Շվեդիայում աճել է գործազրկությունը

Շվեդիայում աճել է գործազրկությունը

Չնայած այն բանին, որ Շվեդիան հրաժարվեց կորոնավիրուսային ինֆեկցիայի /COVID-19/ դեմ պայքարի խիստ միջոցառումներից, սակայն այնուհանդերձ, վերջինս եւս բախվեց սոցիալ-տնտեսական խնդիրների, եւ կորոնավիրուսի բերած տնտեսական ճգնաժամը չշրջանցեց նաեւ սկանդինավյան այս երկրին։ Մասնավորապես, ըստ Bloomberg-ի, Շվեդիայում աճել է գործազրկությունը։ Ապրիլ ամսին գործազրկության մակարդակը կազմել է 7,9 տոկոս։

Bloomberg-ի վերլուծաբան Յոհան Յենսոնի կարծիքով, եթե ապրանքների եւ ծառայությունների հանդեպ պահանջարկը չվերականգնվի, ապա գործազրկությունը Շվեդիայում կարող է հասնել մինչեւ 17 տոկոս։ Տնտեսական նման բարդ իրավիճակում իշխանությունները սկսել են քննարկել մի օրինագիծ, որը գործատուներին հնարավորություն կտա ավելի էժան ու դյուրին ձեւով աշխատանքից հեռացնել իր աշխատակիցներին, ինչը արդեն արժանացել է ընդդիմության եւ արհմիությունների սուր քննադատությանը։