Աստվա՞ծ են, ի՞նչ են իմ գործընկերները, որ հավատամ կամ չհավատամ

Աստվա՞ծ են, ի՞նչ են իմ գործընկերները, որ հավատամ կամ չհավատամ

Մամուլում գրվեց, որ «Իմ քայլում» շոկ էր առաջացրել վարչապետի գաղտնի որոշումով նախարարներին եւ այլոց աշխատավարձերի չափով պարգեւավճարների փաստը, եւ հատկապես տարակուսանքի մեջ էին, թե ինչու գաղտնի։ Սակայն ԱԺ նորընծա պատգամավոր, դերասան Արթուր Մանուկյանն արտասովոր ոչինչ չի տեսնում դրանում, առավել եւս՝ չի կարծում, թե գաղտնի բան է արվել։ «Բոլորը գիտեն, արդեն գաղտնի չէ»,- մեր զրույցում հանճարեղ եզրահանգում արեց նա:

Արթուր Մանուկյանը թատրոնի եւ կինոյի դերասան է՝ Երեւանի կինոթատրոններում այժմ ցուցադրվող «Անհայտ բաժանորդ» ֆիլմի դերակատարներից մեկը, մինչ այս Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում էր, նրա խորհրդարանամուտը եղավ սեպտեմբերին, երբ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվեց մանդատից:

- 2 օր է՝ հանրությունը վրդովված քննարկում է, թե ինչու պիտի վարչապետը գաղտնի որոշմամբ կրկնապատկեր նախարարների եւ այլոց աշխատավարձերը: Ինչո՞ւ գաղտնի, ձեր իշխանությունն էր, չէ՞, հայտարարում, որ ժողովրդից գաղտնի ոչինչ չի անելու, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ասում էր՝ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա:

- Դե, փաստորեն, գաղտնի չի, բոլորը գիտեն այդ մասին, ի՞նչ գաղտնի։

- Խոսքն այն մասին է, որ որոշումը կայացվել է գաղտնի, դա ընթացակարգ է՝ չի զեկուցվել կառավարության նիստում, եւ «բոլորը» տեղեկացել են մամուլից:

- Ես, ճիշտն ասած, չեմ կարող մեկնաբանել այս հարցը:

- Խնդիր տեսնո՞ւմ եք, որ իշխանությունն այլեւս հաշվետու չէ ժողովրդին, ինչպես խոստացել էր:

- Եթե իշխանությունը ժողովրդից բան ունի թաքցնելու, այդտեղ խնդիր տեսնում եմ:

- Չի՞ ստացվում, որ հեղափոխական իշխանությունն էլ դրժեց մեծամեծ խոստումները, ու այլեւս ժողովրդի կարծիքն իր համար գերակա չէ:

- Գիտեք՝ իշխանությունը մի քանի գաղտնիքներ ունի, որոնք ճիշտ է, որ լինեն: Ես չգիտեմ՝ էդ հարցը գաղտնիքների մեջ մտնո՞ւմ ա եւ ինչո՞ւ է գաղտնիք։ Ես չգիտեմ, անկեղծ, ինչու է գաղտնի արվել դա, երբ իմանամ, իմ կարծիքը կհայտնեմ:

- Կարծում եք, որ աշխատավարձի հարցը պետական գաղտնի՞ք է, որ պետք է մտներ Ձեր ասած իշխանության գաղտնիքների մեջ:

- Ես չեմ համարում, բայց պիտի հասկանամ՝ իրենք ինչու են համարում:
Ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ՝ ինչու է գաղտնիք, ինչու է գաղտնի արվել: Այո, հարցն առաջացել է, եւ ես այդ հարցը կտամ իմ գործընկերներին ու կստանամ պատասխանը: Ես հանրության կարծիքի վրա չեմ կարող կարծիք հայտնել:

