Հրաչյա Սարգսյանը շատ լավ ֆինանսիստ է

Հրաչյա Սարգսյանը շատ լավ ֆինանսիստ է

Նիկոլ Փաշինյանի հետ 2018-ին դաշինք կազմած «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ Մեսրոպ Առաքելյանը, որն այսօր Մանե Թանդիլյանի հետ հիմնել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, իր նախկին թիմակից, Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին անվանել է «անդեմ ու անմեղսունակ մի անձնավորությու ն», որը պատերազմից հետո պահանջում էր վարչապետի հրաժարականը, սակայն իր պաշտոնը դրանից վեր է դասել ու այսօր հավակնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնին։ Նշենք, որ «Առաքելություն» կուսակցությունը շատ արագ կազմաքանդվեց, նրա անդամները նախ մի քանի ճամբար փոխեցին, ապա սկսեցին իրարից հեռանալ, իրար դեմ աշխատել։

«Առաքելության» հիմնադիր անդամներից էր նաեւ Մանուկ Սուքիասյանը, որը 2008-ին կանգնած էր Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ 18-ին դարձավ ընդդիմություն՝ բաժանվելով Մեսրոպ Առաքելյանից, որը դարձավ վարչապետի խորհրդական։

Նա երեկ դժվարությամբ համաձայնեց մի քանի բառ ասել «Առաքելության» երբեմնի իր թիմակիցների, Հայկ Մարությանից ազատվելու եւ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ դարձնելու մասին։ Դրանք համարեց անէական բաներ։

- Հետեւո՞ւմ եք Ձեր երբեմնի թիմակիցների հայտարարություններին, գործունեությանը, պահվածքին։

- Չէ, չեմ հետեւում։

- Տեղյա՞կ չեք, որ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որ ժամանակին Ձեզ հետ եղել է նույն կուսակցության անդամ, այսօր ուզում է դառնալ քաղաքապետ։

- Նյուանսներին չեմ տիրապետում, գիտեմ, որ իշխող ուժը որոշել է իրեն դնի Հայկ Մարությանի փոխարեն։

- Գիտե՞ք, որ Մեսրոպ Առաքելյանը քննադատում է նրան՝ համարելով նրան անդեմ ու անմեղսունակ անձնավորություն, դրա՞ն ինչ կասեք։

- Ոչ մի հանգամանքի չեմ տիրապետում, հետաքրքրված չեմ, որեւիցե առնչություն չունեմ թեմայի հետ։

- Մեսրոպ Առաքելյանի գնահատականներին ծանո՞թ չեք։

- Հրաչյա Սարգսյանը շատ լավ ֆինանսիստ է։ Էդքան բան կարող եմ ասել։

- Իսկ Մեսրոպ Առաքելյա՞նը։

- Հրաչյա Սարգսյանը շատ լավ ֆինանսիստ է։

- 2018-ից հետո ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ «Առաքելություն» կուսակցությունից։

- Թեման էս պահին արդիական չէ։ Երեք տարի անց հետաքրքիր չէ արդեն։

- Մեսրոպ Առաքելյանի գործունեությա՞նն էլ չեք հետեւում, ի՞նչ գնահատական կարող եք տալ։

- Անձնավորված ինչ-որ մոտեցումներ չունեմ։

- Իսկ Հայկ Մարությանի դեմ այս գործընթացն ինչպե՞ս եք գնահատում։ Կարծես հեղափոխությունը խժռում է իր զավակներին։

- ՔՊ-ն ցանկացած պահի ցանկացած որոշում կարող է կայացնել, որն առանձնապես երկրի ընդհանուր ընթացքի հետ կարող է կապ չունենալ։

- Հայկ Մարությանին այսօր պաշտպանում են նրա համար, որ ՔՊ-ն նրա դեմ է դուրս եկել։ Դուք ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է սատարել Հայկին այս փուլում։

- Իմ համար դրանք շատ անէական նյուանսներ են, ինձ ավելի շատ հետաքրքրում է երկրի ճակատագիրը՝ ընդհանուր առմամբ, ոչ թե՝ այս կամ այն ՏԻՄ-ի հետ կապված իշխող ուժն ինչ քայլ կկատարի։

- Դե, դրանք էլ երկրի ճակատագրի վրա ազդող փոքր նյուանսներ են։

- Չեմ կարծում։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տեղական ինքնակառավարման մարմին ինքնաբավ չէ, բոլորը դոտացիաների վրա են նստած։ Ամենառադիկալ ընդդիմադիրին բերեք-դրեք ամենամեծ ՏԻՄ-ի ղեկավար, նա հարկադրված աշխատելու է կառավարության հետ, էնտեղ առանձնապես ոչ մի քաղաքական երանգ չի փոխվելու։

- Իսկ Դուք ինչ-որ քաղաքական պրոցեսներում կա՞ք։

- Այո, կամ։

- Ի՞նչ պրոցեսներ են, ո՞ւմ հետ։

- Այս պահին՝ ոչ հրապարակային։

- Առաջիկայում կհրապարակե՞ք։

- Այո։ Ժամկետներ չեմ նշի՝ կախված ընդհանուր զարգացումներից։