Իսկ որտե՞ղ է մեր պետականության բանալին

Իսկ որտե՞ղ է մեր պետականության բանալին

Ինձ առանձնապես չի հետաքրքրում հարցը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսամե՞տ է, թե՞ ռուսամետ չէ: Ինձ չեն հետաքրքրում նաեւ «որոշները», որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանում» հայտարարության շուրջ աղմուկ են բարձրացրել ժամանակին կամ դրա համար քննադատել ՀՀ առաջին նախագահին: Այդ «որոշները» դա արել են զուտ այն պատճառով, որ եղել են արեւմտամետ կամ, որ շատ ավելի ցավալի է, արեւմտյան գործակալներ: Ես մի բան գիտեմ՝ մենք դեռ 1994 թվականին լուծել էինք Ղարաբաղի հարցը եւ կամ ստեղծել մի իրավիճակ, որից մինչեւ հարցի վերջնական կարգավորումը մեկ քայլ էր:

1994 թվականին բոլորս էլ գիտեինք, որ Արցախի հարցի կարգավորման բանալին գտնվում է Ստեփանակերտում: Հետեւաբար, խնդիրն այսօր ոչ թե Տեր-Պետրոսյանի «աղմկահարույց» հայտարարության ճիշտն ու սխալը որոշելն է, այլ այն, թե ինչու միայն 2010 թվականի հուլիսին (ՀՀՇ 16-րդ համագումարին) Տեր-Պետրոսյանը խոսեց Մոսկվայում գտնվող բանալիների մասին: Նա, ինչ է, Ամերիկա՞ էր հայտնագործել, թե՞ չէր տեսնում Մինսկի խմբի համանախագահների՝ այդ տարիների եռուզեռը: Նաեւ մի այսպիսի, առաջին հայացքից անկարեւոր թվացող հարց՝ մենք, հեռը Տեր-Պետրոսյանի փեշերից, պատահաբար, չգիտե՞նք, թե ով Ստեփանակերտին դուրս թողեց բանակցություններից եւ Արցախի հարցի լուծման բանալիները տարավ Ռուսաստան:

Այս հարցերի պատասխանները գտնելու համար մեծարգո առաջին նախագահին կառաջարկեի մտքով տեղափոխվել պատմության ոչ հեռավոր անցյալ եւ ուսումնասիրել ԽՍՀՄ փլուզման պատմությունն ու դրան հետեւած իրադարձությունները: Օրինակ, այդ ինչպես պատահեց, որ մեր հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում մեկը մյուսի հետեւից իշխանության եկան ԽՍՀՄ պոլիտբյուրոյի անդամներ Շեւարդնաձեն եւ Ալիեւը, իսկ Հայաստանում նախագահ դարձավ բոլորովին կողմնակի մի մարդ, որին ոչ ոք չէր ճանաչի, եթե Մոսկվայից նրան չդնեին Շարժման գլխին ու նախագահ չդարձնեին: Առանձին ուսումնասիրություններ եւ մենագրություններ կա՞ն այս հարցի հետ կապված, ես չգիտեմ, բայց ինձ համար հստակ է, որ մենք դե ֆակտո անկախացել էինք ԽՍՀՄ փլուզումից էլ առաջ՝ 1988-ին, եւ Հայաստանում հաստատ չէր աշխատելու ԽՍՀՄ ղեկավարներին հետ բերելու մոսկովյան պլանը:

Ինչեւէ, Ռուսաստանում լավ մշակվելուց հետո հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ Մոսկվայի ֆավորիտը, որին հաջողվեց մոտ 6-7 տարի իշխել Հայաստանում եւ Ադրբեջանից դե ֆակտո անկախացած Արցախի բանալիները փոխանցել Մոսկվային: Տեր-Պետրոսյանը, իհարկե, չէր կարող այս մասին խոսել 1998 թվականին, բայց ահա տարիներ անց կարելի է հեշտությամբ մեղադրել բոլորին՝ Արցախի խնդիրը ճիշտ չհասկանալու մեջ:

Ի՞նչ է ասել Տեր-Պետրոսյանը 2010թ. ՀՀՇ 16-րդ համագումարում. «Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից: Արեւմուտքի պասիվությունը մասամբ բացատրվում է նրանով, որ ինքն էլ, թեկուզ ենթագիտակցորեն, տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի: Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա առնվազն Եվրամիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտել Այսրկովկասի գործերին:

