Ճգնաժամային իրավիճակից ելքեր գտնելու, գուցե վերջին պատեհությունը ունենք. ՀԱԿ թեկնածու

 Ճգնաժամային իրավիճակից ելքեր գտնելու, գուցե վերջին պատեհությունը ունենք. ՀԱԿ թեկնածու

Ես միշտ էլ համակիրն եմ եղել «Հայ ազգային կոնգրեսի», բայց հենց այս փուլում որոշեցի ընդունել առաջարկը ավելի ակտիվ մասնակցության, որովհետև համարում եմ, որ ՀԱԿ-ի ցուցակով այս պահին ներկայանալը նշանակում է ներկայացնել տարիներ շարունակ ճշմարտությունը ժողովրդին ասող ուժ։ Այս մասին քիչ առաջ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակի 6-րդ համար Աննա Գևորգյանը։ Նշենք, որ Երևանի սրճարաններից մեկում ՀԱԿ ցուցակի կանայք հանդիպում-քննարկում են նախաձեռնել։

«Ինձ համար մեծ պատիվ է ճշմարտությունը ստափ գնահատող ու այն մարդկանց ասող մի խումբ ներկայացնել։ Եվ հատկապես այսօր, որովհետև հնարավոր է այս ճգնաժամային իրավիճակից ելքեր գտնելու գուցե վերջին պատեհությունը ունենք։ Պիտի կարողանանք հնարավորինս շատ մարդկանց հասցնել այն ուղերձը, որ այն հետևանքները , որ այսօր ստացել ենք , դրանք կոնկրետ պատճառներ են ունեցել։ Ես մինչեւ այստեղ գալը հերթական բանավեճին էի մասնակցում, այնտեղ էլ ես այլ բան չարեցի, քան փորձեցի մաքրել մեր նորագույն պատմության էջերը այդ սև պիտակավորումներից։ Ցավալիորեն վերջին քսանից ավելի տարիների ընթացքում ուղղորդված քաղաքականություն է տարվել , որպեսզի մեր հասարակությունը, քաղաքացիները չիմանան ոչինչ մեր նորագույն պատմության մասին, իսկ իմացած էլ իմանան այնքան , իմանան այպիսի գույներով ու ձևաչափերով, որոնք իհարկե գործող իշխանություններին է ձեռք տվել ։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցելու տարբեր մեթոդներ են կիրառվել»,- ասաց պատգամավորի թեկնածուն։