Ֆանարջյան կենտրոնի նախկին տնօրենը քեռուս որդին է․ Սանասարյանի գործով դատավորը ինքնաբացարկի հիմքեր ներկայացրեց

Ֆանարջյան կենտրոնի նախկին տնօրենը քեռուս որդին է․ Սանասարյանի գործով դատավորը ինքնաբացարկի հիմքեր ներկայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ մեկնարկեց ՊՎԾ-ի պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) եւ մյուսների գործով առաջին նիստը։ 
Նիստին չէր ներկայացրել ամբաստանյալ Դավիթ Սանասարյանը եւ մեղադրողը։ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը շուտով կներկայանա։ Դատավորը հայտարարեց տասը րոպե ընդմիջում։

Ամբաստանյալի եւ մեղադրողի ներկայանալուց հետո նիստը վերսկսվեց։

Դատավոր Դավիթ Բալայանը ներկայացրեց հիմքեր, որոնք գուցե հիմք հանդիսանան իր ինքնաբացարկի համար։

Նա նշեց, որ հոկտեմբեր ամսին Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանի հետ գործուղման է եղել, ինչը իրեն չի կաշկանդում։ Սակայն նշեց, որ կցանկանա այս հանգամանքը հայտնել։

Նա նաեւ նշեց, որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը՝ Հրանտ Անանյանը, դատարանների շրջափակման օրը, երբ ինքը փորձել է պատուհանից ներս մտնել, ընկել է, այդ դեպքով Անանյանը դիմել է ՀՔԾ-ին, սակայն  քրեական գործ չի հարուցվել․ «Նա դիմել է որպես մասնավոր անձ, հետագայում տեղեկացել եմ, որ քրեական գործ չի հարուցվել, եւ Անանյանը բողոքարկել է։ Եվ, երրորդ հիմքն ասեմ․ կխնդրեի, որ լրատվամիջոցները չարծարծեին, գործով վկա է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը հանդիսանում է քեռուս որդին, ով ազատվել է աշխատանքից։ Ես կաշկանդված չեմ դրանով, այս հիմքերը, իմ կարծիքով, հիմք չեն կարող հանդիսանալ, որ կարող եմ ես կողմնակալ լինել, անհրաժեշտություն գտա բացահայտել այդ հիմքերը»։

Այնուհետեւ դատավորը դիմեց կողմերին՝ դիրքորոշում հարցնելով ներկայացված փաստերի վերաբերյալ, թե արդյոք այդ հիմքերով ուզում են ինքնաբացարկ հայտնել։

Բոլորը նշեցին, որ ինքնաբացարկի միջնորդություն չունեն։

Դավիթ Սանասարյանը նշեց․ «Ավելի քան վեց ամիս առաջ իմ դեմ սկսեց իրականացվել ապօրինի հետապնդում ԱԱԾ-ի քննչականի անվան տակ, որից հետո դատախազությունը հանցակից եղավ այդ պրոցեսին, կոչ եմ անում, որ Դուք մաս չդառնաք»։

Դավիթ Բալայանն ընդհատեց նրան․ «Ինձ պետք չէ կոչ անել, եւ պետք չի,որ Դուք պիտակավորում կպցնեք։ Ես խնդրում եմ՝ Դուք դիրքորոշումը հայտնեք»։

Սանասարյանը շարունակեց․ «Հույս եմ հայտնում, որ կընթանա դատապրոցեսը, Ձեր մասին օբյեկտիվ գնահատական եմ լսել»։

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։