Ինչից ինչ դարձաք

Անչափ զվարճալի է տեսնել, թե զավեշտի ու երկակի ստանդարտների չեմպիոն այս իշխանություններն ինչպես են բարկանում, որ իշխանության է գալիս Վարդան Ղուկասյանը, ինչպես են դատապարտում ընտրողին` «կրիմինալին» իշխանության բերելու մեջ: Իսկ չաղռուստամներն ու Բանդուրյան եղբայրները շարունակում են երկրում ակտիվ դերակատարումն իրենց հովանու տակ, իրենց գլխավոր բիզնեսմենը Լֆիկն է, ոստիկանապետը` Արամ Հովհաննիսյանը, երրորդ քաղաքի համայնքապետը` Ական:
Շատ ուշագրավ է տեսնել, թե ինչպես են վրդովվում այս իշխանության ներկայացուցիչները, երբ ընտրություններում երկրորդ, երրորդ տեղը գրաված կուսակցությունները միավորվում են եւ համայնքային իշխանություն ձեւավորում` համայնքապետի պաշտոնը խլելով իրենցից: Կարելի է կարծել, թե իրենք չէին Երեւանում իշխանություն ձեւավորում` մի քանի ուժի, այդ թվում` Դոգի կուսակցության հետ կոալիցիա կազմելով, իրենք չէին ավագանու անդամներին սպառնում ու գնում` համայնքային իշխանությունը խլելով Ալավերդիում, Ախուրյանում: Իրենք չէին տրորում Վանաձորի ընտրության արդյունքները` համայնքապետի պաշտոնում Ակային նշանակելով: Իրենք չէին նախորդ ընտրություններից հետո Բալասանյան դաշինքի հետ առեւտրի մեջ մտել ու Գյումրիում դե ֆակտո իշխանություն վերցրել:
Հանուն իշխանություն պահելու ամեն ինչի ընդունակ այս քաղաքական ուժը, որ փողոցով է իշխանության եկել, սարսափելի ատում է փողոցային ակցիաներն ու հանրային պայքարը: Խոսքի ազատության ընձեռած բոլոր հնարավորություններից օգտված այս մարդիկ դարձել են խոսքի ազատության դեմ պայքարի առաջամարտիկներ: Մարդու իրավունքների համար պայքարողների այս թիմը դարձել է մարդու իրավունքները ոտնահարող ու ստալինյան ոճի քրեական գործեր կարող: Այսպիսի դեֆորմացիա՝ ընդամենը 7 տարում:
Կարծիքներ