Գուրգեն Արսենյանը փորձում է Կիրիենկոյի վրա ե՞լք գտնել

Գուրգեն Արսենյանը փորձում է Կիրիենկոյի վրա ե՞լք գտնել

Ереванский наблюдатель անվանումով տելեգրամյան ալիքը, որը հաճախ է անդրադառնում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին երեկ մի հրապարակում էր արել.

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կաշվից դուրս է գալիս՝ փորձելով ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի վրա ելք գտնել, ով համարվում է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության նոր համակարգողը։ Դեսպանատան աշխատակիցները դուրս են եկել աբխազահայերի վրա` Կիրիենկոյի սովորությունների և նախասիրությունների մասին տեղեկություններ ստանալու համար։ Եւ այդ խորհրդատվություններից հետո ստիպված են եղեկ հրաժարվել նրան մի արկղ հայկական կոնյակ նվիրելու մտքից, որը թվում էր ամենապարզ և տրամաբանական լուծումը։ Արսենյանը նաև անտեղի, չափազանց աչք ծակող նվեր է համարել Հայ Առաքելական Եկեղեցու Մոսկվայի թեմի կողմից պատրաստված թանկարժեք քարերով ոսկե շրջանակով հին սրբապատկերը։

Դեսպանատունը ներկայումս բանակցություններ է վարում մոսկովյան կոլեկցիոներներից մեկի հետ՝ Մարտիրոս Սարյանի` ավելի քան 19 միլիոն ռուբլի արժողությամբ կտավը գնելու վերաբերյալ։

Միեւնույն ժամանակ Կիրիենկոյի հետ հանդիպելու հավանականությունը մեծ հարցականի տակ է, քանի որ Արսենյանի բոլոր փորձերն ավարտվում են քաղաքավարի կերպով նրան Արտաքին գործերի նախարարություն ուղղորդելով»:

Մեզ չհաջողվեց կապվել Գուրգեն Արսենյանի հետ, բայց հարց ուղղեցինք նրա ընկերոջը` Արա Սահակյանի` որքանով են այս տելեգրամ ալիքում նկարագրած իրադարձությունները մոտ իրականությանը:

Նա մեզ պատասխանեց. «Գուրգեն Արսենյանը նկարագրված սյուժեներից ոչ մեկում չի տեղավորվում` ըստ սահմանման։ Չեմ էլ կարծում, թե այդ հեքիաթները հյուսվում են հայկական միջավայրում, քանի որ դա անպատվաբեր է մեր համայնքային կառույցների համար ու հակասում է նրանց բուն կոչմանը։ Համաշխարհային քաղաքական ու տնտեսական կենտրոն հանդիսացող Մոսկվայում հավատարմագրված Հայաստանի դեսպանի շուրջ հորինված այս պատմությունը, ըստ ամենայնի, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի դրվագ է, և չպետք է նման դրսևորումները լուրջ դեմքով տարածել։ Անտեսե'ք, դա կլինի լավագույն արձագանքը», - այսպիսին էր Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանի պատասխանը: 

Արեգ Մարգարյան