«Հրապարակ»․ Խիստ քննադատելի է ԱՄՆ այդ պաշտոնյայի հայտարարությունը

«Հրապարակ»․ Խիստ քննադատելի է ԱՄՆ այդ պաշտոնյայի հայտարարությունը

Զրույց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

- 2024թ. հուլիսի 15-ին, ճեպազրույցի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին, հայտարարել էր. «Մենք իրոք կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ եւ գնալ ծանր փոխզիջումների»: Ի՞նչ է նշանակում սա, էլ ի՞նչ պիտի զիջենք մենք՝ այսքան միակողմանի զիջումներից հետո: Դուք ամերիկամետ ուժ եք, ինչպե՞ս եք գնահատում՝ սա դաշնակցի՞ հայտարարություն է: 

- Երբ մենք ասում ենք` մենք արեւմտամետ ենք, դա բխում է մեր շահերը պաշտպանելուց: Մեր երկիրը վերջին տասնամյակներում չի կառավարվել մեր երկրի շահերը պաշտպանելու դիրքից: Բեւեռն այն ուժն է, որը ելնում է մեր երկրի շահերից եւ փորձում է ձեռք բերել իսկական դաշնակիցներ, որոնց շահերը համընկնում են մեր երկրի շահերի հետ: Այս որոնման արդյունքում է, որ մենք հաճախ խոսում ենք ԱՄՆ-ի կարեւորության մասին եւ ոչ միայն ԱՄՆ-ի. մենք մատնացույց ենք արել նաեւ այլ բազմաթիվ պոտենցիալ դաշնակիցների, դա ե՛ւ ԵՄ-ն է, ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ Իրանը, ե՛ւ Հնդկաստանը, Հունաստանը: Վերջապես, մենք պետք է սովորենք մեր շահերը պաշտպանել, ինչը վերջին տասնամյակներում բացակայել է մեր երկրում: Մեր երկրի բոլոր կառավարիչները կատարել են օտարի թելադրանքը: Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած պաշտոնյայի վերջին հայտարարությանը, մեր կողմից խիստ քննադատելի է: Առաջին անգամ չէ, որ մենք քննադատում ենք ամերիկյան որեւէ չինովնիկի կամ դեսպանի այս կամ  այն հայտարարությունը: Մենք ելնում ենք մեր երկրի շահերից եւ երբ տեսնում ենք, որ որեւէ հայտարարություն վնասում է մեր շահերին, հակառակ կարծիքն ենք արտահայտում: Վերջերս այստեղ հանդիպում տեղի ունեցավ կոնգրեսմեններից մեկի պատվիրակության հետ: Մեկժամյա հանդիպման ընթացքում մենք քննադատել ենք ԱՄՆ քաղաքականությունը մեր տարածաշրջանում, սակայն դա չի խանգարում, որ մենք ԱՄՆ-ին դիտարկենք որպես մեր ապագա պոտենցիալ դաշնակից: