Մամ, ընդեղ մեզի շուտ-շուտ կլողցնեին. ի՞նչ պայմաններում են ապրում գիշերօթիկներից ընտանիք վերադարձած երեխաները

Մամ, ընդեղ մեզի շուտ-շուտ կլողցնեին. ի՞նչ պայմաններում  են ապրում գիշերօթիկներից ընտանիք վերադարձած երեխաները

Կառավարությունն առաջարկել է Գյումրիում երկու գիշերօթիկ լուծարել: Փակվելու ճանապարհին են «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1» եւ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատությունները: Հստակ հանձնարարական կա՝ սեպտեմբերի 1-ից չընդունել նոր երեխաներ: Այս տարի Գյումրու գիշերօթիկների տնօրեններն ստիպված են եղել մերժել շուրջ 30 դիմում: Երեխան պետք է մեծանա ընտանիքում․ հաստատությունների լուծարման որոշման հիմքում այս անվիճելի ճշմարտությունն է:

Գիշերօթիկների լուծարումը շատերի կարծիքով երեխաներին ոչ թե ընտանիք կվերադարձնի, ինչպես կառավարությունն է հիմնավորում իր քայլն, այլ հակառակը, գիշերօթիկներում ներկա պահին խնամվող երեխաներին կնետի ուղիղ փողոց՝ հանցագործության, մուրացիկության եւ թափառական կյանքի հորձանուտը:
«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» տնօրեն Գինուշ Զատիկյանի խոսքերով դեռ 2014-2016թթ.-ին է խնդիրը խորքային ուսումնասիրվել, եւ արդյունավետ որոշում է կայացվել, որ լուծարելու փոխարեն ավելի լավ է կանխարգելման ծրագիր իրականացնել:

Աշխատանքների արդյունքում նախկին 120-ից ավել երեխաների փոխարեն այժմ իրենց հաստատության սաների թիվը կրկնակի կրճատվել է՝ հասնելով  63-ի: Այս տարի նրանցից 36-ը  շարունակելու է գիշերել հաստատությունում մինչև տարեվերջ, իսկ մնացածը, ստանալով հասանելիք փաթեթը՝ հագուստ,սնունդ, վերադառնալու է տուն:
Երեխաներին բաժանել են միջին եւ բարձր ռիսկային խմբերի, հենց վերջիններն էլ գիշերելու են գիշերօթիկում: Բարձր ռիսկայինները նրանք են, որոնց ծնողներն ունեն կախվածություն, եւ երեխայի կյանքն ընտանիքում վտանգված է: Միջինն այն է, որ ծնողներն ավելի ուշադիր են, ընտանիքում  բռնություն չկա, բայց աշխատանք չունեն: «Հեչ մեկը մինչև էսօր պետության անունից ինձ չի դիմել,չի ըսել՝ երեխեքիդ տուն ես տարել՝ ինչը՞խ կպահես:  Գոմ է, հո տուն չէ,որ մենք կըմնանք: Էլի  երեխեքը  գիշերօթիկ կերթային,ես խիղճս հանգիստ էստե-էնդե քոծություն կենեի,հըմի ոչ փորներն է կուշտ, ոչ կարգին  մնալու տեղ ունինք»,-մեզ հետ զրույցում ասաց    միայնակ մայր  Կարինեն,որի երեք երեխաներից երկուսը  վերջերս են գիշերօթիկից վերադարձել, իսկ ավագ որդին մեկ տարուց ավել է մորն է օգնում՝ օրավարձով  աշատելով:Մեր հարցին,թե հասանելիք փաթեթը մի՞թե չի բավարարում,որպեսզի երեխաները սոված չմնան,պատասխանեց. «Մենակ ըդի՞կ է,ցավդ տանիմ, աղջիկս կըսե` մամ,ընդեղ մեզի շուտ-շուտ կլողցնեին, հըմի էս ցրտուն, հեչ պայման չկա,ես ինչը՞խ էնեմ:Ես վատ մայր չեմ,ինձ ճիշտ հասկըցեք,գիշերօթիկ էլ հա կերթայի,որ երեխեքիս տեսնեի, բայց որ ըսպես է,էս գոմի մեջ, որ գլխներուն տանիք չկա, մոտս պահի, ընդի՞կ է ճիշտ»:

