Մենք անցանք այդ ճանապարհը. Անահիտ Ավանեսյան

Մենք անցանք այդ ճանապարհը. Անահիտ Ավանեսյան

Սիրելի՛ հայրենակիցներ, ահա և ավարտվում է մեր Հայրենիքի, պետականության ու ժողովրդի համար փորձություններով, հույսերով ու իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերով լի տարին՝ 2021 թվականը:

Այս տարի մենք բոլորս անցանք մի ճանապարհ, որ անանցանելի էր թվում` կորուստների, մարտահրավերների, առճակատումների և թե՛ նյութական, թե՛ մարդկային՝ հոգևոր, ֆիզիկական ու էմոցիոնալ ռեսուրսների առումով: Մենք անցանք այդ ճանապարհը և հիմա, անկասկած, ունենք անհամեմատ ավելի կայուն ու վերահսկելի իրավիճակ` պայմանավորված թե՛ հետպատերազմական և թե՛ համավարակի գործոններով:

Հայաստանի առողջապահության ոլորտը նույնպես ապրելով ցնցումներ ու սահմանային վիճակներ` կադրային, նյութական և մնացած բոլոր ռեսուրսների մոբիլիզացման պայմաններում իրեն լավագույնս է դրսևորել. ամրապնդվել է, հագեցել և պատրաստ է դիմակայելու տարբեր մարտահրավերների: Այն բոլոր ներդրումները, որոնք կատարվել են մեր ոլորտում, տվել են իրենց պտուղները, և մենք հաստատակամորեն կարող ենք պնդել, որ մեր քաղաքացիներին առաջարկում ենք բժշկական օգնության ավելի մեծ, ավելի որակյալ և ավելի հասանելի սպեկտր` առաջ գնալով զարգացման ու բարեփոխումների ուղիով: Այս ամենի համար ուզում եմ իմ շնորհակալութունը հայտնել բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին և իմ թիմակիցներին, շնորհավորել նրանց և ցանկանալ մնալ անշեղ մեր ընտրած ճանապարհից և առաջ գնալ:

Մեր հավակնոտ ծրագրերը` բժշկական ապահովագրության համակարգի ընդունումը, հոգեկան առողջության, ուռուցքաբանության և այլ ճյուղերում նախատեսված բարեփոխումները տալու են կոնկրետ դրական, շոշափելի արդյունքներ:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ գալիք նոր` 2022 թվականի առթիվ և մաղթում եմ մեր օջախներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն մեր անկախ ու խաղաղ Հայրենիքում:

Անահիտ Ավանեսյան, առողջապահության նախարար