Հանրային հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին

Հանրային հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին

Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին՝ Հակոբ Պապիկյանին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Ստիպված եմ ավարտել աշխատանքս Հանրային հեռուստաընկերությունում․ վերջինս լուծեց ինձ հետ կնքած ծառայությունների մատուցման պայմանագիրը, որը, ըստ տնօրեն տիկին Գրիգորյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշումն է։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ու Հանրային հեռուստաընկերության ղեկավարը անմարդկային ջանքեր են գործադրում՝ հեռուստադիտողի համար կատարելությանը մոտ, թարմ, ակնհայտ երիտասարդ ու հետաքրքիր կերպարներ գտնելու ուղղությամբ, որոնք, միաժամանակ, ոչ մի վայրկյան չեն մոռանա իրենց վեհ առաքելության մասին և կարժանանան եթերում հայտնվելու բացառիկ իրավունքին:

Այսօր արդեն մենք պարզորոշ նկատում ենք այդ «բարեփոխումները»:

Ես՝ իմ համեստ մասնագիտական որակներով, այլևս չեմ համապատասխանում առաջադրված պահանջներին և, առհասարակ, որևէ այլ հաղորդման տարբերակ ևս մոտ ապագայում չի կարող դիտարկվել: Հաշվի առնելով այս ամենը՝ ինձ խորհուրդ տրվեց ընդունել իրողությունը և առաջարկ եղավ հնարավոր ապագայում զբաղվել մի նախագծի պրոդյուսերական աշխատանքով: Այդ առաջարկը առնվազն անհեռանկարային եմ համարում. արդեն ո՛չ այս պայմաններում, ո՛չ այս ամենից հետո, և՝ ո՛չ Ձեզ հետ, տիկին Գրիգորյան:

Հանրայինից դուրս կյանք կար ու կա՛:

Ամենայն հարգանքով, բայց թույլ տվեք չհամաձայնել ձեր «հեղինակավոր» կարծիքի հետ և, ի գիտություն Ձեզ (բոլորիդ), հայտարարել, որ շարունակելու եմ զբաղվել սիրելի աշխատանքով, որին նվիրել եմ կյանքիս մեծ մասը:
Ուրախ կլինեմ մի օր վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն, երբ այդտեղ տեղի ունենան իրական և կոնկրետ փոփոխություններ:

Շնորհակալ եմ բոլոր հեռուստադիտողներին, ովքեր իրենց մտահոգությունն են արտահայտել և գոտեպնդում են ինձ ջերմ վերաբերմունքով ու խոսքերով:

Մնաք բարով, ընկերնե՜ր:

Մինչ նոր հանդիպում եթերում» :