Հինգ օր առաջվա տեղեկատվությունն ինչո՞ւ եք ուղարկել մեզ

Հինգ օր առաջվա տեղեկատվությունն ինչո՞ւ եք ուղարկել մեզ

ԱԳՆ-ում Էդուարդ Նալբանդյանի լավագույն ավանդույթները շարունակվում են։ Արտգործնախարարությունը 5 օր ուշացումով է պատասխանում մեր հրատապ հարցումին՝ երբ արդեն թեման ակտուալ չէ։ Իսկ մենք հետաքրքրվել էինք, թե ինչպիսին է նախարարությունում կորոնավիրուսային իրավիճակը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրաժարվել էր մեզ օպերատիվ տեղեկություն տրամադրել, և մեզնից գրավոր հարցում էր պահանջել՝ մայիսի 28-ին։ 
Մենք ստիպված էինք գրավոր հարցում ուղարկել, մասնավորապես հարցրել էինք` ԱԳՆ-ում՝ թե դիվանագիտական կորպուսում, թե՛ աշխատակազմում, կորոնավիրուսով վարակվածության քանի՞ հաստատված դեպք կա, կորոնավիրուսի թեստ հանձնե՞լ են նախարարն ու փոխնախարարները, ԱԳՆ-ում քանի՞ աշխատող է վարակված եւ կոնտակտավոր, ընդհանուր քանի՞ աշխատող է թեստ հանձնել, քանի՞ հոգի է աշխատում տնից՝ հեռավար կարգով, հեռավար կարգով աշխատողների ցանկում կա՞ն փոխնախարարներ, այլ պետություններում հավատարմագրված դեսպանների ցանկում կա՞ն վարակվածներ։ 

ԱԳՆ-ից 5 օր անց ինչ-որ թվեր են ուղարկել մեզ, որոնք, բնականաբար, արդեն չեն արտացոլում ներկայիս իրականությունը․ 

«ԱԳՆ դիվանագիտական անձնակազմում ( ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատ և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ) մայիսի 28-ի՝ ժամը 14։00-ի դրությամբ հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության երկու դեպք։ Մայիսի 28-ի դրությամբ ԱԳՆ աշխատակիցներից 19-ը համարվում են կոնտակտավար և ինքնամեկուսացել են։ Հեռավար կարգով աշխատանքի աշխատանքի իրականացման առնչությամբ հայտնում ենք, որ Հայաստանում արտակարգ դրության սահմանումից ի վեր ԱԳՆ աշխատակիցների 60 տոկոսը աշխատանքի ներկայանում է՝ ըստ սահմանված հերթապահության։ ԱԳՆ մյուս աշխատակիցները, այդ թվում խոցելի խմբերում ներգրավվածները, իրենց լիզորություններով սահմանված աշխատանքները լիարժեքորեն իրականացնում են հեռավար կարգով, որոնց շարքում չկան փոխնախարարներ։ Արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների շարքում վարակակիրներ չեն հայտնաբերվել»,- պատասխանել են ԱԳՆ-ից։ 

Հարցրել էինք նաև, թե ո՞վ է այն մի հոգի վարակվածը, որի մասին խոսնակը հայտարարել էր ավելի վաղ, այս հարցին չեն պատասխանել՝ մեջբերելով բժշկական գաղտնիքը։