Ձախողեցինք, որովհետեւ ճիշտ չտնօրինեցինք

Ձախողեցինք, որովհետեւ ճիշտ չտնօրինեցինք

Ցավոք, մեր երկրի ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումներն արդեն հատել են աբսուրդի բոլոր սահմանները: Եվ բանն անգամ հասել է այնտեղ, որ որոշ շրջանակներ ուզում են, որպես «աննախադեպ նվաճում», այս երկրի վրա «վաճառել» այն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի եւ Արցախի սահմաններում ավելի խաղաղ է եղել:
Այս առումով, անկախ մեր պատմության այդ ժամանակաշրջանի նկատմամբ ունեցած մեր դրական վերաբերմունքից, չենք կարող չարձանագրել, որ հենց այդ ժամանակահատվածում մեր դրսեւորած «ավելորդ խաղաղասիրության» պատճառով էր նաեւ, որ Հայաստանը ձախողեց իր «խաղաղության քաղաքականությունը»:

Իսկ ձախողեց, որովհետեւ երկրի օրվա քաղաքական ընտրանին այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ այդ ժամանակահատվածը Հայաստանին տրված է ոչ թե «խաղաղասիրությամբ զբաղվելու» համար, այլ այն տրված է, որպեսզի այս երկիրը վերագործարկի իր արտադրաարդյունաբերական եւ գիտաարտադրական հզորությունները, որպեսզի վերաբնակեցնի ազատագրված տարածքները, որպեսզի հիմնի ռազմաարդյունաբերական համալիր, ձեւավորի եւ զարգացնի գիտատար տնտեսական նոր ոլորտներ եւ ուղղություններ:

Անշուշտ, կարելի էր նաեւ չխոսել այդ մասին, քանի որ «ինչը որ պատահել է, արդեն պատահել է»: Բայց մենք հարկ համարեցինք խոսել այդ մասին, որպեսզի ո՛չ այսօր եւ ո՛չ էլ երբեւէ մեզ «թույլ չտանք» չհասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ իրական խաղաղության գործում կարեւորը ոչ թե խաղաղության համար ամեն ինչ տալն է, այլ հզոր երկիր կառուցելը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