Սա նշանակում է, որ Ղարաբաղի հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում: Նման վարքագիծը կապված չէ ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ:

Հայաստանի իշխանությունները, իմ տպավորությամբ, չեն գիտակցում դա: Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ: Մենք, ըստ այդմ, հայտնվել ենք 1920թ. վիճակում, որից, դժբախտաբար, ժամանակին ճիշտ ելք չգտանք: Այսօր նույն սխալը կրկնելու իրավունք չունենք»:

Նկատենք, որ Տեր-Պետրոսյանն այս ամենն ասել է Սերժ Սարգսյանի իշխանություններին՝ նրանց, ըստ էության, մեղադրելով Ռուսաստանի այսրկովկասյան առաքելությունը չընկալելու մեջ: Երեկ արդեն Տեր-Պետրոսյանը նույն մեղադրանքով թիրախավորել է նաեւ ՀՀ գործող իշխանություններին. «Իմ համոզմամբ՝ Արցախի հարցում մեզ վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու եւ ներկա իշխանությունների կողմից: Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան:

Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես կառավարության անդամների եւ հատկապես արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով»: 

Ահա թե ինչ է նշանակում Մոսկվայում մշակում անցած հայ ղեկավարը, որը չի ուզում ընդունել, որ արցախյան հարցի ձախողումների հիմքում հենց իր գաղափարներն են ընկած, որոնք տասնամյակներ շարունակ քննարկման նյութ են եղել Մինսկի խմբում։  «Տարածքներ՝ հանուն խաղաղության»-ը ես չեմ հորինել, Սերգոյին էլ ես չեմ ասել, որ վատ կապրի, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել: Ողղակի չեմ հասկանում, թե ինչից է բողոքում պրագմատիկ Տեր-Պետրոսյանը, երբ իր «առաջադեմ» հոգեզավակ Նիկոլ Փաշինյանն արդեն իրագործել է այդ պլանը եւ տարածքները հանձնել Ռուսաստանի հետ ակտիվ շփումներ ունեցող Ադրբեջանին: Թվում է՝ նա պետք է ցնծար, որովհետեւ շնորհիվ Փաշինյանի, Հայաստանն ընդհանրապես որեւէ կերպ ներկայացված չէ բանակցություններում, եւ ավելի հեշտ է պնդելը, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալիները Մոսկվայում են գտնվում: Նույնիսկ պնդելու հարկ էլ չկա արդեն: Ղարաբաղում 5 ամիս է՝ ռուսական զորքեր են կանգնած:

Տեր-Պետրոսյանի իրական ընդդիմախոսները նրան բազմիցս զգուշացրել են, որ Արցախի հանձնումը կդառնա Հայաստանի հանձնման եւ պետականության կորստի նախերգանքը: Արցախը տվեցինք: Ի՞նչ է սպասում մեզ վաղը: ՀՀ առաջին նախագահը չի վարանում նույն ոգով պնդել, որ Մոսկվայում են գտնվում նաեւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման բանալիները:

Նիկոլ Փաշինյանն էլ հիմա այդ գծի վրա է աշխատում՝ Հայաստանը դուրս մղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններից եւ ամեն ինչ թողնել Ռուսաստանի հայեցողությանը՝ ի՜նչ Ցեղասպանություն, ի՜նչ հիշողություն, ի՜նչ պահանջատիրություն, ի՜նչ բան… Տեր-Պետրոսյանն ասում է՝ իրավունք չունենք հապաղելու, ինչպես 1920 թվականին: Ասում է՝ Նիկոլն էլ փորձում է չհապաղել: Եվ նորից նույն հարցն է առաջ գալիս՝ ինչի՞ց է դժգոհ Տեր-Պետրոսյանը:

Հնարավոր է՝ ընթերցողը հարց տա այս հոդվածը կարդալուց հետո՝ հիմա քո ասածն ի՞նչ է, Լեւոնը սխալվո՞ւմ է: Բա եղա՞վ, ես ո՞վ եմ, որ նման բան ասեմ: Ես ընդամենը ուզում եմ իմանալ՝ էս անտեր երկրում ինչ-որ բանի բանալի կա՞, թե՞ Ղարաբաղի բանալիների հետ բոլորը հանձնել ենք Ռուսաստանին…