Հայասպան Սաֆարովին ազատություն շնորհած երկրի հետ դիվանագիտական հարաբերություննե՞ր

Հայասպան Սաֆարովին ազատություն շնորհած երկրի հետ դիվանագիտական հարաբերություննե՞ր

ԱԳՆ-ի կայքում կարդացինք. «Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը….Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Հունգարիայի հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։

Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը»։

Հիշենք, թե ինչու են Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները կասեցվել. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2004 թվականի սկզբին հայ սպա Գուրգեն Մարգարյանը, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին, փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը կացնի 16 հարված էր հասցրել նրա դեմքին։

Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է, որ ինքը ձայներից շրջվել, տեսել է ադրբեջանցուն՝ մեծ կացինը ձեռքին՝ կանգնած Մարգարյանի անկողնու մոտ: «Այդ ժամանակ ես հասկացա, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին: Սաֆարովը գնացել էր հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել, միջանցքում հանդիպել էր աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, առաջարկել էր միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել։ Մարդասպանն՝ արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել եւ նա չի կարողացել կոտրել, սկսել է բարձր գոռալ, թե բոլոր հայերին սպանելու է: 

Սպանությունից հետո բերման ենթարկված ադրբեջանցին նախնական ցուցմունքում ասել էր, թե իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէր, այլ ողջ հայ ազգի: Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցավ Հունգարիայում։ Բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ ճանաչեց, ու դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրեց Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ նա այդպես էլ չգիտակցեց իր արածը։ 2012-ին Հունգարիայի կառավարությունը՝ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, Ադրբեջանին արտահանձնեց հայ սպային կացնահարած  Սաֆարովին: Դա եղավ ֆինանսական կեղտոտ գործարք՝ Ադրբեջանը մեծ գումարներով  հունգարական պարտատոմսեր գնեց և գնեց Սաֆարովի ազատությունը, գնելով Հունգարիայի արդարադատությունը…Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, բայց նույն օրն էլ նրան ներում շնորհվեց, նա բնակարան նվեր ստացավ, կոչումը բարձրացվեց մինչ մայոր՝ ութ տարվա աշխատավարձ վճարեցին, այն տարիների դիմաց, որը նա անցկացրել է անազատության մեջ։ Սաֆարովն այսօր ադրբեջանցիների ազգային հերոսն է, նա հպարտորեն ազերի դպրոցականներին պատմում է, թե ինչպես է կացնահարել հային՝ քնած մարդուն: Իսկ բարոյապես լքված և հիվանդ ադրբեջանական պետությունում հայասպանությունը հերոսություն է համարվում:

Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած արտակարգ խորհրդակցությունից հետո Հայաստանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը կասեցնելու մասին:

Հունգարիայի իշխանությունների նման որոշումը խստորեն քննադատվեց միջազգային հանրության, տարբեր կառույցների, շատ երկրների դիվանագետների և խորհրդարանականների կողմից: Հունգարական կառավարությանն իրենց ցասումը հայտնեցին նաև հունգարացիները, որոնցից ոմանք սոցցանցերում գրում էին, որ այս արարքից հետո ամաչում են հունգարացի լինելու համար և ներողություն էին խնդրում հայ ժողովրդից: Այդուհանդերձ, Հունգարիայի ԱԳՆ և արդարադատության նախարարությունների տարածած հաղորդագրությունները, իսկ հետո նաև Սահմանադրական դատարանի ներողությունը ուշացած էին. մարդասպանը ոչ միայն ազատության մեջ էր, այլև հերոսացված` հայրենիքում:

Եւ հիմա՝ 10 տարի անց հեղափոխականների կառավարությունը որոշել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ի՞նչ է փոխվել. այդ երկրի կառավարությունը նույնն է, վարչապետ Օրբանը իր պաշտոնին է ու մինչ օրս Հայաստանից ներողություն չի խնդրել: Այդ մեզ մոտ է ամեն ինչ փոխվել. Մեզանում է նվազել ազգային արժանապատվությունը եւ մեր դիվանագիտությունն է դարձել անպետք լաթի կտոր: Սա մեծ անարգանք է Գուրգեն Մարգարյանի, եւ, առհասարակ, հայ սպայի, զինվորականի հիշատակի հանդեպ։ Սա ոչ թե հավասար պայքարում, մարտի դաշտում զոհի հանդեպ հարգանք է, այլ մարդը նենգաբար, գազանաբար հոշոտվել է միայն մի բանի համար, որ ինքը հայ է…