Վերախմբագրելով Փաշինյանին

Վերախմբագրելով Փաշինյանին

Երբեք մեծ կարծիք չեմ ունեցել Նիկոլ Փաշինյան լրագրողի մասնագիտական որակների, առավել ևս բանասիրական ունակությունների վերաբերյալ։ Նրա հրապարակած՝ ինձ ծանոթ  գրեթե յուրաքանչյուր նյութում անթաքույց նկատելի են եղել տեքստից արտածվող ատելությունը, մաղձը, չարախնդությունը, չարախոսությունը, սենսացիոն հակվածությունը, շատ հազվադեպ նաեւ՝ արդարությունը և արդարամտությունը։ Առավել ևս՝ գրագիտությունը։ Նրա լրագրողական գրիչը համարյա միշտ դեգերել է պարզունակության սահմաններին՝ ներկայանալով բառապաշարի աղքատիկությամբ, մտածողական պրիմիտիվիզմով։

Ուստի զարմանալի չէ, որ վարչապետ դառնալուց հետո նա իր այս որակները «տարել» է բարձր կառավարական ոլորտներ և հիմա դրանք ցուցադրում է նույնիսկ այնպիսի կաղապարված «ժանրում», ինչպիսին վարչապետական որոշումներն են։ 

Ահավասիկ այսօր նա որոշում է ստորագրել իր ավելի վաղ կայացրած որոշումներից մեկում (2019 թվականի հունիսի 1-ի n 661) փոփոխություն կատարելու մասին, որն ամենևին էլ գրագիտության վկայություն չէ.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի
2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, N 703-Լ և N 705-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 661-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 32-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«32) իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանմանն ու ապօրինի ներմուծմանը, մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցմանը կանխող և կանխարգելող միջոցառումներ․․․» 

Ինչպես երևում է, սույն որոշման մեխն այս կետի նոր խմբագրումն է, որը սակայն կատարված է փնթի և ոչ գրագետ, քանզի հայոց լեզվի ոչ մի քերականական օրենքով հնարավոր չէ կատարել «արտահանմանը․, ներմուծմանը, փոխանցմանը» «կանխող և կանխարգելող» միջոցառումներ։ «Կանխել», «կանխարգելել» բառերը ներգործական սեռի բայեր են, հետևաբար պահանջում են հայցական հոլովով դրված ուղիղ խնդիր լրացումներ՝ կանխել/կանխարգելել արտահանՈՒՄԸ, ներմուծՈՒՄԸ, փոխանցՈՒՄԸ։

Տարբերակ կարող էր լինել որոշման մեջ «կանխող» բառից առաջ, դիցուք, «ուղղված» բառի գործածությունը՝ «․․․ իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանմանն ու ապօրինի ներմուծմանը, մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցմանն ուղղված՝ կանխող և կանխարգելող միջոցառումներ․․․»։

Անհայտ է, թե վարչապետական ստորագրման ներկայացված նյութերը ում կողմից (ստորաբաժանում կամ անձ) են ենթարկվում լեզվական խմբագրման, սակայն ակնհայտ է, որ  դա չի արվում պատշաճ մակարդակով։ 

Կամ էլ թողնված է վարչապետի անսխալականության հույսին։