Մինչ թշնամին կրակում է, Գարիկ Սարգսյանը Երասխում նախընտրական քարոզչություն է սկսել

Մինչ թշնամին կրակում է, Գարիկ Սարգսյանը Երասխում նախընտրական քարոզչություն է սկսել

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը կրկին ուզում է վերադառնալ Արարատ` խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, երեկ հավաքել էր իր ընկերներին եւ անկախության տոնի օրը գնացել Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնք։ Այս այցը եւ ակցիան կարելի է որպես նախընտրական դիտարկել, որովհետեւ նոյեմբերին այստեղ ընտրություններ են սպասվում:

Նրանք եկել էին, որպեսզի համայնքի հրապարակում հպարտորեն բարձրացնեին ՀՀ եռագույնը, որը, ըստ Սարգսյանի, «ամենամեծ ծածանվող դրոշն» է, երեւի նկատի ուներ՝ ամենաբարձրը։ Մինչ կսկսվեր միջոցառումը` հայրենիքին նվիրված ռաբիս ոճի երգեր էին հնչում, ընթացքում էլ հավաքվում էին «մասնակիցները»․ գալիս էին ոստիկանությունից, ՊՆ-ից, Ազգային ժողովից, մի խոսքով` իշխանական ողջ ներկապնակը ներկա էր, չկային միայն Երասխի բնակիչները։

Սարգսյանի կազմակերպած միջոցառմանը ներկա էին հատուկենտ երասխեցիներ, հիմնականում` կողքի գյուղերի բնակիչներ եւ դպրոցականներ։ Ինչպես մյուս պաշտոնական արարողությունների ժամանակ, այնպես էլ Երասխում` քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, այդ թվում` քննիչներ։ Դրոշի բարձրացման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ Գարիկ Սարգսյանը` նշելով, որ այս նախաձեռնության գաղափարն ավելի վաղ ուներ։

«Տեղը պատահական չէ ընտրված. այստեղ խաչվում է 4 պետությունների խաչմերուկ` Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան եւ ինչ-որ չափով՝ նաեւ Իրան։ Եվ քանի դեռ մեր եռագույնը ծածանվում է այս պետությունների խաչմերուկում, մենք մեսիջ ենք ուղարկում մեր հարեւաններին, ամբողջ աշխարհին, որ հայն ամուր կանգնած է իր հողի վրա, որ սահմանամերձ համայնքների մեր բնակիչները ոչ մի վայրկյան չեն ընկճվել, այդ կրակոցները պարբերաբար եղել են 30 տարիների ընթացքում եւ շարունակվում են մինչ օրս»,- նշեց նա։

Գրեթե ամեն օր այստեղ կրակոցներ են հնչում, սակայն դա, ի զարմանս մեզ, երասխեցիներին չի հուզում։ Մեզ հետ զրույցներում նրանցից ոմանք ասում էին` լավ է կրակոցների տակ ապրելը, իրենց կյանքը Երասխում շատ լավ է, ո՛չ մեղավոր են տեսնում, ո՛չ էլ փնտրում են…:

Դրոշը բարձրացվեց, պաշտոնյաները նստեցին իրենց ամենագնացները` սլանալով դեպի քիչ թե շատ ապահով Երեւան, հարեւան գյուղերից եկածները հեռացան, մի քանի երասխեցիներ էլ հավաքեցին իրենց երեխաներին եւ գնացին տուն` կրակոցների տակ ապրելու։

Մենք մի կարճ զրույց ունեցանք միջոցառմանը մասնակցող ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով վերջին օրերի աղմուկի մասին ասաց. «Ես չեմ կարծում, որ անկախության միջոցառումները քննադատելն արդարացի է»։ Նա ներողություն խնդրելով զոհվածների ծնողներից` նշեց. «Իրենք զոհվել են, որ մյուսներն ապրեն»։ Եվ անդրադառնալով Սյունիքի ճանապարհներից ադրբեջանցիների կողմից հայերին առեւանգելու թեմային` ասաց. «Դա նորմալ երեւույթ չէ, բայց, ցավոք սրտի, իրողություն է։ Պետք է Ձեր ասած հարցը լուծենք` արագացնելով այն ճանապարհի շինարարությունը, որն այսօր շատ լայն մասշտաբով կատարվում է»: