Միասնական սոցիալական ծառայություններում խայտառակ վիճակ է (տեսանյութ)
Մինչ այս պահը դեռ չեն վճարվել Արցախից բռնի տեղահանվածների 100 հազարական միանվագ գումարները, շատ են դեպքերը, որ չեն ստացել նաև 40 և 10 հազարական գումարները։ Իրենց հասանելի գումարը ստանալու համար հազարավոր արցախցիներ օրերով ստիպված են լինում պետական դռներն ընկնել: Բայց այնտեղ էլ չեն ստանում սպառիչ պատասխան: Նրանց ուղարկում են մի հասցեից մեկ այլ հասցե: Օրինակ մարզային Միասնական սոցիալական ծառայությունից` ՀՀ կառավարություն, ՀՀ կառավարությունից` երրորդ կառավարական շենք, այնտեղից` Նալբանդյան հասցեում գործող ՄՍԾ, որտեղից էլ ուղարկում են իրենց ժամանակավոր բնակության հասցեներում գործող ՄՍԾ-ներ։
Տուն-տեղ, աշխատանք չունեցող արցախցիներն իրենց հույսը կապել են այս գումարների հետ, եւ ամեն օր այսպիսի շրջագայությունների մեջ են հայտնվում, բայց սայլը տեղից չի շարժվում։ Այսօր իմացանք, որ վաղը վերջին օրն է 100 հազարական դրամները ստանալու, ով չի ստացել՝ չի ստանալու, և եթե չեն ստացել 100 հազարները, նշանակում է` չեն գրանցվել ինչ-որ բազաներում, և չեն կարող ստանալ 6 ամսվա համար նախատեսված 40 և 10 հազարական գումարները, որով պետք է հոգային բնակարանի վարձերը և կոմունալները։
Պատկերացրեք` ինչ իրարանցում եւ խուճապ է տիրում այն մարդկանց շրջանում, ովքեր չեն ստացել գումարները: Այս անկազմակերպ եւ վատ կառավարվող իրավիճակը քիչ չէ` արցախցիները հանդիպում են նաեւ պետական ծառայություններում աշխատող մեծ թվով անբարեխիղճ մարդկանց, մասնավորապես՝ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունում, ՄՍԾ-ում։ Այս կառույցներում մարդկանց հարցերին պատասխանում են իմիջայլոց, վերևից նայելով, մուննաթով, ավելորդ բյուրոկրատիա եւ պատնեշներ առաջացնելով: Եվ սա այն պարագայում, երբ սոցիալական ծառայություններում աշխատող մարդիկ` իրենց աշխատանքի բերումով պետք է ապրումակցեին, լսեին մարդկանց խնդիրները եւ ամեն գնով լուծեին:
սվածի վառ ապացույցը դուք կարող եք տեսնել օրվա տարբեր ժամերին այցելելով այդ կառույցների ընդունարաններ։ Երբ Միասնական սոցիալական ծառայությունը նոր էր ներդրվում սոցիալական ոլորտում, իշխանությունները վստահեցնում էին, որ նոր փոփոխված մոդելը՝ ՄՍԾ-ն, շեշտակի տարբերվելու է, չեն լինելու նախկին սխալները, չի լինելու նախկին քաշքշուկն ու բյուրոկրատիան: Սակայն վերակազմավորման փուլում մեծ թվով փորձառու մարդիկ դուրս մնացին ոլորտից, նրանց մեծ մասին փոխարինեցին նոր անփորձներով, ծանոթ-բարեկամներով, որոնք ունեն իբրև թե մասնագիտական կրթություն և որակավորում ունեն, բայց մարդկային մոտեցում եւ բարեխղճություն չունեն։
Մանրամասն՝ տեսանյութ 1
տեսանյութ 2
Կարծիքներ