ԽՍՀՄ առաջնորդների առեղծվածային մահերը

ԽՍՀՄ առաջնորդների առեղծվածային մահերը

35 տարի առաջ՝ 1985թ․ մարտին, ԽՍՀՄ-ը կառավարող միակ կուսակցության բարձրագույն ղեկավարի պաշտոնը ստանձնեց Միխայիլ Գորբաչովը։ Այն օրերին շատերի մոտ արթնացան դրական փոփոխությունների հույսեր, քանի որ նա երիտասարդ էր՝ ընդամենը 54 տարեկան։ Դա ինքնին մեծ առավելություն էր, քանի որ վերջին 2,5 տարում «կուսակցությունն ու ժողովուրդը» հաջորդաբար հողին էին հանձնել երեք հիվանդ առաջնորդի՝ 75-ամյա Լեոնիդ Բրեժնեւին (1982թ․ նոյեմբեր), 69-ամյա Յուրի Անդրոպովին (1984թ․ փետրվար) եւ 73-ամյա Կոնստանտին Չեռնենկոյին (1985թ․ մարտ)։ Նորընտիր երիտասարդ գլխավոր քարտուղարը, եթե կրկին դիմենք ներկա բառապաշարին, խիստ կոմունիկատիվ էր ու լայվերի սիրահար՝ խոսում էր անդադար եւ ամեն ինչի մասին, մինչդեռ իր երեք նախորդների մասին, պաշտոնական կենսագրություններից ու արարողակարգային միջոցառումների մասին պատմող հաղորդագրություններից զատ, մարդիկ ոչինչ չգիտեին՝ չհաշված «օդում կախված լուրերը»։ Գորբաչովի մասին պատկերացումներն ամբողջացնելու համար կարեւոր է նշել, որ նա ծագումով գյուղացի էր, իսկ կինը՝ աներեւակայելի եռանդուն ու ամուսնու վրա զգալի ազդեցություն ունեցող անձնավորություն։ 

Արդեն 28 տարի գոյություն չունեցող ԽՍՀՄ-ի պատմությունը լեցուն է չբացահայտված գաղտնիքներով, եւ դրանց թվում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում երկրի առաջնորդների առեղծվածային մահերը, որոնք մշտապես պատահել են «հարկավոր պահին» եւ նախորդել իշխանափոխություններին։

1924թ․։ Երբ պետության հիմնադիր վարչապետ Վլադիմիր Լենինը գրավոր առաջարկ ներկայացրեց կուսակցության բարձրագույն ղեկավարությանը՝ պաշտոնանկ անել գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինին եւ հանուն այդ նպատակի հաշտվեց իր հակառակորդ Լեւ Տրոցկու հետ, նա կարճ ժամանակ անց կորցրեց մտածելու եւ աշխատելու ունակությունները եւ արագ կնքեց իր մահկանացուն։ Դեռ չէր լրացել նրա 54 տարին։ Ստալինը պահպանեց եւ ամրապնդեց իր դիրքերը՝ ֆիզիկապես ոչնչացնելով իր բոլոր հակառակորդներին ու մրցակիցներին, եւ իշխանության մնաց եւս 29 տարի։ 

1948թ․։ Առողջարանում սրտի կաթվածից հանկարծամահ եղավ Ստալինի իշխանության հավանական ժառանգորդ Անդրեյ Ժդանովը։ Նա ընդամենը 52 տարեկան էր։ Ներկուսակցական պայքարում նա չդիմացավ ՆԳ ամենազոր նախարար Լավրենտի Բերիայի եւ փոխվարչապետ Գեորգի Մալենկովի հետ մրցակցությանը։ 

1953թ․։ Անխնամ, լքյալ ու անօգնական վիճակում մերձմոսկովյան ամառանոցում մահացավ 79-ամյա բռնապետը։ Ստալինի մահը ձեռնտու էր գրեթե ողջ բարձրագույն ղեկավարությանը։ Դրան հաջորդած հանուն իշխանության արյունոտ պայքարում հաղթեց Նիկիտա Խրուշչովը։ Սակայն նա եղավ առաջին ղեկավարը, որ պաշտոնանկ արվեց անարյուն կերպով (1964-ին), եւ իր կյանքն ավարտեց՝ գտնվելով թոշակի մեջ։ 

1980-ին վերսկսվեցին առաջնորդների առեղծվածային մահերը։ Բրեժնեւը մահացավ կուսակցության համաժողովից 12 օր առաջ, որտեղ ծրագրել էր իշխանությունը հանձնել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Շչերբիցկուն։ Իրադարձությունների նման ընթացքը կանխվեց։ Կասկածներ կան, որ Կրեմլի բժիշկները Բրեժնեւին օգնեցին ժամանակին հեռանալ կյանքից։ Իշխանությունն անցավ Անդրոպովին։ Նրա մահվան մասին հավաստի հայտնի է այն, որ Կրեմլի բժիշկների որոշմամբ անջատել են նրա կենսագործունեությունն ապահովող սարքերը, չնայած կարող էր եւս կես տարի գոյատեւել այդ վիճակում։ Սակայն նա խանգարում էր իշխանության փոխանցմանը, քանի որ պաշտպանության նախարար Դմիտրի Ուստինովը համոզել էր Չեռնենկոյին՝ հերթական զառամյալ քաղբյուրոյականին, դառնալ գլխավոր քարտուղար։ Ոչ պակաս մշուշապատ ու կասկածներով լեցուն է սրա մահը։ Նա սովորաբար նախընտրում էր հանգստանալ Ղրիմում, սակայն Կրեմլի բժիշկների խորհրդով 1984-ի ամառը որոշեց անցկացնել Կիսլովոդսկում։ Կովկասյան հայտնի առողջարանի լեռնային օդը ճակատագրական եղավ սիրտ-անոթային անբավարարությունից տառապող Չեռնենկոյի համար։ Հերթական գլխավոր քարտուղարը մահացավ ճիշտ ժամանակին։ 1985-ի մարտին նա հասցրել էր հիասթափվել Գորբաչովից եւ որպես իր փոխարինող էր տեսնում Մոսկվայի կոմունիստների ղեկավար Վիկտոր Գրիշինին։ Չեռնենկոյի մահվան եւ դրան հաջորդած մի քանի օրերի մասին ավելի շատ բան է հայտնի։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա մահացել է մարտի 10-ին, ժամը 19:20-ին, սակայն փաստեր կան, որ մահացել է դրանից 3 ժամ առաջ, եւ այդ փաստը հնարավոր է եղել թաքցնել Կրեմլի բժիշկների օգնությամբ։ Այդ ժամանակը հարկավոր էր Գորբաչովին, որպեսզի ապահովի իր ընտրության համար անհրաժեշտ ձայները եւ բացառի մայրաքաղաքից բացակայող իր մրցակից Գրիգորի Ռոմանովի եւ նրա մի քանի համախոհների իրազեկումն ու ժամանակին վերադարձը Մոսկվա։ Այդ գործը գլուխ բերվեց ոչ առանց ԱՄՆ-ի աջակցության։ Որոշ քննարկումներից ու ձգձգումներից հետո՝ մարտի 11-ին, Գորբաչովն ընտրվեց ԽՍՀՄ փաստական առաջնորդ։ Այդ լուրը, ինչպես նաեւ Չեռնենկոյի մահվան բոթը հաղորդվեցին միաժամանակ՝ հաջորդ օրը, մարտի 12-ին։