Խախտվում է թե՛ ԵՊՀ կանոնադրությունը, թե՛ բարձրագույն կրթության մասին օրենքը, թե՛ Սահմանադրությունը

Խախտվում է թե՛ ԵՊՀ կանոնադրությունը, թե՛ բարձրագույն կրթության մասին օրենքը, թե՛ Սահմանադրությունը

Երեւանի պետական համալսարանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ Նախօրեին մամուլում գրվեց այն մասին, որ արդարադատության նախարարի հրամանով արդեն ստեղծվել է անցումային հոգաբարձուների խորհուրդ, որն իբրեւ թե պետք է Երեւանի պետական համալսարանը հանի ճգնաժամային իրավիճակից։

Իրականում հասկանալի է, որ իշխանությունն ուզում է ձեռքը վերցնել մայր բուհի կառավարման ղեկը եւ դա անում է՝ դիմելով տարբեր միջոցների։ Դրանցից մեկը պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող՝ կառավարության մայիսի 4-ի որոշումն էր, որը, ըստ լիազորի, առաջնահերթ պետք է լուծեր այդ 3 բուհերում (Երեւանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի) առկա կառավարման ճգնաժամը։ Բայց ակնհայտ էր, որ այս դեպքում էլ թիրախը դարձյալ ԵՊՀ-ն է, քանի որ ձայների 65/35 հարաբերակցությամբ լիազոր մարմինը կընտրեր եւ կձեւավորեր իր ուզած խորհուրդն ու ռեկտորին։ 

Ու քանի որ Սահմանադրական դատարանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, կասեցրեց կառավարության սույն որոշումը, իշխանությունն անցավ այլ մարտավարության՝ ձեւավորեց ժամանակավոր խորհուրդ, որում ներգրավված են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով թեպետ պատասխանեց մեր զանգին, բայց անմիջապես էլ անջատեց հեռախոսը։

Հավաստի տեղեկությունների համաձայն, ձեւավորված խորհուրդն այս շաբաթ պատրաստվում է ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, ով նույնպես այս օրերին չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ինչ վերաբերում է նրա թեկնածությանը, ապա կան մի շարք անհարթություններ․ նախ՝ անհամապատասխանությունը բուհի կանոնադրական պահանջին, համաձայն որի՝ ԵՊՀ ռեկտոր կարող է դառնալ միայն պրոֆեսորը, իսկ Հ. Հովհաննիսյանը չունի այդ կոչումը։ Բացի այդ, մասնագիտական շրջանակները չեն մոռացել նրա դոկտորական ատենախոսության շուրջ ստեղծված աղմուկը՝ կապված դրանում առկա արտագրությունների, կեղծիքների հետ։

Հ. Հովհաննիսյանի թեկնածությունը կարելի է դիտարկել նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի շրջանակներում, որի համահեղինակներից է ինքը, եւ որն ամբողջովին միտված է բուհերի ինքնավարության դեմ։ Ի դեպ, ամիսներ առաջ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան ուղարկեց ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը՝ վիճարկելով դրա որոշ դրույթների սահմանադրականությունը, ու քանի դեռ այս մասով վերջնական որոշում չկա, իշխանությունը որդեգրեց այլ գործելակերպ՝ ստեղծեց անցումային հոգաբարձուների խորհուրդ։

Սակայն խնդիրն այն է, որ նորաստեղծ անցումային հոգաբարձուների խորհուրդը 3 մասով հակասությունների մեջ է մտնում մի շարք օրենքների հետ․ մեկը «Հիմնադրամների մասին» օրենքն է, որը թույլ է տալիս, որ արդարադատության նախարարը 3-հոգանոց ժամանակավոր խորհուրդ կազմի եւ նշանակի համալսարանի ռեկտոր ու հիմնադրամի կառավարիչ։ Բայց այստեղ կա մեկ այլ հակասություն․ Սահմանադրությունը սահմանում է, որ բուհերը պետք է ինքնավարություն ունենան, իսկ այդ ինքնավարությունը 3-հոգանոց անցումային խորհրդով խախտվում է, որովհետեւ այդ խորհրդի անդամներից եւ ոչ մեկը համալսարանական չէ, հետեւաբար՝ այս պարագայում եւս ոչ մի համամասնություն չի պահպանվում։

2-րդը «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքն է, որը սահմանում է, թե բուհի ղեկավարն ինչ չափանիշների պետք է համապատասխանի։ Եվ 3-րդը ԵՊՀ կանոնադրությունն է, որը սահմանում է, որ համալսարանի կառավարիչը պետք է լինի դոկտոր, պրոֆեսոր։ Միաժամանակ համալսարանի կանոնադրությունը ԺՊ-ի համար առանձին չափանիշներ չի սահմանում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նույն չափանիշներին պետք է համապատասխանի նաեւ ռեկտորի ԺՊ-ն։ Ավելին՝ Գեղամ Գեւորգյանի ընտրությունը հենց դրանով էր պայմանավորված․ հոգաբարձուների խորհուրդը որոշեց, որ նույն պահանջները պետք է դրվեն նաեւ ԺՊ-ի դեպքում, ու քանի որ Գ․ Գեւորգյանն ուներ դոկտոր, պրոֆեսորի կոչում, ընտրվեց ռեկտորի ԺՊ։

Ակնհայտ է մի բան, որ գնալով անցումային հոգաբարձուների խորհուրդ ձեւավորելու քայլին՝ իշխանությունը միաժամանակ խախտում է թե՛ Սահմանադրության համապատասխան դրույթը, թե՛ ԵՊՀ կանոնադրությունը եւ թե՛ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքը։