Հայկ Սարգսյանը` ընտրություններին մասնակցելու մասին

Հայկ Սարգսյանը` ընտրություններին մասնակցելու մասին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր նախատեսվում էր անցկացնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի, գործով դատական նիստը։ Նիստը հերթական անգամ չկայացավ, քանի որ Դանիբեկյանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում է։ Նշենք, որ շուտով կլինի մեկ տարի, ինչ այս գործով նիստերը չեն կայանում, դատաքննությունը գրեթե վերջնական փուլում է, անցած տարի հունիսին լսվել է մեղադրական ճառը, իսկ պաշտպանական ճառն այդպես էլ չի կարդացվում դատարանում։

Դատարանից դուրս գալով լրագրողները Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցին` ինչ֊որ ձեւաչափով մասնակցելո՞ւ է իրենց ընտանիքը ընտրություններին, քանի որ հորեղբայրը դաշինքով մասնակցելու է, պատասխանեց, որ միայն քվե տալու համար է մասնակցելու ընտրություններին։

Իսկ ինչ վերաբերում է իր գործին, ասաց, որ արդար դատավճռի ակնկալիք ունի։

Նշենք, որ Հ.Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։ Դատախազը նրա համար 7 տարի ազատազրկում է պահանջել։