Հեռվից սիրելու հեշտությունը

Հեռվից սիրելու հեշտությունը

«Ես հո նրանց սիրում էի, երբ հեռու էին»,- ասում է Դոստոեւսկու ստեղծած Ռասկոլնիկովն իր մոր ու քրոջ մասին: Երեւի ճիշտ է մարդու բնույթը քրքրած ռուս գրողը: Հեռվից ավելի հեշտ է սիրել հարազատին, ընկերոջը ու նաեւ` սեփական երկիրը: Իսկ եթե այդ երկիրը Հայաստանի նման բարդ ու ցավագին խնդիրներ ունի, ուրեﬓ իսկապես սիրելն ավելի է բարդանում: Եթե նույնիսկ գիտակցում ենք, որ այդ խնդիրները մեր արած սխալների հետեւանք են, ﬕեւնույն է, սիրում ենք հեռվից: Դե, որովհետեւ եվրոպական որեւէ երկրում բնակություն հաստատելուց հետո ավելի հեշտ է մտահոգվել Հայաստանի խնդիրներով, չէ՞ որ դրանք անձամբ նրան արդեն չեն վերաբերում: Հեշտ է նաեւ պաթետիզմով լցված տեքստեր գրել Արեւմտյան Հայաստանի մասին, բայց չնկատել սեփական երկրի գեղեցկությունը, որ երբեﬓ փոշու ﬔջ թաքնված է:

Այն գյուղում, որտեղ ապրում եմ, գրեթե բոլորը հարազատներ, որդիներ կամ քույրեր ունեն Ֆրանսիայում ու Բելգիայում: Այստեղ մնացածներն ապրում, աշխատում են սովորական ռիթմով, եւ ոչինչ աղետի մասին չի հուշում, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք էլ շատ արագ կթողնեն ու կմիանան եվրոպական քաղաքներում ապրող իրենց հարազատներին: Մի անգամ անծանոթ վարսավիրն ուղղակի թեքվեց ու հարցրեց. «Բա ե՞րբ ես գնում»: Ես, իհարկե, չհասկացա, թե ինչ նկատի ունի։ Նա ավելի մանրամասնեց. «Դե, Հայաստանում մնացող չես երեւում»:

Իհարկե, խելամտությունը հուշում է հարգանքով վերաբերվել բոլոր նրանց, ովքեր հեռացել են աշխատանքային, առողջական եւ այլ խնդիրների պատճառներով, եւ անառողջ կլինի մեղադրելը, բայց ինձ փշաքաղեցրեց այդ կնոջ տոնը. տպավորություն էր, թե Հայաստանն ինչ-որ հին իր էր, որից ազատվել էր պետք: Ու ես արագ պատկերացրի, թե կինը հետագայում արտերկրում ապրելու դեպքում որքան ակտիվ կլիներ սոցիալական հարթակներում, որքան ակտիվ քաղաքական մեկնաբանություններ կաներ: Ինչքան շատ վերջնագրեր կան երկրին ուղղված՝ մոտավորապես այս բանաձեւով. «Եթե էսինչ բանը լինի կամ չլինի, ես էս երկրից կարտագաղթեմ»: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը վարձով տուն է, իսկ արտահայտվողը՝ վարձակալ, որ հարմար պայմաններով բնակարան է փնտրում, եւ եթե ինչ-որ պայմաններ դուրը չգան, կարող է իրերը հավաքել ու հեռանալ:

Եթե Հայաստանը որպես մարդ դիտարկենք, նա բոլոր մենակ արարածներից ամենամենակը կլինի, որովհետեւ շատ արագ ու հեշտությամբ նրան լքում են: Բայց պարբերաբար ինչ-որ հոգատարության նոպաներ են բռնում, եւ բոլորը սկսում են փայփայել երկիրը: Առանց չափազանցության կարելի է ասել, որ 2018 թվականի գարնանը` հայտնի իրադարձությունների օրերին, Հայաստանի ժողովուրդը հոգատարությամբէրլցրելմայրաքաղաքը: Հետո երկիրը թաղվեց անտանելի խնդիրների ու խարդավանքների մեջ, իսկ հասարակությունը` օնլայն վիրավորանքների ու հայհոյանքների: Հայաստանն էլի մնաց մենակ, ճիշտ է՝ ինչ-որ հուսավառությամբ լցված, բայց` մենակ, որովհետեւ դեռ շատ արագ ու հեշտությամբ լքում են երկիրը: Մինչեւ կրկին հոգատարության ինչ-որ նոպա կարթնանա, եւ նրանք, ովքեր իրար վիրավորել էին, կկանգնեն կողք-կողքի: 

Լիլիթ ԵՐԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