Ծնողներից մեկն էլ, որ խնդրեց անունը չհրապարակել, ասաց. «Ես ստիպված եմ գիշերներն աշխատել: Ուրիշ բան չմտածեք, ձեռներիս, որ նայեք՝ կհասկանաք:Հիմա իմ երեխու  անվտանգությունն ո՞վ է ապահովելու: Ես իրեն տանն եմ թողնում, ահը սիրտս գործի եմ գնում ու մինչև գալիս եմ,  էլ չասեմ: Մարդ չունեմ կողքիս,որ խնդրեմ՝ նայեն:Ինձ մենակ դա է հիմա անհանգստացնում,թե չէ՝ աշխատում եմ,լավ-վատ կպահեմ»:

Շիրակի մարզի Ամասիայի գյուղերից մեկում բնակվող 4 երեխաների մայրը, չնայած սոցիալական ծանր պայմաններին, ներքուստ ուրախ է, որ զավակները վերադարձել են,կողքին են: Ընտանիքի մայրը ելքեր է փնտրում: Վերջերս նրանց օգնության  ձեռք է մեկնել« Շիրակ»  կենտրոնը՝ տրամադրելով  25 պարկ վառելափայտ, երեխաների համար մահճակալներ եւ այլ խնամքի իրեր:Մինչ այդ մահճակալներին փոխարինել են հսկա քարերն ու տախտակները :

 

«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին այսօր,սակայն, մի ընտանիքի ճակատագիր առավել շատ է  հուզում.«Այդ ընտանիքը աննկարագրելի ծանրություն և ողբերգություն է տեսել, ինչը չեմ կամենում որևէ մեկին:Նրանց գիտեմ դեռևս 2011 թվականից, երբ Գյումրու մոտակա գյուղերից մեկի կիսաքանդ մի կառույցում անխնամ վիճակում տեսնելուց հետո դիմեցինք պատկան մարմիններին և հետամուտ եղանք, որ նրանք տեղափոխվեն և բնակվեն հատուկ խնամքի կենտրոններից մեկում: Երկու քույր և երկու եղբայր են, մեծը՝ 19 տարեկան է և դեռևս անձնագիր չունի, որովհետև հաշվառման վայր չունի: Ամենափոքրն էլ 12 տարեկան է: Հայրը աշխատում է քաղաքի ամենահին գերեզմանոցում, որի հարևանությամբ տեղադրված, հոսանքից, ջրից և կոմունալ այլ հարմարություններից զուրկ բանվորական տնակում էլ գիշերում է: Հոր և երեխաների ճակատագիրն անհայտ է, թե խնամքի կենտրոնից դուրս գալուց հետո որտեղ են նրանք բնակվելու, հայտնի չէ»:Պարզվում է, որ դեպքեր կան,երբ ծնողն ինքը գնալու տեղ չունի.  ո՞ւր պետք է տանի երեխային: 

Նշենք, որ Գյումրիում 2  գիշերօթիկ խնամքի հաստատություններում գրանցված է  132  երեխա: Այս ընթացքում նախատեսվում է գիշերօթիկների փոխարեն ստեղծել ճգնաժամային կենտրոններ: 6 ամիս ժամկետով երեխան տեղափոխվելու է այնտեղ: Այդ ընթացքում  սոցիալական ծառայողները ծնողների հետ աշխատանքներ են  տանելու, եւ եթե արդյունք չտան, ապա որոշում կկայացվի  երեխային հանձնել որևէ  խնամատար ընտանիքի: «Ես իմ երեխուն ոնց կտամ ուրիշ ընտանիքի,կասեմ՝ տար, պահի:Գիշերօթիկն ուրիշ է, հաստատություն է, պետության ձեռն է, երբ կուզեի, կայցելեի, իսկ էսպես ոնց որ ձեռիցդ առնեն»,-նեղսրտեց ծնողներից մեկը՝ ավելացնելով, որ սոցիալական ծառայողների՝ իրենց հետ աշխատանքներ տանելու փոխարեն, պետությունն իրենց  սոցիալական պայմանները պետք է բարելավի:
Ի դեպ, Գյումրիում խնամատարության վիճակագրություն գրեթե չկա: Մարդիկ ցանկանում են երեխաներ վերցնել մանկատներից, բայց ոչ՝ գիշերօթիկներից: