«Հրապարակ». Արտահերթ՝ ոչ հրատապ, բայց ականջահաճո նախագծերով

«Հրապարակ». Արտահերթ՝ ոչ հրատապ, բայց ականջահաճո նախագծերով

Ազգային ժողովի հերթական նստաշրջաններից հետո, որպես կանոն, գումարվող արտահերթ նիստերի ժամանակ սովորաբար իշխանությունն օրակարգ է բերում կիսատ մնացած նախագծեր, որոնք առաջին ընթերցում են անցել, հետո ուղարկվել լրամշակման: Կամ այնպիսիք, որոնք ամառվա տապին փորձում են մեկ օրվա մեջ սղղացնել: Սակայն ուշագրավ է, որր հուլիսի 11-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված 13 հարցերի կեսը նոփ-նոր նախագծեր են, զարմանալիորեն՝ ոչ սղղացնելու ենթակա: Դրանք առաջինից երկրորդ ընթերցում պետք է անցնեն 24-ժամյա ռեժիմով ու օրենքի տեսք ստանան։ Թեեւ չկա դրանց ընդունման հրատապություն, բացառությամբ վարկային պայմանագրի, սակայն դրանք, կարելի է ասել, ժողովրդահաճո փոփոխություններ են, որոնցով իշխող վարչակարգը թերեւս փորձում է ցույց տալ, որ աշխատում է հասարակության բարեկեցության համար: Իսկ այդ փոփոխությունները կյանքի կկոչվեն, թե ոչ` հարցի մյուս կողմն է։

13 նախագծերից միայն երեքն են երկրորդ ընթերցում անցնելու, 2 հարց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությանն է վերաբերում, վարկային համաձայնագիրը, որի ժամկետը երրորդ անգամ որոշել են երկարաձգել, Հայաստանի եւ ԱԶԵԲ-ի միջեւ է։ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի համաձայն՝ վարկի փակման ժամկետը 2023թ. դեկտեմբերի 31-ն էր, երկարացվում է մինչեւ օգոստոսի 1-ը, մնացածը նոր նախագծեր են։ Դիցուք՝ մեկը վերաբերում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին։ Փաշինյանը թերեւս հետեւություններ է արել սրբազան պայքարից ու արցախցիների աննախադեպ ակտիվությունից եւ որոշել է արցախցիների մի խմբի աշխատանքի տեղավորման խնդրով զբաղվել, որ փողոցից հետ պահի։ Ըստ նախագծի՝ ԱՀ նախկին ԱԱԾ-ականներին հնարավորություն կընձեռվի աշխատել ՀՀ ԱԱԾ-ում, այդ թվում՝ ավագ սպաներին։ Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը բավարար հիմք չէր ՀՀ ԱԱԾ-ում զինվորական պաշտոնի նշանակվելու համար, այս օրինագծի ընդունմամբ, այդ արգելքը կվերացվի։

Օրակարգում է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները։ Գործող կարգավորումներով՝ զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը, կամ հայտարարված զորակոչի շրջանակներում այդ զորամասը ենթակա է համալրման: Փոփոխության հեղինակները կարծում են, որ գործող կարգավորումները որոշակի դժգոհությունների առիթ են տալիս զինծառայողների ծնողների շրջանում: Միաժամանակ, արձանագրվել են դեպքեր, երբ զորակոչվող անձի եղբոր զորամասում նախատեսված է եղել համալրում, սակայն միայն կոնկրետ պաշտոններում նշանակելու համար, բայց զորակոչվող անձը չի ունեցել նման մասնագիտացում, ասենք՝ վարորդի։ Առաջացած խնդիրները լուծելու նպատակով, նպատակահարմար է 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս եւ որոշ այլ փոփոխություններ իրականացնել օրենքում:
«Բացի այդ՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառությունն անցկացնող քաղաքացիների համար՝ ուսումնառության ընթացքում պարտադիր զինծառայությունից ազատման կամ առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու պատճառով տարկետման դեպքում սահմանվում է նրանց նկատմամբ օրենքով սահմանված տուգանքը չկիրառելու պայմանը, ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպայական կազմից զինծառայողին հատկացված ծառայողական բնակարանը որպես սեփականություն տրամադրելու իրավունք է սահմանվում նաեւ մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինծառայությունից արձակվելու դեպքում»։

Ինչպես նաեւ հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Հաջորդ նախագիծը «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» է: Նախագծով առաջարկվող հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող ազատազրկման դատապարտված անձինք պատիժը կկրեն բուժական քրեակատարողական հիմնարկում, այսինքն՝ նախատեսվում է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ։ Նախատեսվում է, որ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են ինչպես հիվանդանոցային բուժման եւ խնամքի կարիք ունեցող, այնպես էլ վարակիչ կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ ունեցող դատապարտյալները:

Օրակարգային հարցերից մեկն էլ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որի ընդունման արդյունքում կամրագրվի ՀՀ կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու իրավունքը։

Առողջապահության ոլորտին վերաբերող նախագիծ էլ կա․ իշխանությունները որոշել են հեշտացնել հղիության արհեստական ընդհատման գործընթացը։ Գործող օրենքով միայն հիվանդանոցային պայմաններում եւ համապատասխան գործիքային մեթոդներով է թույլատրվում ընդհատել հղիությունը՝ աբորտ անել, իսկ ՔՊ-ականների հեղինակած նախագիծը հնարավորություն է տալիս մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել դեղորայքային արհեստական ընդհատում գինեկոլոգիական լիցենզիա ունեցող կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում։

Խորհրդարանում նաեւ ընտրություն կլինի։ Մրցութային խորհուրդը չորրորդ փորձից ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուի։

Մեկը հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է, ում ՔՊ-ն անցած տարեվերջին չընտրեց: Թերեւս հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին մերժելու պատճառով: Երկրորդ թեկնածուն Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ, իրավաբան Վաղարշ Աղաբեկյանն է։