Մի քանի օր առաջ համացանցը պայթեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններից: Բելառուսում ընթացող նախագահական ընտրությունների առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում նա պատասխանելով բլոգեր, «Եվրազիա» հասարակական կազմակերպության ղեկավար Միկա Բադալյանի հարցին, ասել էր. «Փաշինյանը վտանգավորագույն խաղ է սկսել, նա կոչնչացնի Հայաստանը»:
Ապա ներկայացրել էր, որ ժամանակին ինքը միջնորդական գործառույթ է իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև՝ փորձելով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը.
«Ալիևն անգամ Հայաստանի հետ կռվելու նպատակ չուներ։ Նա քարտեզը դրեց սեղանին և ասաց. ահա` 5 շրջանները Ղարաբաղի շուրջ։ Ես ասացի՝ իսկ ի՞նչ կա այնտեղ. ոչինչ, անապատ է։ Բայց հասկանալի է, չէ՞, թե ինչ ասել է հողեր Հայաստանի ու Ադրբեջանի համար, դա Բելառուսը չէ, առավել ևս՝ Ռուսաստանը։ Հողերը արժեքավոր ռեսուրս են։ Եվ ահա այդ 5 շրջանները… Եվ նրանք ընդունում են, որ դրանք ադրբեջանական են։ Ուրեմն պետք է վերադարձնել։ Նավթը թանկացել է, կվաճառենք, ներդրումներ կանենք այնտեղ, կվերականգնենք այդ շրջանները, միլիոնից ավելի փախստական՝ Ադրբեջանի տարածքում։ Եվ ահա, ասում է, երկու շրջան էլ՝ մասնակի, այսինքն՝ 5+2 մասնակի օկուպացված է։ Ալիևն այդ ամենը ինձ պատմեց, ցույց տվեց։ Ես նրան ասացի, որ այս կեղտոտ քաղաքականության մեջ ամեն բան իր գինն ունի, նա ինձ կես բառից հասկացավ»,- պատմել է Լուկաշենկոն եւ կրկին շարադրել Ալիևի կողմից 5 մլրդ դոլարի առաջարկի հայտնի աղմկահարույց պատմությունը, որը Ադրբեջանի նախագահն առաջարկել էր Սերժ Սարգսյանին` 5 շրջանը վերադարձնելու դիմաց։ Նա հիշեցրել է, որ այդ մասին հրապարակային առաջարկ է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. «Սերժը նեղացավ ինձնից` ասելով, որ դա մեր գործը չէ։ Լավ, մեր գործը չէ` մեր գործը չէ։ Սկսեցին պատերազմել, ես ի՞նչ մեղավոր եմ, մեզ հազարավոր կիլոմետրեր են բաժանում, ե՞ս եմ սկսել այդ պատերազը»,-հայտարարել է Լուկաշենկոն։ Ապա պատմել է, որ երբ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է, ինքն ու Պուտինը ապշեցին, ինքն անգամ Պուտինին հարցրել է` «Դո՞ւ ես ստիպել, որ նման բան ասի», վերջինս ասել է` ոչ, իր համար էլ է այդ հայտարարությունն անսպասելի եղել:
Լուկաշենկոյի այս հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը և ֆեյքերի ՊՈԱԿ-ը լծվեցին Լուկաշենկոյին և Միկա Բադալյանին «սևացնելու» գործին: ՔՊ-ականներն ու իրենց ֆեյքերը ոչ թե Լուկաշենկոյի ասածին էին անդրադառնում, այլ անձին, հիշեցնում էին, որ նա Ադրբեջանին աջակցել է եւ այլն: Թիրախավորել էին նաեւ ռուսաստանաբնակ հայ բլոգերին:
Միկա Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Մենք բոլորս ականատես եղանք Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխաններին: Ինչպես տեսնում ենք` ճշմարտությունը ասելով Լուկաշենկոն մեծ հարված է հասցրել Հայաստանի իշխանություններին: Լուկաշենկոն ասելով, թե ինչ է տեղի ունեցել իրականում, կոտրեց այն կեղծ թեզը, թե Արցախի հանձնման մեջ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ և որ Արցախը հանձնել է Ադրբեջանին Ռուսաստանը: Ինչպես տեսանք մանրամասնորեն հայտնեց Լուկաշենկոն այն մասին, որ Արցախի հանձնումը Ադրբեջանին բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությունն ու գաղափարն է եղել: Անգամ հիշեցում եղավ, թե Ալիևն ինչպիսի զոհաբերությունների է պատրաստ եղել նախքան Նիկոլ Փաշինյանի աջակցությունը ստանալը: Սա հերթական ապացույցն էր, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և դեռ ամենասկզբից մտադրված է եղել Ադրբեջանին հանձնել Արցախը: Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է բացառապես ճշմարտությունը, իսկ թե նրա խոսքը ով կհավանի, ով` ոչ, դա էական չէ, նա լուրջ քաղաքական դեմք է: Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչները փորձում են զրպարտել, կեղծ տեղեկություններ տարածել, սակայն դրանք իրականում ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ: Լուրջ քաղաքական դեմքերի համար կարևոր չեն այս կամ այն իշխանության ֆեյքերի գրառումները: Իմ տպավորությամբ` Ալեքսանդր Լուկաշենկոն սկզբունքային մարդ է, թեպետ Վլադիմիր Պուտինին իր եղբայրն է համարում, սակայն նա կարողանում է նաև առաջ տանել իր անձնական տեսակետները: Այսինքն` նրա խոսքը անցնում է Պուտինի խոսքին հավասար: Նրա հետ խորհրդակցում են տարածաշրջանում, նրան լսում են և նա այս հայտարարություններով բառացիորեն ստորացրեց Նիկոլ Փաշինյանին: Դա ապացույցն է այն բանի, թե ինչպիսի կշիռ ունի նա: Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին Հայաստանում լուրջ փոփոխություններ են սպասվում, այնպիսի փոփոխություններ, որին բոլորս վաղուց էինք սպասում», - ասաց Բադալյանը: