«Մի հատ խուժան, խուլիգան, ղումարբազ, պլանքյաշ տղա ա»․ գողացել են անասունները

«Մի հատ խուժան, խուլիգան, ղումարբազ, պլանքյաշ տղա ա»․ գողացել են անասունները

Կոտայքի մարզի Զովունի համայնքի՝ ազգությամբ եզդի Քալաշ Ամարյանը բաց նամակով դիմել է վարչապետին։ Ամարյանը նամակում նշում է, որ գողացել են իրեն պատկանող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասունները՝ իրեն պատճառելով շուրջ 10 միլիոն դրամի վնաս։ Ամարյանը նշել է նաև, որ դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին, սակայն կարծքում է, որ քննությունը օբյեկտիվ չի ընթանում.

«Մեծարգո վարչապետ,Սույն թվականի օգոստոսի 5-ին գրավոր տեսքով Ձեզ էի դիմել իմ խնդրի շուրջ, սակայն մինչ այսօր որևէ պատասխան չեմ ստացել, հետաքրքիր է ինչո՞ւ: Այնուամենայնիվ կրկին Ձեզ եմ դիմում այս անգամ արդեն բաց նամակի տեսքով, տեղեկացնելով այն մասին, որ սույն թվականի հուլիսի 23-ի գիշերը, ժամը 23:00-ից 2:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արագածոտնի լեռներում գտնվող ինձ պատկանող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ պատճառելով 8-10 միլիոն ՀՀ դրամի վնաս: Նշեմ, որ ես անմիջապես հուլիսի 24-ին ներկայացել եմ  Աշտարակի ոստիկանություն և հայտնել գողության փաստի մասին, որից հետո հարուցվել է քրեական գործ:

Կա կասկածյալ, ում մասին ես արդեն տեղեկացրել եմ ոստիկանությանը, սակայն մինչ օրս ոստիկանությունը որևէ միջոցառում չի ձեռնարկում գործի օբյեկտիվ քննությունը շարունակելու կամ բացահայտելու ուղղությամբ և ոստիկանության նման պահվացքը ինձ մոտ շատ կասկածներ է հարուցում: Նշեմ նաև, որ նմանատիպ գողություններ սույն լեռներում հաճախակի են լինում, սակայն չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ: 

Ձեզ տեղեկացնում եմ նաև այն մասին, որ ես բանկից վերցրել էի 5-6 միլիոն ՀՀ դրամ, խոշոր եղջերավոր անասուն գնելու համար, սակայն տեսեք նմանատիպ դեպքերից տուժում ենք մենք՝ սարվորներս, քանի որ մենք մեր «արյան» գնով, տանջանքներով տարվա սույն հատվածը անցկացնում ենք լեռներում, մեր ընտանիքի գոյությունը պաշտպանելու համար:
Ուստի վերոգրյալից ելնելով ակնկալում ենք Ձեր աջակցությունը, սույն գործի օբյեկտիվ քննությունը շարունակելու համար, ինչպես նաև Ձեր միջամտությունն ու կարգադրությունը գործի արդարացի լուծման համար: Քանի որ Ձեր գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում հանցավորության դեմ պայքարը՝ հանձինս կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասված է բաց նամակում։

Հասկանալու համար թե ինչն ինչոց է՝ կապվեցինք Ամարյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ  ոստիկանները անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում, կարծես մարդու գրպանից մի տուփ լուցկի կորի․

«Ես առաջին օրվանից դիմեցի ոստիկանությանը, իրենք էն ձևով չեն վերաբերվում էդ հարցին, ոնց որ պետք է։ Ոնց որ ասես մարդու մոտից մի տուփ լուցկի կորի կամ մի ասեղ կորի, այդ մարդկանց համար այդ կարգի բան էր։ Ես իրենց ասում եմ՝ իմ ապրանքը գողացել են, ինձ ասում են՝ թե՞ կորել ա։ Ասում եմ՝ ցավդ տանեմ, իմ ապրանքը մեջից ընտրել են, ամենալավերը ջոկել, տարել են, գողացել են։ Տեսա, որ լուրջ չեն վերաբերվում, գրություն ուղարկեցի դատախազություն, դրանից հետո մի քիչ ոնց որ ակտիվացավ գործը, բայց էլի ձեն-ձուն չկա։ Հիմա արդեն քրեական գործ են հարուցել, բայց ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Ամարյանը։

Նա նաև նշեց, որ կասկածյալ ունի, որը «պլանքյաշի մեկն է»․
«Ես գիտեմ, որ 100 տոկոսով ինքն է տարել, էդ գողացողը աշտարակցի է, սա առաջին դեպքը չէ, որ ինքը տանում է, և գործը փակվում է, իրեն ոչ բռնում են, ոչ դատում են։ Մի հատ խուժան, խուլիգան, ղումարբազ, պլանքյաշ տղա ա»։