Ֆեյսբուքյան դատաստան

Ֆեյսբուքյան դատաստան

Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսին նվիրված «ֆեյսբուքյան ահեղ դատաստանագրքի» գրառումներն եմ կարդում ու որտեղից որտեղ ֆեյսբուքի մասին Արմեն Մուրադյանի տարիներ առաջվա  ասած խոսքն եմ հիշում ու սկսում ինքս ինձ ծիծաղել։ Ո՜նց էլ ժամանակին ճշգրտորեն բնութագրել է, այն էլ ՝ Ազգային ժողովում։  

Երևի հիշում եք 2016 թվականին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի գործը։ Առողջապահության նախարարը Ազգային ժողովում ելույթ էր ունենում։ Մտածում էի, որ կխոսի իրավական կողմի մասին։ Բայց ի զարմանս ինձ ու շատերի, բոլորովին այլ բան ասաց․ 

«Ինչ վերաբերվում է հալածանքներին, ապա ես կտրականապես դրան դեմ եմ: Կարծում եմ, որ բժշկին, անկախ նրա մեղքի բաժնից, որի ձեռքերում հազարավոր կյանքեր են ծնվել՝ չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել»:

2016-ին ֆեյսբուքյան հալածանքներն այսօրվա համեմատ շատ- շատ թույլ էին, չնայած ներկա իշխանության կողմից հայհոյանքը քրեականացնելու գործընթացին։  Հայհոյանքի այսպիսի մեծ դոզա չկար։ Բայց նախկինում հայհոյանքից, վիրավորանքից մարդիկ ազդվում էին, և քրեական դատաստանից առաջ բարոյական վիրավորանքից, ֆեյսբուքյան դատաստանից  էին վախենում։ Մարդկանց կարծիքից, վիրավորանքից էին վախենում։ Եվ իզուր չէր ասվում ֆեյսբուքյան դատաստան։ Հիմա մի տեսակ այլ կերպ են դատում։  Երկրիդ ղեկավարը հայտարարում է, որ երբ իրեն թուրք են ասում, ինքը չի վիրավորվում։ Բայց մարդիկ ազգություն չեն նշում, ինքը հո լավ գիտի, թե ինչ են նկատի ունենում։ Ի վերջո գուցե ճիշտ են գրում, որ հիմա լիցքավորվում են ֆեյսբուքյան դատաստանից։ Հաջորդ օրն ավելի տոնական տրամադրությամբ են կառավարության նիստ վարում։