Արցախը հերթական անգամ ժողովրդավարության ու համախմբվածության օրինակ դարձավ

Արցախը հերթական անգամ ժողովրդավարության ու համախմբվածության օրինակ դարձավ

Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝
Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի,
Արևելյան Հայաստանի ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հռչակման օրվա կապակցությամբ
և խոնարհվում հմուտ զորականների, քաջ հայորդիների, ամբողջ ժողովրդի միասնական հերոսության առջև։

Այսօր հայկական երկու պետությունների համար լրջագույն մարտահրավերներից է Արցախի անվտանգության, անկախության հարցը, և այդ խնդրի արդարացի լուծման ճանապարհին կարևորագույն նվաճում եմ համարում ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ միջազգային բարձր նորմերին համապատասխան, միմյանց նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտում անցկացված, ազգային ժողովի և նախագահական հերթական ընտրությունները։

Ըստ էության, իշխանության խաղաղ, գեղեցիկ փոխանցմամբ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի անձնական նախաձեռնությամբ՝ իշխանական և ընդդիմադիր տարբեր թևերի միջև քաղաքակիրթ երկխոսությամբ և համագործակցությամբ, համերաշխության մթնոլորտը պահպանելով և միասնական ջանքերով կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում մարդասիրական ծրագրերի, բարեփոխումների իրականացմամբ, ժողովրդագրական խնդիրների հնարավորինս լուծման պատրաստակամությամբ՝
Արցախը հերթական անգամ ժողովրդավարության ու համախմբվածության օրինակ դարձավ և ապացուցեց, որ ի զորու է պաշտպանելու իր իսկ կողմից նվաճած ինքնիշխանությունը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հետ միասնական լինելու կամքն ու իրավունքը։

Ի սրտե մաղթում եմ, որ նորանկախ Հայաստանի և Արցախի երեսնամյա պատմությունը կերտած քաղաքական ուժերը, կուսակցությունները, ռազմաքաղաքական, հասարակական գործիչները, անհատները խելամիտ և պատվասիրությամբ շարունակեն Հայրենիքին ծառայելու խիզախություն դրսևորել, իմաստություն՝ բանավիճելիս միմյանց չնսեմացնելու, բարեվարքության մշակույթը պահպանելու (․․․քանզի մեր պառակտմամբ զվարճացող, մեր անկմանը սպասող դարավոր հակառակորդներ ունենք)․ համազգային համերաշխությամբ, միմյանց նկատմամբ վստահության և փոխօգնության մթնոլորտում շարունակենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու արժանապատիվ, բարեկեցիկ ապագան։

Եվս մեկ անգամ շնորհավորելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝
մարդկային պարզ երջանկություն և առողջություն եմ մաղթում բոլորիս։

Խաղաղ ծառայություն Հայկական բանակի ողջ անձնակազմին, որ գիշեր ու զօր հիրավի հերոսական ծառայություն է իրականացնում՝ մշտապես պատրաստ պատվով դիմակայելու, արժանի հակահարված տալու մարտահրավերներին։

Եվ թող ապագայում մեր հաղթանակները լինեն դիվանագիտության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան