Ֆեյսբուքյան տեղեկատվական հարթակ
Արցախյան պատերազմին յուրաքանչյուր հայ այսպես թե այնպես մասնակից է՝ անկախ գտնվելու վայրից, այսպես թե այնպես զինվոր է՝ անկախ սեռից ու կարգավիճակից, այսպես թե այնպես «կրակում» է՝ անկախ զենքից ու զինատեսակից։ Մերոնց մասնակցությունը պատերազմին երբեմն նաեւ անսպասելի ձեւեր է ստանում։
Որքան էլ բարձրաճաշակ գրականագետները հեգնեն, ֆեյսբուքյան բանաստեղծ կանանց մի հոծ խումբ համառորեն չի լռում, շարունակում է հայրենասիրական երգեր երկնել, քանզի նրանցից շատերի համար գրելը հիմա արդեն աղոթելու պես բան է։ Իսկ աղոթողին չեն հեգնում։ Բայց նրանց թվում կան նաեւ այնպիսիք, որ, իսկապես թողած մուսա եւ բանաստեղծություն, բառի ուղղակի իմաստով աղոթքներ են գրում։
Գոհար Գալստյան (ՀԳՄ անդամ, մի քանի գրքերի հեղինակ) շնորհաշատ բանաստեղծուհին, օրինակ, վերջին շրջանում, իսկ ավելի ստույգ՝ պատերազմի առաջին օրերից, միայն աղոթքներ է գրում։ Դա նրա համար կենսական անհրաժեշտություն է դարձել այնքան, որ օրերս Ֆեյսբուքում անկեղծորեն ներողություն էր խնդրում․․․ աղոթքի ժամը ուշացնելու համար։ Իսկ այդ ժամը կեսգիշերն է։ Ահա Գոհարի կեսգիշերային աղոթքներից մեկը․ «Ամենազոր Տեր, պաշտպանիր մեր զինվորներին, որ արդեն քսաներեք օր ու գիշեր քաջաբար կռվում են խավարի դեմ, նրանց հետ եղիր մշտապես որպես բարի հայր, ապահով արա գիշերը, հեռու պահիր թշնամուն՝ Քո երկնային զորքով տապալելով նրան իր ծրագրերի ու գործերի մեջ... Տեր, առաջնորդիր մեր որդիներին դեպի հաղթանակ, եւ թող մեր Արցախ Հայաստան հայրենիքում լույսը բարով ու խաղաղությամբ բացվի, եւ իմ ազգը ցնծա՝ փառավորելով անունը Քո...»։
Պատերազմին մասնակցելու յուրօրինակ ձեւ է ընտրել լեզվաբան Վիկտոր Կատվալյանը (ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն)․ նա Ֆեյսբուքի իր էջում որոշակի պարբերականությամբ ընկերներին եւ ընթերցողներին լեզվական թարմ տեղեկատվություն է հաղորդում․․․ Ղարաբաղի բարբառից՝ «Արցախցին ասում է» խորագրի ներքո ներկայացնելով ասացվածքներ, առածներ, թեւավոր խոսքեր։ Ահա գրառումներից մեկը․
«Մին ըշխարքում մին իրիքյնակ կինի, մին տանը՝ մին մըէծ:
(Մեկ աշխարհում մեկ արեգակ կլինի, մեկ տանը՝ մեկ մեծ):
Մինչըէվ տօռնը թակիս վէչ, պէց անօղ չինիլ:
(Մինչեւ դուռը չթակես, բաց անող չի լինի):
Յարան յըրատըէռնը ցավ կըտա:
(Վերքը տիրոջն է ցավ տալիս):
Յըէղըտ քյըէզ ինի, թանէս նըհըէտ կօրծ չօնիս։
(Յուղդ քեզ լինի, թանիս հետ գործ չունես)»:
Լեզվաբանը, բնականաբար, չի մոռանում ընթերցողին զինել Ղարաբաղի բարբառի մասին անհրաժեշտ տեսական գիտելիքներով․
«- Արցախի բարբառում բառի առաջին վանկի այս կամ այն ձայնավորի դիմաց հաճախ առկա է ը (աշխարհ – ըշխարք)
- Արցախի բարբառում հաճախ են դրսեւորվում հինհայերենյան իրողություններ (գրբ. տէր – տեառն /տիրոջ/, բրբռ. յըրատէռնը /վերքի տիրոջը/)
- Արցախի բարբառում տարածված է գ, կ, ք հնչյունների փափուկ՝ գյ, կյ, քյ արտասանությունը /իրիքյնակ, քյըէզ/»:
Ահա այսպես՝ ֆեյսբուքյան տեղեկատվական հարթակը գործում է շուրջօրյա՝ հանուն հաղթանակի։
Կարծիքներ