Մեկ տարում պետությունը 101 միլիոն դրամ է վճարել դատարաններում արդարացվածներին

Պետական ռեսուրսների մի ահռելի քանակ ծախսվում է պետական մարմինների, այդ թվում` իրավապահ մարմինների վրա, որոնք այդ միջոցներն այնքան անփույթ են ծախսում, որ ավելի շատ մսխելու է նման: Այսօր կանդրադառնանք մի երեւույթի` երբ տարիներով քննիչներն ու դատախազները գործեր են քննում, անմեղ մարդկանց դեմ հանիրավի գործեր սարքում, որոնք գնում են դատարան եւ այնտեղ փլվում: Վերջում՝ բազմաթիվ զրկանքներ կրած մարդիկ արդարացվում են եւ անգամ մեծ փոխհատուցումներ են ստանում պետությունից` այդ ապաշնորհ ու անգրագետ քննիչ-դատախազների պատճառով։
Դրան գումարեն նաեւ Վարչական եւ քաղաքացիական դատարաններ դիմած քաղաքացիների հայցերը, որոնք վիճարկում են իրենց դեմ կայացված սխալ որոշումները կամ անարդար տուգանքները, աշխատանքից ապօրինի ազատման հրամանները եւ այլն։ Օրինակ, մեկին ազատել են պետական աշխատանքից, մարդը դիմել է դատարան, գործի քննությունը ձգձգվում է, տեւում է մի քանի տարի, վերջում դատարանը բավարարում է հայցն ու մարդը մի քանի տարի չաշխատելով` ամբողջ աշխատավարձը ստանում է: Ստացվում է, որ անօրինական կարգով նրան աշխատանքից ազատած պաշտոնյան պետբյուջեին այդքան վնաս է պատճառել։ Մեկ այլ խնդիր է՝ Եվրոպական դատարանի կայացրած որոշումները հօգուտ հայցվորներ, ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ասենք, եթե առաջիկայում Կարեն Անդրեասյանի կողմից պաշտոնից զրկված դատավորների հայցերը ՄԻԵԴ-ը բավարարի, նրանք իրենց չաշխատած այս բոլոր տարիների աշխատավարձը ստանալու են պետությունից, գումարած` ՄԻԵԴ որոշումներով սահմանված մի քանի հազար եվրո բարոյական վնասը կամ փաստաբանի ծառայությունների դիմաց վարձատրությունը։
Մենք տեղեկացանք, որ 2023-2024 թվականների ընթացքում` միայն քրեական գործերով արդարացված անձանց ընդհանուր հաշվով տրամադրվել է ավելի քանի 101 միլիոն դրամի փոխհատուցում։ Քաղաքացիական գործերով այս թիվը տասն անգամ ավելի մեծ է։ Դատախազության եւ քննչական մարմինների ոչ օրինական, անփույթ աշխատանքի հետեւանքով պետությունը հսկայական վնաս է կրում, եւ ոչ մի քննիչ կամ դատախազ դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։
Նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանին հարցրինք՝ սա արդյո՞ք պետական ռեսուրսի չարաշահում չէ՞, նա պատասխանեց․ «Ես վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց օրենսդրությունը պետությանը հնարավորություն է տալիս վարույթի հանրային մասնակիցներից և դատավորներից ռեգրեսիվ հայցով հետ պահանջել արդարացվածներին ու ապօրինի կալանավորվածներին իր կողմից վճարված փոխհատուցումների գումարները՝ կախված տվյալ սուբյեկտների «մեղավորության» աստիճանից։ Պրակտիկայում, իմ տեղեկությամբ, նաև եղել են նման հայցեր, որոնց արդյունքներից տեղյակ չեմ»։
Այսինքն՝ պետությունը կարող է քննիչին եւ դատախազին դատի տալ՝ իր սխալ աշխատանքի համար, որի հետեւանքով վնաս է կրել եւ քաղաքացուն փոխհատուցած գումարը գանձել սխալը թույլ տված պաշտոնյայից։ Սակայն նկատենք, որ պրակտիկայում նման դեպքեր չեն եղել, կամ այնքան հազվադեպ են եղել, որ հանրությանը ծանոթ չեն։ Ասլանյանը նմանատիպ 1-2 դեպք հիշեց` հեռավոր 2017-ից․ «Դեռևս 2017 թվականին հիշում եմ, որ ֆինանսների նախարարությունը հայց էր ներկայացրել դատախազներից 1-2-ի նկատմամբ»։
Կարծիքներ