Իսկ ինչո՞ւ չկա երիտասարդ լրագրող, երիտասարդ մանկավարժ կամ երիտասարդ սանտեխնիկ 

Իսկ ինչո՞ւ չկա երիտասարդ լրագրող, երիտասարդ մանկավարժ կամ երիտասարդ սանտեխնիկ 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը: Ծրագրի շրջանակներում կրթության, գիտության ու մնացյալ հարցերի նախարարությունը որոշել է նաև մրցանակաբաշխություն իրականացնել մի շարք անվանականգերում, որոնք, մեղմ ասած, տարօրինակ են թվում։ 

1) Երիտասարդ բժիշկ,
2) Երիտասարդ բնապահպան,
3) Երիտասարդ գյուղատնտես,
4) Երիտասարդ գիտնական,
5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ,
6) Հայրենիքի երիտասարդ պաշտպան,
7) Երիտասարդական աշխատող,
8) Երիտասարդ մարզիկ,
9) Երիտասարդ հայրենադարձ,
10) Երիտասարդ գործարար,
11) Տարվա երիտասարդ:

Անմիջապես հարց է ծագում՝ իսկ ո՞րն է երիտասարդը, ո՞ր տարիքից է մարդը համարվում երիտասարդ։ Օրինակ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որ 60-ն անց մարդ է, իրեն միանգամայն երիտասարդ է համարում, դեռ մի բան էլ նեղսրտում է, որ իրեն երիտասարդների շարքը չենք դասում կամ ավելի վատ՝ տարեցների շարքին ենք դասում, նա երիտասա՞րդ է, թե՞ ոչ։ Այսինքն՝ Արմեն Սարգսյանը կարո՞ղ է ընդգրկվել այս անվանակարգերից որևէ մեկում և հաղթել, օրինակ՝ հենց տարվա երիտասարդ անվանակարգում։ Կամ ինչո՞ւ պետք է լինի երիտասարդ գյուղատնտես, երիտասարդ աշխատող՝ առանց կոնկրետացման, երիտասարդ գիտնական, բայց ոչ, ասենք, երիտասարդ մանկավարժ, երիտասարդ լրագրող, ինչո՞ւ ոչ, երիտասարդ սանտեխնիկ։ Ի՞նչ պակաս կարևոր գործ են անում նույն լրագրողները, որոնք հեղափոխություն լուսաբանեցին ու արեցին, մանկավարժները, որոնք հեղափոխական պատգամավորներ, նախարարներ ու վարչապետ են կրթել և դաստիարակել, կամ սանտեխնիկները, որոնք այդ նույն վարչապետի, նախարարների ու պատգամավորների բնակարանների սանհանգույցներն են նորոգում, որ խողովակներից ջուր չթողնի, ջեռուցումը նորմալ լինի։

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ հայտերն ընդունվում են առցանց՝ https://youthaward.am/ կայքի միջոցով, մինչև ս. թ. նոյեմբերի 23-ը ներառյալ։ Նրանք վերջում, փաստորեն, նաև պատասխանել են մեր՝ վերևում հնչեցրած հարցին, որ առցանց հայտը կարող է լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:  Փաստորեն, Արմեն Սարգսյանը չի կարող մասնակցել այս մրցանակաբաշխությանը, ավելին՝ 30 տարեկանից բարձր որևէ մեկը, առհասարակ, չի կարող մասնակցել, քանզի 31 տարեկանն, օրինակ, ըստ ԿԳՄՍ նախարարության, այլևս երիտասարդ չի համարվում․ նա կարող է մասնակցել, ասենք, տարեցների մրցանակաբաշխությանը։