Զուգադիպությու՞ն, թե՝ կոդ․․․

Զուգադիպությու՞ն,  թե՝ կոդ․․․

Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ։ Երեք նախագահներին կարելի է հասկանալ, բայց, այ, Նիկոլ Փաշինյանին դժվար է հասկանալ։ Հեղափոխություն է արել հնի դեմ ու այդքան կարևոր պոստում առջարկություն է արել նշանակել Գրիգորի Հայրապետովին։ Փաշինյանի հախուռն խառնվածքի համար պրոֆեսիոնալ, լուրջ, հավասարակշռված լինելը կարծում եմ հիմք չէ։ Փաստերը բազում են։

Ավելին, երեք նախագահները Հայրապետովին գեներալի կոչում չեն շնորհել, բայց Նիկոլ Փաշինյանը նրա արժանիքներն ավելի բարձր է գնահատել։ 2019 թվականի հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Գրիգորի Հայրապետովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։  Մի հետաքրքիր զուգադիպություն կա։ Մեր երկու բարձրաստիճան պաշտոնյաները՝ Վալերի Օսիպյանը և Արթուր Վանեցյանը, աշխատանքից ազատվելուց ընդամենը երկու ամիս առաջ գեներալ մայորի կոչում ստացան։ Նույն ձևով աշխատանքից ազատվելուց մի երկու- երեք ամիս  առաջ գեներալ մայորի  կոչում ստացավ Գրիգորի Հայրապետովը։ Եթե խոսքը վերաբերվեր պաշտոնյաներից մեկին, կարելի էր խելքին մի քիչ մոտ  բացատրություն անել, բայց, երբ դա կրկնվում է, վարանում ես։ Մանավանդ երբ Փաշինյանն ասում է՝ աշխատանքից ազատվել են իմ որոշմամբ, սակայն սեփական դիմումով։ Ի՞նչ է ստացվում․ վարչապետը նրանց աշխատանքից ազատելուց առաջ գեներալ մայորի կոչում է շնորհում։ Սա կո՞դ է, թե՞ ինչ որ բան , որ հասանելի չէ սովորական մահկանացուներիս։ Ամեն դեպքում նման բաները պատահականություն չեն լինում։ Ներքին շտրիխները շատ են ու ոչ համադրելի։