Ոստիկանությունը խստացնում է վարորդների սթափության աստիճանը որոշելու կարգը

Ոստիկանությունը խստացնում է վարորդների սթափության աստիճանը որոշելու կարգը

Կառավարության ասօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող նախագծերից մեկով ոստիկանապետ Վահե Ղազարյանն առաջարկում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձա­նագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ՝ այդպիսով խստացնելով վարորդների սթափության աստիճանը որոշելու կարգը։ Նախագծով առաջարկվում է որոշման N 1 հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով. «12.1. Քաղաքացու դիմումի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է միայն վարորդից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով»։

Բացի այդ որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «(բացառությամբ քաղաքացու դիմումի հիման վրա իրականացվող զննության դեպքերի)» բառերով։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաճախ են այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողի կողմից արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննությունից հետո ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ներկայացել է բուժհաստատություն և նույն եղանակով անցել սթափության վիճակի զննություն:

Բուժհաստատության կողմից արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության արդյունքում տեխնիկական սարքի միջոցով արձանագրություն չի տպագրվում, իսկ իրավասու բժշկի կողմից կազմված արձանագրության համաձայն՝ հիմնականում վարորդը գտնվել է սթափ վիճակում կամ ալկոհոլի պարունակությունը չի հատել վարչական տույժ նախատեսող սահմանը, այնինչ, ոստիկանության ծառայողի կողմից նույն եղանակով զննության արդյունքում վարորդի արտաշնչած օդի մեջ արձանագրվել է ալկոհոլի անհամեմատ բարձր պարունակություն: 

«Նմանատիպ հանգամանքներում ոստիկանության ծառայողի կողմից կայացված որոշումները դատական կարգով բողոքարկելիս բեկանվում են՝ ապացույցների անբավարարության հիմնավորմամբ (նույն եղանակով զննության արդյունքում բուժհաստատության տրամադրած արձանագրությունն ընդդեմ ոստիկանության ծառայողի տեխնիկական սարքի զննության արձանագրության): Վարորդը բուժհաստատության կողմից տրված զննության արձանագրությունը վարչական մարմին է ներկայացնում բողոքարկման վարույթի ընքացքում՝ օրեր անց, ինչը հնարավորություն չի ընձեռում վարչական մարմնի կամ դատարանի կողմից  ստուգել բուժհաստատության տրամադրած զննության արձանագրության իսկությունը և բժիշկը կարող է պնդել իր կազմած արձանագրության բովանդակությունը՝ հասկանալով, որ որևէ հնարավորություն չկա այն ստուգելու: Նշված պրակտիկան հնարավորություն է տալիս իրավախախտ վարորդին այդ կերպ խուսափել տույժից, իսկ բժշկի անբարեխիղճ աշխատանքը թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում հնարավոր չէ ապացուցել»,-ասված է նախծագծի հիմնավորման մեջ։

Որոշման համաձայն՝ սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը: Նախագծի ընդունման արդյունքում բժիշկը հնարավորություն չի ունենա արձանագրելու իրականությանը չհամապատասխանող արդյունք՝ հաշվի առնելով, որ կասկածի դեպքում պահպանված փորձանմուշները կարող են ուղարկվել փորձաքննության՝ արյան կամ մեզի մեջ ալկոհոլի պարունակությունը պարզելու համար: