Ես չեմ կարծում, որ մեր գործարարների զգալի մասը հուսախաբվող է, երկիրը լքող է

Ես չեմ կարծում, որ մեր գործարարների զգալի մասը հուսախաբվող է, երկիրը լքող է

Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսում գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցերը քննարկելու համար:

Եւ առաջինը հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ: Նշենք, որ վեը նշված անձինք հիմնականում Փաշինյանին «առընթեր» գործարարներն են, որոնք 18-ի իշխանափոխությունից հետո արագ կողմնորոշվեցին եւ սկսեցին «աշխատել» Փաշինյանի հետ։ Այս ցանկում ամենաուշագրավը նախկինների հետ «աշխատող» «Սպայկայի» Դավիթ Ղազարյանն է, ով նոր իշխանություններին հպատակվեց «Սպայկայում» իրականացված հարկային տեռորից հետո։ Իսկ պատերազմի օրերին անգնահատելի ծառայություն մատուցեց իշխաություններին «պանիկա չտարածելու» հարցում․ մեր զոհված զինվորների դիերը հենց «Սպայկայի» սառնարան-բեռնատարների մեջ էին օրեր շարունակ թաքցնում, որպեսզի հասարակությունը զոհեր իրական թվերի մասին չտեղեկանա և խուճապի չմատնվի։

Այս թեմայով զրուցեցինք Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ։ Նա ասաց՝ քննարկել են հետկորոնավիրուսային, հետպատերազմական շրջանում տնտեսության զարգացման վերականգնման խնդիրները, ներդրումների ավելացումը, տնտեսության կառուցվածքային փոփոխության, գործարար խավին հուզող խնդիրները և այլն։ «Վարչապետը հանձնարարեց, որ միությունը նաև կազմակերպի անհատական հանդիպումներ տարբեր ճյուղերի առաջատար գործարարների հետ, այդ ցուցակը ես վաղը չէ մյուս օրը միությունում քննարկելուց հետո կներկայացնեմ»,-ասաց Արսեն Ղազարյանը։

-Շատերի մոտ տարակուսանք է առաջացրել այն, որ վարչապետը հանդիպել է այն գործարարների հետ, որոնք հիմնականում իր մերձավոր օլիգարխներն են համարվում։

-Ես հանդիպել եմ որպես հասարակական կառույցի ղեկավար, ինձ հետ քննարկվել է այդ ֆորմատի հարցերը, որոնք նշեցի, մյուսների մասին ես մամուլից իմացա՝ ում հետ է հանդիպել։ Բայց ինձ հանձնարարվել է արտադրության, առևտրի, սպասարկումների, տրանսպորտի ոլորտի ակնառու գործարարներին, որոնք ասելիք ունեն, լուծումներ են առաջարկում կամ կառուցողական նորամուծություններ են առաջարկում, նրանց ցանկը ճշտել, տալ, որպեսզի անհատական հանդիպումների շարք սկսի։

-Պարոն Ղազարյան, պատերազմից հետո, հատկապես այս պարտության և առկա տրամադրությունների ֆոնին գործարարների մոտ ի՞նչ տրամադրություններ կան, շատերը սպասում են՝ սահմանները բացվեն, որ պարզապես թողնեն հեռանան երկրից։

-Գիտե՞ք ինչ, ես շուրջ 27 տարվա գործարար եմ, որից արդեն 20 տարին արդյունաբերողների միության նախագահն եմ։ Մենք շատ փորձություններ ենք տեսել, և գործարարների այս մասնավոր խավը տանջանքների և Գողգոթայի ճանապարհով է կայացել։ Էնքան է կայացել, որ ես երեկ վարչապետին ասացի՝ կորոնավիրուսի այս ինն ամիսների ընթացքում մենք կարողացանք հարվածն ընդունել պատվով, և տնտեսության կոլապս չենք ունեցել, և պատրաստվում էինք 2021-ին արդեն աճման տեմպերի մասին խոսել։ Ես չեմ կարծում, որ մեր գործարարների զգալի մասը հուսախաբվող է, երկիրը լքող է։ Դուրս ենք գալու այս՝ առաջին հերթին հոգեբանական ճգնաժամից, որը ունենք, և դուրս ենք գալու էս նյութատեխնիկական կորուստներից, որոնք վերականգնվող են։ Կարևորը հոգեբանականն է։ Ես վստահ եմ դրանում։

-Իսկ վարչապետի և կառավարության հրաժարականը, իշխանության փոփոխությունը կարո՞ղ է դրական առումով որևէ բան փոխել գործարար միջավայրում։

-Ես միշտ փորձել եմ՝ որպես հասարակական կառույցի ղեկավար և գործարար մարդ, կառուցողական լինել ցանկացած գործող իշխանության հետ։ Մենք քաղաքական հարթության հարցերից միշտ հեռու ենք մնացել։ Դրա համար աշխատել ենք չորս նախագահի և 18 վարչապետի օրոք՝ որպես հասարակական կառույց։ Ես դրա մասին մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ես գիտեմ, այսօր կա գործող իշխանություն, որը փորձում է փոփոխություններ անել, մենք պետք է մեր տնտեսությունները փորձենք պահպանել, փորձենք զարգացնել, լուծումներ առաջարկել։ Իսկ էն մյուս հարցը քաղաքական կուսակցությունների խնդիրն է։

-Բայց գործարար միջավայրն էլ զերծ չէ այդ ամենից, ի վերջո վստահության խնդիր կա, արդյոք գործարարները կվստահե՞ն պարտության փաստաթուղթ ստորագրած վարչապետին։

-Վստահության խնդիրը և վստահության մանդատները տրվում են ընտրությունների միջոցով։ Ես կողմնակից եմ, որ ցանկացած փոփոխություն, ցանկացած վերակառուցում լինի օրենքի և սահմանադրականության շրջանակներում։ Ցանկացած ուրիշ մոտեցում անկայունություն է, ջրբաժանների խորացում է և անընդունելի է՝ հատկապես այսօր մեր ազգի համար։