մի երկու ոստրե կերած միջին վիճակագրական հայ «ուսյալ-մտավորականը» ոչ միայն չի՛ սիրում, այլեւ ամաչո՛ւմ է միջին վիճակագրական հայ մարդուց, նրա տնից, նրա խանութից, նրա կերածից, նրա լսածից, առհասարակ Երեւանի փոքր կենտրոնից դուրս գտնվող ամեն ինչից։
Դրա համար էլ այն, ինչ մենք բնորոշում ենք որպես հայրենիքի հանդեպ սեր, ընդամենը նվնվոց է՝ ամբարտավանների, ինքնահավանների, ապրող հայրենիքից, ապրող քաղաքներից, ապրող հայրենակիցներից, նրանց կենցաղից՝ կարկանդակից, եգիպտացորենից, ռեստորանների երաժշտությունից ամաչողների, այդ ամենը չսիրողների, այդ ամենից իրենց «հեռացնողների» անհոդաբաշխ նվնվոց։ Որովհետեւ, եթե այդ ամենը չես սիրում, բա ի՞նչն ես սիրում։
Ասեմ ինչը՝ քանդված եկեղեցիները, որովհետեւ ուրիշն է քանդել, կորցրած քաղաքները, որովհետեւ ուրիշներն են ապրում այնտեղ, կոտորածի հուշարձանը, որովհետեւ ուրիշն է կոտորել, Մասիս սարը, որովհետեւ սահմանից անդին է։ Մի խոսքով այն ամենը, ինչը սիրելը չի ենթադրում պատասխանատվություն, հոգատարություն, ջանք, քրտինք, աշխատանք։ Ընդամենը՝ նվնվոց»։