Իշխանությունը հարկային մամլիչի հույսին է մնացել. Քաղաքացու «կաշին քերթելու» են
Փաշինյանի իշխանության համար ժողովուրդը ոչ միայն տուգանքի, այլեւ հարկային տեռորի մատերիալ է։ Գույքահարկից մինչեւ փոքր ու միջին բիզնեսի համար հարկային խստացում եւ տրանսպորտի թանկացում։ Եկող տարվա հունվարից հպարտ քաղաքացու համեստ գրպանը կզգա այս ամենի բեռը։
Տեւական ժամանակ է՝ մասնագետներն ու տնտեսվարողները խոսում են այն մասին, որ իշխանությունը փորձում է բյուջեն լցնել քաղաքացու գրպանի հաշվին ու դա փաթեթավորում է հարկային վարչարարության անվան տակ, որը ոչ այլ ինչ է, քան պարզ հարկային տեռոր։ Մի շարք ոլորտներ՝ շինարարություն, առողջապահություն, իրավաբանական եւ հաշվապահական ծառայություններ, գովազդ, եկող տարվանից կհարկվեն շահութահարկով եւ ԱԱՀ-ով, իսկ շրջանառության հարկը կկրկնապատկվի՝ 5 տոկոսից բարձրանալով 10-ի։ Սրան կավելանա գույքահարկի թանկացումը՝ 50 տոկոսով, իսկ տրանսպորտը կթանկանա մինչեւ երեք անգամ։ Եթե 2024 թվականին բյուջեով 49.8%-անոց պետական պարտք ունեինք, 2025-ին այն 53.5%-ի է հասնելու։ Հայաստանի պետական պարտքը 12,8 մլրդ դոլար է։ Փաշինյանի իշխանությունը 2025-ի համար հավելյալ 2 միլիարդ դոլարի արտաքին պարտք է ներգրավել, որի սպասարկումը եւս հպարտ քաղաքացու ուսերին է մնալու։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արթուր Խաչատրյանն ասում է՝ գալիք տարվա համար շուրջ 350 միլիարդ դրամի վարկի սպասարկում է իրականացվելու, որն իր մեծությամբ երրորդն է բյուջեում՝ պաշտպանական բյուջեից եւ կենսաթոշակներից հետո։ Այս ծախսերն ապահովելու համար իշխանությունը պարզապես միացրել է հարկային մամլիչը։
«Ունենք կասկածներ, որ եթե ոչ այս, ապա մյուս տարի կանցնեն միասնական հարկման համակարգի, այսինքն՝ այն առավելությունները, որոնք ունեին փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք շրջանառության հարկ էին վճարում, կզրկվեն այդ առավելությունից, ինչը կբերի էական հարկային բեռի ավելացման ու այլ ծախսերի, որովհետեւ հիմա հաշվարկում ես, թե որքան է շրջանառությունը եւ ըստ այդմ վճարում ես, եթե անցնես ԱԱՀ ռեժիմով հարկմանը, պետք է հաշվապահություն պահես կամ հաշվապահի ընդունես աշխատանքի։ Գույքահարկի տոկոսադրույքներն են մեծանալու, որը թեեւ գնում է տեղական բյուջե, բայց քաղաքացու համար ի՞նչ տարբերություն։ Այս իշխանությունները որեւէ ցանկություն չունեն իրենց ախորժակը զսպելու՝ հրաժարվելու ճոխ գործուղումներից, թանկարժեք ծառայողական մեքենաներից։ Այս ամենը, իհարկե, ժողովրդի քթից են բերելու»,- «Հրապարակ»-ին ասում է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նախորդ 2 տարիների բարձր տնտեսական աճը բացառապես արտաքին գործոններով էր պայմանավորված՝ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներով, բայց հիմա ապրանքային, ուղեւորահոսքային եւ ֆինանսական տրանզիտի դեր կատարող այլ երկրներ են հայտնվել, եւ տնտեսական աճի դանդաղում ենք տեսնում։ Ի տարբերություն իշխանությունների նախանշած 5,8 տոկոսի, Արժույթի միջազգային հիմնադրամն ընդամենը 4,9 տոկոսանոց աճ է կանխատեսում, ինչը, իհարկե, ազդելու է քաղաքացիների բարեկեցության վրա, չնայած որ թղթի վրա արձանագրված 12 տոկոսանոց աճն էլ բարեկեցության վրա դրական ազդեցություն չէր ունեցել։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ պետական գանձարանը համալրելու համար իշխանությունը ճարահատյալ, հուսահատ քայլերի է գնում, հասել ենք նրան, որ անգամ ոստիկանությունն է փորձում բյուջե լցնել։ «Ամեն գնով փորձում են բյուջե լցնել, նույնիսկ պարեկային ծառայությունն է դա փորձում անել եւ... երբ տեսախցիկներ չկան, խոստովանում են, որ իրենց վրա լուրջ խնդիր է դրված։ Պետական բյուջեի ծախսային մասը բավականին մեծ թվով պետական կառույցներ արդեն կատարել-վերջացրել են, այսինքն՝ մինչեւ տարեվերջ ընկած այս 3 ամիսներին շատերը մեկ օրից մյուսն ապրելու բախտի քմահաճույքին են մատնված, եւ բնական է, որ ՊԵԿ-ն իրենից կախված ու չկախված քայլեր է փորձում անել»,-ասում է Մանասերյանը: Նա կարծում է, որ ՊԵԿ-ը մասնավոր հատվածին ճնշելուց հաճույք չի ստանում, այնտեղ գիտակցում են, որ եթե տնտեսվարողի հետ նորմալ հարաբերություններ չձեւավորվեն, իրենք չեն կարող նորմալ աշխատել, բայց այլընտրանք չունեն, քանի որ այդ ճնշումն ավելի բարձր մակարդակից է գալիս։
«Ինչպես էլ դա անվանենք՝ հարկային տեռոր, թե անհավասարակշիռ կեցվածք, որակման հարց է, բայց պետք է դրա պատճառները հասկանալ՝ պետության ներսում պետության առաջնահերթությունները ձեւակերպված չեն։ Ո՞րն է պետության համար կարեւոր՝ ոստիկանության բյուջեն մեծացնել-ուռճացնե՞լը, հետո մտածելը, որ մյուս կողմից պետական կառավարման մարմիններում աշխատավարձերը կրճատելու ճանապարհով գնանք։ Ես հղում եմ կատարում ֆինանսների նախարարին, որ ստիպված պետք է կրճատումներ կատարել։ Գիտության ծախսերը 6, 7, 8 անգամ զիջում են ոստիկանության ծախսերին, ես չեմ խոսում կրթություն-գիտություն կապի մասին, այն մասին, որ մենք արդեն գիտության մեջ լուրջ կորուստներ ունենք, մի շարք դպրոցներ արդեն մեռել են․ մենք չունենք աշխարհագրության դպրոց, չունենք երկրաբանության, քարտեզագրության, վիրուսոլոգիայի դպրոց, կադրեր չենք պատրաստում բազմաթիվ մասնագիտություններով, Ագրարային համալսարանը փաստացի մահացել է, եւ այս ամենը պարզ արտահայտվում է գյուղատնտեսության մեջ շարունակական անկումով։ Մենք մի քանի տարի է՝ ոլորտը տարել ենք ռեանիմացիայի բաժանմունք ու մասնագետ չունենք»,- ահազանգում է Մանասերյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենի հետեւանքը շարքային քաղաքացին է իր վրա կրելու, ինչպես ասում են` «կաշին քերթելու» են։ Նա մի պարզ օրինակ է բերում՝ Երեւանի խելակորույս երթեւեկության պայմաններում նույնիսկ ամենաօրինապաշտ վարորդը չի կարող չտուգանվել։ Տուգանքից խուսափելու համար քաղաքացին մեքենա չպետք է ունենա։ «Դրված են գծանշումներ, որտեղ մեքենաներ են կանգնած, ստիպված՝ հոծ գիծ պետք է խախտի․․․ Ամենապրիմիտիվ բաներն եմ ասում՝ վերջացրած նրանով, որ պարեկային ծառայությունը ցանկացած ժամանակ կարող է ցանկացածին կանգնեցնել՝ անգամ առանց խախտում կատարելու... մարդիկ խոստովանում են, որ իրենց վրա պլան է դրված»,- ասում է Մանասերյանը եւ ուշադրություն հրավիրում մի ցուցանիշի վրա՝ Հայաստանի պետական պարտքը 12,8 մլրդ դոլար է, մինչդեռ երկրի բանկերում ավանդների ընդհանուր գումարը 15,5 մլրդ դոլարից ավելի է։ Սա նշանակում է, որ քաղաքացիներն ավելի շատ վստահում են առեւտրային բանկերին, քան՝ պետությանը, քանի որ քաղաքակիրթ զարգացած երկրներում, բանկերում ավանդների տեսքով գումարները պահելուց զատ, նախընտրում են նաեւ պետական պարտատոմսեր գնել, մինչդեռ այդ վստահությունն այսօր չկա։
«Տնտեսվարողների կամ քաղաքացիների չնչին մասն է հետաքրքրված պետական կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ պարտատոմսեր ձեռք բերելով, հիմնականում օտարերկրյա ռեզիդենտների կամ այստեղ գործող օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերն են գնում, իսկ դա անում են քաղաքական շահեր ու հետաքրքրություններ ունեցող երկրները, ինչն ավելի մեծ կախվածություն է ստեղծում։ Եթե պետության նկատմամբ վստահությունը բավարար մակարդակի վրա լիներ, ապա բանկերում ավանդների այդ հսկայական գումարները, որոնք գերազանցում են 15 միլիարդ դոլարը, կներդրվեին պետական պարտատոմսերում։ Այսինքն՝ առեւտրային բանկերին ավելի շատ են վստահում, քան՝ պետությանը, որն ամբողջ ազգային հարստությամբ է երաշխիք տրամադրում պետական պարտատոմսերում, բայց մարդկանց անգամ դա չի հետաքրքրում»։
Թաթուլ Մանասերյանը մի հանգամանքի վրա էլ է ուշադրություն հրավիրում․ նախորդ տարիներից ժառանգած «ավանդույթ» կա՝ ժողովրդի անունից արտաքին պարտք վերցնելու որոշում կայացնողները երկրում չեն։ «Ո՞ւր են մեր վերչապետները, նախարարները, ուժային կառույցների ղեկավարները՝ բոլորն արտերկրում են, ո՞ւր են մեր դիվանագետները, որոնք գնացել բանակցել են․․․ Մատների վրա հաշված մարդիկ են Հայաստանում, ու նույնը շարունակվելու է։ Իրենք այդ 12,8 միլիարդը կարող են դարձնել 20 միլիարդ, 50 միլիարդ․․․ Չկա հաշվետվողականության ու պատասխանատվության մեխանիզմ, չկա սահմանադրական նորմերը կատարելու պարտավորվածություն, թե ինչպես ձեւավորել արտաքին պարտքը»,- եզրափակում է Թաթուլ Մանասերյանը։
Կարծիքներ