- Փաստորեն, հանրային կարծիքը Ձեզ համար գործոն չէ, եթե հանրությունը վրդովմունք է հայտնում, դա դեռ չափանիշ չէ:

- Եթե հանրությունը վրդովվում է, ուրեմն հանրությունը վրդովվում է, ես ի՞նչ ասեմ: Գուցե ես լսեմ հանրությանը, հասկանամ՝ ինչու է վրդովվել: …Հա, ինչու չէ, կարող է հարցում անցկացնեմ, չի՞ կարելի, գուցե այդ վրդովմունքն ի չիք դառնա, երբ որոշողները բացատրեն, գուցե ավելի մեծանա: Ես տեղին եմ համարում իշխանության նկատմամբ քննադատությունները, դա շատ կարեւոր է, սթափեցնող է՝ ինչ-որ հանգրվանի հասնելու համար:

- Ձեր պատգամավորական գործունեությունն ամիսների պատմություն ունի, բայց մտածե՞լ եք՝ ինչ օրենքներ եք ուզում հեղինակել, ի՞նչն է, Ձեր կարծիքով, ամենահրատապ խնդիրը:

- Ես կինոյի մասին օրենքի վրա եմ աշխատում, պետք է մեր ռեսուրսները կենտրոնացնենք, որպեսզի լավ օրենք ստացվի:

- Իսկ բացի մասնագիտականից, երկրում կա՞ որեւէ խնդիր, որը Ձեզ մտահոգում է ու օրենսդրական լուծում է պահանջում:

- Ես ուզում եմ այն ոլորտներում խառնվել, որտեղ ունեմ կոմպետենտության աստիճան: Ես, օրինակ, տնտեսական հարցերով կոմպետենտություն չունեմ, եւ ինձ համար դժվար է հարկերի, եկամտահարկերի վրա խորանալ: Ուստի ես այս հարցերում հետեւում եւ վստահում եմ մասնագետներին:

- Այսինքն՝ ձեր գործընկերներին հավատալո՞վ եք քվեարկում:

- Աստվա՞ծ են, ի՞նչ են իմ գործընկերները, որ հավատամ կամ չհավատամ, լսում եմ մասնագետներին: Օրինակ՝ երբ գնում եք բժշկի, ինքը ձեզ վիտամին C է նշանակում, դուք հավատո՞ւմ եք: Հավատում եք, թե չեք հավատում` խմում եք, չէ՞, դեղը: Եթե մենք միասին ենք, թիմ ենք, վստահության հարց կա, չէ՞, եթե ես չվստահեմ այդ մարդկանց, ո՞ւմ վստահեմ՝ Ձե՞զ:

- Չէ, այլ աղբյուրների, օրինակ՝ ընդդիմությանը:

- Տեսեք, ԲՀԿ-ն առաջարկում է կրթաթոշակները բարձրացնել, ասում է՝ 99-ից չեն բարձրացել: Իրենք ասում են․ որպեսզի ուսանողը լավ սովորի, պետք է թոշակը բարձրացնել: Ըստ ԲՀԿ տրամաբանության՝ ուսանողներն այդ թվականից ընդհանրապես պիտի լավ չսովորեին, որովհետեւ ամեն ինչ թանկացել է, իրենց թոշակը չի բարձրացել: Ես համաձայն եմ, թոշակը բարձրանա-չբարձրանա՝ կրթություն ստանալու վրա չի ազդելու: Սա էլ՝ ընդդիմության արգումենտը:

- Կառավարությունում էլ ճիշտ նույն արգումենտն են բերում, գոնե ամիսներ շարունակ խոսում են, որ պետք է պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան, որ լավ աշխատեն, կոռուպցիայի չգնան: 

- Ոչ, դա աշխատող արգումենտ չէ: Կուռուպցիայով զբաղվել են ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդիկ: Ես ամբողջ կյանքս ստացել եմ շատ ցածր աշխատավարձ ու կոռուպցիայով չեմ զբաղվել: