Քաղշինկոմիտեի և Ճարտարապետների պալատի հակասությունների մասին

Քաղշինկոմիտեի և Ճարտարապետների պալատի հակասությունների մասին

Շուրջ 20 տարի է, ինչ նախագծող ճարտարապետները եւ շինարարները թաղված են կաշառակերության եւ կոռուպցիոն սխեմաների մեջ` նախագծելու, հետո նախագիծը հաստատելու, պատվեր ունենալու տենդերներում հաղթելու համար: Եվ ո՞ւմ է պետք Ճարտարապետների պալատի հայտարարությունը, թե Վերմիշյանի արարքը ստվեր է գցում ճարտարապետի բարձր անվան վրա, ո՞ւմ է պետք այս թատրոնը… Պետական միանձնյա որոշումները ճարտարապետական եւ քաղաքաշինական ոլորտներում պետք է վերանան։ Ոչ թե փոխարինվեն տարբեր կաշառակեր խորհուրդներով, այլ՝ օրենքներով, օպտիմալացումով եւ նոր ստացված համակարգով: Օրինակ՝ գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է վերանա: Քաղշինկոմիտեն նախագծումների հարցում որեւէ գործառույթ չպետք է ունենա, դրան պետք է փոխարինեն օրենքները, օրենսդրական ակտերը, քաղաքների կարգավորումը, հողօգտագործման եւ կառուցապատման օրենսդրական ակտերը եւ այլն:  Իսկ այդ կարգավորումները չպետք է մշակի քաղշինկոմիտեն, այն պետք է արվի մասնագիտական միավորումների կողմից:

Քաղշինկոմիտեի նախագահի, գլխավոր ճարտարապետի գայթակղությունները շատ են: Մի կողմից՝ իրենք մտածում են, թե ինչու չանեն այդ նախագծերը, եթե ամեն ինչ իրենց ձեռքում է կենտրոնացված, մյուս կողմից՝ ուրիշի նախագծի հաստատումը դիտվում է որպես մեծ լավություն: Եվ այստեղից ծնվում են չարաշահումները, կաշառակերությունը, կոռուպցիան եւ այլն: Այդ ամենը վերացնելու համար օրենքներ են պետք, այլ ոչ թե նշանակել պաշտոնին, հետո` բռնել: 
Ինչ վերաբերում է Վերմիշյանի գործունեությանը՝ որպես քաղշինկոմիտեի նախագահի, սկզբում այն ուներ հին ռեժիմի էլեմենտներ, սակայն հասարակության եւ իշխանության ճնշումներից հետո Վերմիշյանը սկսեց վարել Նոր Հայաստանի քաղաքականությունը՝ հավանաբար վախենալով, որ իրեն կհանեն պաշտոնից: Օրինակ, «Լիցենզիայի մասին» օրենքում փոփոխություններ անելու համաձայնությունը եւ այն կառավարությանը ներկայացնելը, որը Ճարտարապետների պալատին զերծ կպահեր մենաշնորհներից, կոռուպցիոն կառավարման սխեմաներից: Մյուս օրինակը մարզերում քաղաքաշինության վարչությունների օպտիմալացումն է, գլխավոր ճարտարապետի հաստիքի կրճատումը եւ այն որոշ չափով քաղշինկոմիտե տեղափոխելը: Այս ամենի մեջ, իհարկե, կար նաեւ մի միտում. Վերմիշյանը քաղշինկոմիտում եւ քաղշինկոմիտեով ուզում էր ամեն ինչ կենտրոնացնել իր ձեռքում, բայց, մյուս կողմից, այս կենտրոնացումը հնարավորություն կտար որոշ չափով մաքրել հին սիստեմը, եւ նոր ապակենտրոնացման ժամանակ այն կլիներ մաքուր եւ օպտիմալ:

Վերմիշյանի` նախագծերն իր ձեռքում կենտրոնացնելու մոլուցքը բերում էր այն բանին, որ ինքը նոր նախագծային առաջարկներ էր անում արդեն մեծ նախագծեր արված Երեւան քաղաքի կամ մարզերում տարածքների համար (օրինակ, Ֆիրդուսի թաղամաս)՝ այդպիսով հակադրվելով Նարեկ Սարգսյանի եւ նարեկականների շրջանակի կողմից արված կամ արվող նախագծերին, մտահղացումներին: Իսկ դա անհանգստացնում էր այդ շրջանակի մարդկանց, քանի որ Երեւան քաղաքում եւ մարզային կենտրոններում զգալի չափով նախագծեր են արվել, հին ռեժիմի օրոք քաղաքապետի եւ կառավարության որոշումներ են կայացվել, որոնք իրականացվում են կամ սպասում են իրենց իրականացմանը:     

Ինչ վերաբերում է քաղշինկոմիտե-Ճարտարապետների պալատ հակամարտությանը, այն գալիս է «Ճարտարապետության մասին» օրենքի դրույթներից, այլ ոչ թե պալատի կողմից կոռուպցիոն ռիսկերը վերացնելու տենչից: «Ճարտարապետության մասին» օրենքն ընդունվել է ապօրինի եղանակով, այն հակասում է ՀՀ օրենսդրությանը եւ Սահմանադրությանը: Եվ ավելի լավ կլիներ, որ կառավարությունն այդ կծիկը բացեր, այլ ոչ թե Ճարտարապետների պալատի կամ Ճարտարապետների պալատին համակրող, ինչպես նաեւ ճարտարապետության, քաղաքաշինության կոռուպցիոն սխեմաներում աշխատող մարդուն նշանակեր քաղշինկոմիտեի նախագահի պաշտոնին:   

Այս փուլում, քանի դեռ քաղաքաշինության բնագավառում օրենսդրական բացեր կան, լավ կլիներ, որ քաղշինկոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեր իրավաբան կամ երիտասարդ շինարար` իրավաբանական խոր գիտելիքներով, քանի դեռ Հայաստանի ճարտարապետները վերջնականապես չեն կորցրել իրենց բարոյական եւ մասնագիտական դեմքը: 

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր