Մեզ օդի ջրի պես անհրաժեշտ է համերաշծություն

Մեզ օդի ջրի պես անհրաժեշտ է համերաշծություն

Չգիտեմ, թե որքան կտևի պատերազմը՝ տա Աստված, որ այն կարճ տևի՝ ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2016-ի ապրիլին: Տա Աստված, որ հաղթական պատերազմն ավարտվի մեր բանակի հնարավորինս նվազագույն կորուստներով: Իսկ եթե, այնուամենայնիվ, պատերազմը ձգձգվի, մեզ անհրաժեշտ է համահայկական, բայց առաջին հերթին ներհանրապետական համերաշխություն: Արտաքին թշնամուն, որը քեզնից հզոր է տեխնիկապես, կարելի է հաղթել միայն ոգու ուժգնությամբ, սակայն պառակտված հասարակությունում չի կարող լինել այն ուժգնությունը, որը հնարավորություն կտա պարտության մատնել թշնամուն: Մեզ անհրաժեշտ է համերաշխություն, մեզ օդի և ջրի պես անհրաժեշտ է համերաշխություն: Եվ, ի դեպ, որքան տեղյակ եղա, աչքի ընկնող բոլոր ընդդիմադիր գործիչները հայտարարեցին քաղաքական պայքարը դադարեցնելու և իշխանության շուրջ միավորվելու մասին: Միաժամանակ, մի շարք քաղաքական կամ հասարակական գործիչներ՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի նման, դիմեցին ՀՀ նախագահին և վարչապետին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ խնդրանքով (https://hraparak.am/post/66a2a2d5e151b9a0c62b19a3f990121c)։ Կարծում եմ, որ չպետք է բավարարվել թվարկված անձանցով, այլ պետք է համաներվեն այսպես կոչված նախկինների դեմ հարուցված բոլոր քրեական գործերով անցնողները՝ ֆինանսական խնդիրների առկայության դեպքում դրանք արդարացիորեն լուծելու պայմանով: 
Կարծում եմ, որ հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական պատերազմը կարող է դառնալ այն զրոյական կետը, որից հետո Հյասատանի Հանրապետությունը կշարժվի այլ ուղղությամբ, քան դա եղել է վերջին երկուս ու կես տարում: Դա թույլ կտա վարչապետ Փաշինյանին վերջակետ դնելու հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու, իշխանության կամքը չկատարող դատավորներին «վնգստացող» բնորոշելու և այլ նմանատիպ դրսևորումներին: Հեղափոխություններն, ի վերջո, մի օր ավարտվում են, բայց որքան երկար են ձգվում դրանք, այնքան ծանր են լինում դրանց բացասական հետևանքները: Այս բանաձևը իմ հայտնագործությունը չէ, այն միշտ ցույց է տվել իր իրավացիությունը բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում: Դեռ մինչև այս պատերազմը մեր երկիրը մոտեցել էր հասարակության պառակտման այնպիսի եզրագծի, որից հետո հարցականի տակ էր դրվելու հասարակության համերաշխության վերականգնումը, առանց որի ոչ մի երկրում երբևէ տեղի չի ունեցել տնտեսության իրական զարգացում և ողջ ազգաբնակչության բարեկեցության աճ: 
Հասկանալի է, որ ասվածը կընկալվի որպես միամիտ մարդու երազանք, սակայն սա այն միակ ճանապարհն է, որը թույլ կտա մեզ նվազագույն բացասական հետևանքներով կերտել մեր ժողովրդի երազանքի հայրենիքը:

Վախթանգ Սիրադեղյան