ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԻ ՆԵՐՔՈ՞

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԻ ՆԵՐՔՈ՞

«Հրապարակի» ընթերցողները երևի կհիշեն, որ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբին Արևմուտքում սկիզբ առան միջուկային պատերազմի վերաբերյալ խոսակցություններ: Հիմքը դրվեց ՌԴ նախագահի այն արտահայտությամբ, որ եթե չլինի Ռուսաստանը, ապա աշխարհն էլ կարող է վերանալ: Այդ նույն ժամանակ Արևմուտքում խոսվում էր հաղթական պատերազմի արդյունքում Ռուսաստանի գործող իշխանությունը տապալելու և երկիրը մասերի բաժանելու հնարավորության մասին: Ինչին պետք է նպաստեր ՌԴ-ի նկատմամբ արևմտյան սանկցիաների հետևանքով ռուսական ռուբլու փոխարժեքի, իսկ այնուհետև ողջ տնտեսության սրընթաց գահավիժումը: Մի պահ թվաց, թե այդ կանխատեսումները կյանքի են կոչվում. ռուբլու փոխարժեքն ընկավ մինչև 130 նիշ (1 ԱՄՆ դոլարի դիմաց), ինչն ԱՄՆ տնտեսական վերլուծաբաններին ենթադրել տվեց, որ շուտով կհատի նաև 200-ի սահմանը: Ինչն էլ, ի դեպ, բարձրաձայնվեց ԱՄՆ նախագահի կողմից: Սակայն այդ կանխատեսումները չիրականացան, և շատ արագ փոխարժեքը վերականգնվեց և նույնիսկ արժևորվեց ավելի, քան առկա էր նախքան պատերազմը: Ինչին նպաստեց տնտեսական սանկցիաների պատճառով նավթի և գազի գների կրկնակի, եռակի և նույնիսկ քառակի բարձրացումը: Եվ տնտեսության գահավիժման փոխարեն ՌԴ-ն դրանց արտահանումից ստացավ բազմամիլիարդ դոլարային եկամուտներ: Ընթացքում դադարեցին նաև միջուկային պատերազմի վերաբերյալ խոսակցությունները, քանի որ միջուկային զինանոցն օգտագործելու կարիքն ուղղակի չկար: Դանդաղորեն, սակայն համառորեն ՌԴ հատուկ զորաբանակը Դոնեցկի և Լուգանսկի ինքնապաշտպանական (միլիցիայի) ջոկատների հետ միասին սկսեց շարժվել դեպի Ուկրաինայի խորքը: Ի դեպ, ուշ միջնադարում «միլիցիա» եզրն առաջին անգամ օգտագործվել է Անգլիայում որպես ոչ կառավարական զորական միավորման տեսակի անվանում: Զարմանալի է մարդկային տրամաբանությունը. այն ժամանակ, երբ դեռևս խոսվում էր միջուկային պատերազմի հնարավորության մասին, արևմտյան երկրները խուսափում էին Ուկրաինային մատակարարել ծանր տեխնիկա: Սակայն երբ այդ խոսակցությունները դադարեցին՝ սկսվեցին ծանր տեխնիկայի հատկացումները՝ միակ բացառությունը ամերիկյան չորրորդ սերնդի, Ֆ16 կործանիչներն են և հեռահար հրթիռները: Իսկ նոր մատակարարումները նպաստում են պատերազմի անընդհատ ձգձգմանը՝ նորանոր զոհերով ու Ուկրաինայի նորանոր տարածքների ավերմամբ: Գիտակցելով հանդերձ վերն ասվածը՝ Արևմուտքը շարունակում զինել և վարժեցնել ուկրաինական բանակը: Արևմուտքից Ուկրաինա սպառազինության անընդհատ հոսքը բերում է նրան, որ որոշ հրամանատների ծախվածության շնորհիվ ժամանակակից արևմտյան զինատեսակները հայտնվում են ռուսական կողմում, իսկ ավելի հաճախ՝ զենքի անօրինական վաճառքի (սև) շուկայում: Պատերամի մեկ այլ արդյունքն այն է, որ Արևելյան Եվրոպայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համարյա ամբողջովին ազատվեցին խորհրդային արտադրության հին զինատեսակներից՝ ԱՄՆ-ից նորը ստանալու ակնկալիքով: Չբավարարվելով ՌԴ նկատմամբ սանկցիաներ կիրառելով և Ուկրաինային զինելով՝ Միացյալ Նահանգները Սենատը հաստատել է մի բանաձեւ, որը Պետդեպարտամենտին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր պետություն: Ներկայումս Պետդեպարտամենտի կողմից «շնորհված» նման կարգավիճակ ունեն Հյուսիսային Կորեան, Սիրիան, Կուբան և Իրանը: Սակայն, ինչպես արձանագրել է New York Times ամերիկյան պարբերականը, ինչը թարգմանաբար ներկայացրել է ռուսական լրատվական կայքերից մեկը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «այնքան էլ վստահ չէ» այդ հարցում: Վերջինս մի քանի շաբաթ առաջ կողմ էր դրան, սակայն հետո սկսել է տատանվել, քանի որ դա, նախ, կհանգեցներ ՌԴ-ի հետ առևտուր անող ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն: Երկրորդ՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կդադարեցվեին դիվանագիտական վերջին շփումները: Ինչն, օրինակ, այս օրերին տեղի է ունենում ռուսական և ամերիկյանում բանտերում պահվող անձանց փոխանակման նպատակով: Սակայն, ըստ նույն աղբյուրի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին (վերջինս հայանպաստ բանաձևերի բազմամյա աջակիցն է) հայտարարել է, որ Կոնգրեսն ինքնուրույն կերպով Ռուսաստանը կներառի ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում: Համապատասխան բանաձևն արդեն ներկայացվել է մի խումբ դեմոկրատ կոնգրեսականների կողմից: Ինչպես երևում է, դեմոկրատ կոնգրեսականները շատ ավելի ռազմատենչ են, քան գործադիրում գտնվողները, և իրենց ռազմատենչությամբ կարող են նպաստել երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմանը: Բայց եթե նույնիսկ աշխարհը խուսափի նման ճակատագրից, հասկանալի է, որ այդ օրենքն առաջին հերթին հարվածելու է Հայաստանին, որը գտնվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ԵԱՏՄ-ում: Եվ այդ ժամանակ ԱՄՆ-ը ոչ թե կօգնի Հայաստանին 8 րոպեում՝ ինչպես համոզված են արևմտամետ բևեռականները, այլ կնպաստի մեր երկրի՝ թուրքական վիլայեթի կամ ռուսաստանյան մարզի վերածվելուն: