Եթե ոստիկանապետին պաշտոնանկ չանեն, կնշանակի բռնությունը խրախուսվում է վերեւից

Եթե ոստիկանապետին պաշտոնանկ չանեն, կնշանակի բռնությունը խրախուսվում է վերեւից

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն այն 35 ՀԿ-ների շարքում է, որոնք այսօր առավոտյան հայտարարություն են տարածել` պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը: Պատճառը նախօրեին Եռաբլուրում զոհվածների հարազատների նկատմամբ կիրառված բռնությունն է: «Հրապարակը» զրուցել է կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանի հետ:

- Դուք ևս պահանջում եք Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում բռնությունը ոստիկանապետի մակարդակո՞վ է խրախուսվում, անմիջապես նրանի՞ց է եկել հրահանգը: Որքանո՞վ է ոստիկանապետը մեղավոր կատարվածում:

- Դա կլինի քաղաքական որոշում, որ այդ կերպ գոնե այս իշխանությունները փորձեն իրենց կեղտոտ երեսը լվանալ: Գոնե ցույց կտան, որ նման հրաման չի իջել ամենաբարձր ամբիոնից, այլ ոստիկաններն ուղղակի այդպես վարվել են ինքնագլուխ, կամ ոստիկանապետի հրամանով, իսկ մեղավորը կենթարկվի պատասխանատվության: Ոստիկանապետի փոփոխությունը քաղաքական մեսիջ է, որ Հայաստանում բռնությունն անպատիժ չի կարելի թողնել: Եթե դա տեղի չունենար, կնշանակեր, որ բռնությունը խրախուսվում է:

- Բայց ինչո՞ւ եք ուզում, որ Նիկոլ Փաշինյանն, ինչպես Դուք նշեցիք, իր կեղտոտ երեսը լվանա, գուցե նրան բռնարարի կերպարը դո՞ւր է գալիս:

- Այսինքն, մենք չմտահոգվե՞նք, որ մեր երկրում բռնությունը հովանավորվում է:

- Կարծում եք միակ բռնարարը Վահե Ղազարյա՞նն է:

- Ես ենթադրում եմ, որ ոչ, սակայն եթե իշխանությունները փորձում են մեզ հակառակն ապացուցել, ապա առնվազն պետք է փոխեն ոստիկանապետին, որպեսզի ցույց տան, որ իրենք չեն դրա հովանավորը: Ես շահագրգռված եմ, որ Հայաստանում բռնությունը բացառվի: Որքան էլ այս իշխանություններն անընդունելի լինեն մեզ համար, այնուամենայնիվ, լավ կլինի, որ նրանք բռնությունների հովանավոր չդառնան: Ծայրահեղությունների գիրկն ընկնելով, բոլոր ընդդիմախոսների բերանները նման կերպ փակելով խրախուսվում է բռնությունը:

- 35 հասարակական կազմակերպություններն այդ թվում` Ձեր ՀԿ-ն ունի՞ ոստիկանապետի այլընտրանք, թեկնածու:

- Չէ, իհարկե չունենք: Ինչո՞ւ պետք է ունենանք, ես հո ինչ-որ մեկի փիարով զբաղվող չեմ: Մենք բացարձակ շահագրգռված չենք, որ ինչ-որ մեկը դառնա պաշտոնյա, մեր ասածն այն է, որ թերացողը պետք է հեռանա:

- Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ այցելում է Եռաբլուր և ամեն անգամ նույն տեսարաններին ենք ականատես լինում: Նրա այս քայլին ի՞նչ գնահատական կտաք:

- Ենթադրում եմ, որ դա էլ արարողակարգ է, իսկ Հայաստանն այն վիճակում չէ, որ տոնակատարություններ անի: Ամենահարմարն իրենց համար Եռաբլուր գնալն է: Այլ հարց է, որ նա գիտի, որ նման միջադեպեր կարող են լինել, թեկուզ ընդդիմության հրահրմամբ և դարձյալ որոշում է գնալ Եռաբլուր: