Մաքսայինի աշխատողներին հանձնարարել են ազատման դիմումներ գրել

Մաքսայինի աշխատողներին հանձնարարել են ազատման դիմումներ գրել

Այսօր տեղեկություն ստացանք, որ ՊԵԿ մաքսային բլոկի աշխատակիցների համատարած հանձնարարել են աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Ընդ որում, ՊԵԿ ղեկավարությունն ինքն է կազմել իրեն, այն է՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին ուղղված դիմումի շաբլոնը և այն ուղարկել մաքսայինի աշխատակիցներին, որ ամեն մեկն իր անունը լրացնի և ուղարկի «շեֆին»։

Դիմումի բովանդակությունը հետևյալն է․ «Խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից կամ տեղափոխել այլ աշխատանքի»։ Նշենք, որ մաքսայինի աշխատակիցների մոտ այս հանձարարությունը տարակուսանք է առաջացրել, նրանք որևէ բացատրություն չեն կարողանում բերել, թե ինչու են իրենց հրահանգել ազատման դիմումներ գրել։ 

Մենք հետաքրրքվեցինք ՊԵԿ-ից, թե ճի՞շտ է, որ նման հանձնարարական է իջեցվել ՊԵԿ աշխատակիցներին և ո՞րն է այդ հանձնարարականի և համատարած ազատումների պատճառը։

ՊԵԿ-ից չհերքեցին մեր տեղեկությունը՝ ներկայացնելով հետևյալ պատճառաբանությունը․ «Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքները առավել արդյունավետ, համակարգված դարձնելու, ինչպես նաև Կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները լիարժեք իրականացնելու, կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառույթների կրկնությունները բացառելու նպատակով Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում հնարավոր է իրականացվեն ներքին կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում հնարավոր է փոփոխվեն աշխատակիցների աշխատանքի էական պայմանները (օրինակ պաշտոնի անվանումը)՝ ինչի վերաբերյալ էլ աշխատակիցները՝ ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի պահանջներով, երկու ամիս առաջ ծանուցվել են»։