ՔՊ-ականներից պետք չէ նեղանալ, նրանց պետք է խղճալ

ՔՊ-ականներից պետք չէ նեղանալ, նրանց պետք է խղճալ

Այո, շատ ծանր են վաստակում իրենց հացը իշխանության մեջ գտնվողները: Եկեք անկեղծ լինենք ու մեր կարեկցանքը հայտնենք նրանց: Նրանցից շատ քչերը կամովին եւ իրենց խղճի թելադրանքով կանեին ու կասեին բաներ, որոնք այսօր ստիպված են ասում ու անել: Մասնավորապես, ԱԺ ամբիոնից, ՔՊ խմբակցության անդամներն ու կառավարության անդամները:

Ձեզ թվում է նախկին լրագրող Բաբկեն Թունյանը սիրով ու հաճույքո՞վ է հակադարձում ընդդիմությանը, տքնում, որ փաստարկներ գտնի ընդդիամդիրներին պատասխանելու համար, թե` դուք էլ ձեր խոստումները չեք կատարել ընտրողի առաջ` մեզ չեք վռնդել իշխանությունից, չնայած 2021-ին այդ խոստմամբ եք եկել ԱԺ: 

Ձեզ թվում է Խրիմյան Հայրիկի ու թղթե շերեփի իր ելույթով հայտնի դարձած Հայկ Կոնջորյանը` Էդմոն Մարուքյանի նախկին սանիկը, կուզենա՞ր նման ծիծաղելի վիճակում հայտնվել եւ Քաջազնունուն անդրադառնալ, որ իր վարչապետի «դավաճանությունն» արդարացնի ու հայ-թուրքական հաշտեցման գործընթացը գովերգի: 
Ձեզ թվում է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանի որդին` Ռուբեն Ռուբինյանը կամովին կուզենա՞ր բարձրանալ ամբիոն ու կես ժամ խոսել Դաշնակցության մի շրջաբերականից, որի վնասակար ու սկանդալային լինելու ֆենոմենը երեւի միայն ինքն ու իր շեֆն են գիտակցում:

Վստահ եմ, որ նրանցից ոչ մեկը դա չէր անի կամովին, եթե.

1. Չլիներ շեֆի հրահանգն ու աչալուրջ հսկողությունը, որ պետք է «արդար քրտինքով վաստակեք ձեր հացը»: Ռուսն ասում է. любишь кататься, люби и саночки возить.

2. Չլիներ պաշտոնն ու կարգավիճակը, բարձր աշխատավարձն ու պետության հաշվին գործուղումները:

3.Չլիներ վախը, որ եթե չկատարեն շեֆի հրահանգը` «փողոց կնետի» եւ իրենք այլեւս այնքան են կարմիր գծերը խախտել, տարբեր մարդկանց ու խմբերի վիրավորել, կամուրջներն այրել նորմալ մարդկանց հետ, որ այլեւս չեն կարողանա նորմալ կյանքով ապրել` վաստակել, աշխատել, հանգիստ ապրել:


Արեգ Մարգարյան