Կասկածելի է, որ սալյուտը կարող էր այդ կարգի դետոնացիա տար

Կասկածելի է, որ սալյուտը կարող էր այդ կարգի դետոնացիա տար

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները դեռ պարզ չեն։ ԱԻՆ-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով հրդեհ է բռնկվել, եւ պայթել է պայթուցիկների պահեստը, փլուզվել է եռահարկ պահեստային շինություն: Տեսախցիկների  ֆիքսած հզոր պայթյունն այս օրերին տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, մասնավորապես, որ միայն հրդեհից չէր կարող այդպիսի ուժգնությամբ պայթյուն եւ ավերածություն տեղի ունենալ։ Խոսվեց նաեւ տեռորիստական ակտի մասին, որը, սակայն, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը բացառել էր. «Երբ դիտում ենք պայթյունի տեսանյութը, հասկանում ենք, որ այստեղ չի կարող խոսք գնալ տեռորիստական ակտի մասին։ Պայթյունից առաջ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում։ Ներսում ինչ-որ մի բաժին կրակ է եղել, այնուհետեւ այն տարածվել է նյութերի վրա, դրա պատճառով է պայթել։ Սա, ըստ մեզ, ըստ ԱԻՆ-ի, 99 տոկոսանոց ճշմարտություն է»։

Երկրաբան Սաշիկ Բրուտյանին, ով երկար տարիների մասնագիտական փորձ ունի պայթյունների կազմակերպման գործում, խնդրեցինք համադրել տեղի ունեցած պայթյունի տեսաձայնային պատկերաշարը, նախնական ի՞նչ կռահումներ ունի, հնարավո՞ր էր այդ հզոր պայթյունը լիներ միայն պայթուցիկներից (սալյուտներից)։ «Չեմ կարող ասել ու նաեւ՝ կողմնորոշվել, թե ինչ քանակ կարող էր լինել պահեստում։ Հետո՝ պատերի հաստությունը պետք է իմացվի, որ որեւէ ենթադրություն արվի, բայց կասկածելի է, որ սալյուտը կարող էր այդ կարգի դետոնացիա (անդրպայթյուն) տալ, դրա համար դժվարանում եմ ասել, թե դա ինչի հետեւանք էր»։

Այն, որ, շատերի դիտարկմամբ, պայթյունի այդ մասշտաբը նման էր տրոտիլի պայթյունի, Բրուտյանը նշեց, որ հստակ միայն հետաքննությունը կարող է պարզել, մնացածը ենթադրություն է․ «Տարածքից՝ պայթյունի էպիկենտրոնից կոնկրետ նմուշներ կվերցնեն ու նոր կկարողանան ասել՝ կոնկրետ ինչ է պայթել, իսկ այսպես չեմ կարող ենթադրություն անել, թե ինչ կարող էր պայթել»։

Շենքերից ամեն մեկը մի ձեւով է պայթում՝ ինչո՞վ է դա բացատրում, օրինաչա՞փ է, թե՞ ոչ։ «Դե, առաջին պայթյունից շենքը թուլացավ, 2-րդ պայթյունից ու հարվածային ալիքից փլվեց, էլի դժվար է ենթադրություն անել, քանի որ հարվածային ալիքը երբ խփում է, բավականին մեծ տարածություն տանում է»։ 

Սալյուտների բռնկման վարկածն արժանահավա՞տ է եւ կարո՞ղ էր նման աղետի հանգեցնել։ «Կախված է, թե ինչ տեսակի լիցքեր են եղել, քանի որ հզոր սալյուտներ կան։ Ամեն դեպքում, նախ պետք է իմանաս՝ որից ինչքան է եղել, նոր, ըստ այդմ, հաշվարկներ արվեն։ Եթե քանակը շատ է ու վառվում է, կարող է եւ դետոնացիա տալ, բայց որ այդ աստիճանի հարվածային ալիք կարող էր առաջանալ, մի քիչ դժվար է կանխատեսել…»։