Մի՛ կեղծիր

Մի՛ կեղծիր

Միշտ լավ չէ, երբ խոսքը կտրվում է իրեն սնող «միջավայրից»՝ համատեքստից, և «մերկ» ներկայացվում։ Դրանից գուցե ոչ ոք չի տուժում, բայց ճշմարտությունը տուժում է հաստատ։ Առավել ևս, երբ համատեքստից խոսքը կտրվում է այնպես, որ ավերում է նաև համատեքստը՝ այն վերածվելով կիսաճշմարտության՝ առավել վատ, քան սուտն ու կեղծիքը։ Բայց՝ մարդ ենք, բոլորիս հետ էլ պատահում է։ 

Սակայն եթե այդ բանը պատահում է իշխանական համարում ունեցող լրատվամիջոցի հետ, ընդ որում՝ պատահում է պարբերաբար, դա արդեն շատ վատ է։ Որովհետև խոսքն այս դեպքում, կամա թե ակամա, երկրի ղեկավարի մասին է, որը ժամանակ է գտնում (լրիվ «հայկական») ոչ միայն խմբագրականներ գրելու, դեռ մի բան էլ ձեռնածություններ անելու փաստերի հետ։
«ՀԺ»-ի վերջին՝ «Բանակով հպարտանալու իրավունքը» խմբագրականի ոչ անհայտ հեղինակն ահա թե ինչպես է «խմբագրում» ուրիշի խոսքի․․․ համատեքստը։ Խոսելով Տավուշյան դեպքերի և մասնավորապես մեր կողմից գրավված բարձունքի մասին՝ նա ասում է․ «Խնդիրը, սակայն, դա չէ։ Դե հիմա բարձունքներ են՝ կորցրել էին (Սերժ Սարգսյանը հաստատ մի պատճառ կգտներ, օրինակ՝ կասեր, որ Տավուշում էլ 70-ական թվականների զենքով էինք կռվում)»։ 

Ուշադրություն դարձնենք խմբագրականի վերոբերյալ նախադասության թեթև տոնին՝ «դե հիմա», ինչպես նաև «կորցրել էին» երրորդ դեմքով ձևակերպմանը, որից հստակ երևում է խոսողի հոգեբանական օտարվածությունը «կորցրած բարձունքներից»․․․ Եվ այդ ամենն իր  թեթևությամբ ուղղակի ապշեցնում է։ Բայց առավել ապշեցուցիչ է այն կեղծ համատեքստը, որ խմբագրականի հեղինակը սարքում է նախկին նախագահ Ս․ Սարգսյանի գլխին («Սերժ Սարգսյանը հաստատ մի պատճառ կգտներ․․․»)՝ վերջինիս հնչեցրած մի արտահայտության համար՝ «80-ականների զենքով կռվելուն» վերաբերող։

2016 թ․ ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ս․ Սարգսյանը բառացիորեն ասել է հետևյալը․ «Այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս 3 օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ` ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ` այն հավատի, որ կա հայ ժողովրդի մեջ, այն է` ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Այո, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս 3 օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում»: Սա է այն համատեքստը, որում հնչել է երրորդ նախագահի խոսքը, և այդ համատեքստում «բարձունքներ կորցնելու» վերաբերյալ արդարացման որևէ շեշտ չկա, դրա մասին ակնարկ իսկ չկա, ինչը խմբագրականի հեղինակն առանց վարանումի վերագրում է Ս․ Սարգսյանին։ Եվ դա պատահական, հպանցիկ վերագրում չէ․ դա մարդուն վարկաբեկելու նպատակով նրա խոսքն ուղղակի նենգափոխող, շինծու և քինախնդիր հայտարարություն է։

Եվ մի՞թե ակնհայտ չէ, որ իշխանության ղեկին հայտնված  մարդու մոտ ավելանում են դեպքերը, երբ ինքը սխալ է, Սերժը՝ ճիշտ։