Չերչիլը պապդ չի, որ ասածը ոնց ուզես «դզես-փչես»
Արփի Դավոյանը ՔՊ-ի ու ազգային ժողովի իշխանական թևի մարմնավորման խորհրդանիշն է, որտեղ ամեն ինչի մասին մոտավոր են խոսում։ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն անգամ առ այսօր մոտավոր է, իրենց պատկերացումներով։ Իրենք խոսում են հենց այնպես՝ մոտավոր, վերացական, կոնկրետությունից զուրկ։ Դրանց մի մատաղի ոչխար տաս, կոնկրետ, գեղավարի կմաշկեն, ուտեն, բայց երբ մի հարց է բարձրաձայնվում, պատառաքաղը վերցնում ու դատարկ ափսեների շուրջ ծնգծնգացնում են։
Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արփին Ուինսթոն Չերչիլից էր մեջբերում արել։ Իրեն այնքան էր իրավունք վերապահել, որ Չերչիլի ասածն էր խմբագրել։ Ձևակերպել էր մոտավոր․ «Ամեն հաչող շան հետևից որ քար նետես՝ տեղ չես հասնի»։
Պատգամավորը, երբ մեջբերում է անում նման քաղաքական գործչից, հարգանք պիտի ունենա և այդ մարդու ասածը բառացի մեջբերի և ոչ թե ձևափոխի։ Չերչիլը իր պապը չի, որ ասածը ոնց ուզի «դզի- փչի»։ Ուինսթոն Չերչիլն ասել է․ «Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք»: Խոսքը Արփիի փնթիության մեջ է, ամեն ինչ ափալ- թափալ, փնթի ձևով վերցնել ու մաշկել, օգտագործել։ Չերչիլի ասածը վեհ նպատակի մասին է, իսկ իր ձևափոխածը մարդկանց վիրավորելու, նվաստացնելու համար։ Ու ամենակարևորը՝ Արփին ու՜ր, վեհ նպատակն ու՜ր։ Այդ ասացվածքը խմբագրել ու իր թիմի անունից կարող էր ավելի հարմար տեղ օգտագործել։ Ադրբեջանի նախագահը երեկ Հայաստանը՝ մարզ առ մարզ հոշոտում էր՝ Կապան Գորիս, Ջերմուկ, Սևան։ Հոխորտում ու ասում էր, որ ամեն ինչ իրենն է։
Արփին կարող էր իր ձևափոխած ասացվածքը տեղը տեղին օգտագործեր՝ «Ամեն հաչող շան հետևից որ քար նետես՝ տեղ չես հասնի»։ Ալիևն իրե՞նցն է։ Խնայու՞մ է։ Կամ իրենք քար են նետում միայն Հայաստանի ուղղությամբ:
Կարծիքներ