Բաց նամակ․ օգոստոսին Սեւանը կրկին ծաղկելու է

Բաց նամակ․ օգոստոսին Սեւանը կրկին ծաղկելու է

Պարոն Փաշինյան, բավականին հետաքրքիր է հետեւել, թե ինչպես եք մեղադրում Ձեր հակառակորդներին վատ հիշողություն ունենալու հարցում: Ցանկանում եմ հիշեցնել, թե ինչպես եք անտեսել իմ նախազգուշացումը` Սեւանա լճում տոքսիկ ցիանաբակտերիաների (թվային տվյալներով) առկայության փաստը: 2018 թվականին՝ հուլիս ամսից սկսած, երկու տարի բազմաթիվ նամակներ եմ ուղարկել` զգուշացնելով իմ արած փորձերի եւ ստացված արդյունքների վերաբերյալ: Կից ուղարկում եմ նամակի օրինակը` հուլիսի 11, 2019 Thu, Jul 11, 2019, 10:58 AM։
Հարգելի պարոն Փաշինյան, գրում եմ Ձեզ՝ լինելով մտահոգ Սեւանա լճի էկոլոգիական վիճակով: Իմ անունն Արեւիկ Մինասյան է:

Անցած տարի ես բազմիցս դիմել էի Ձեզ խնդրանք-առաջարկությունով՝ անելու միջազգային պրոյեկտ՝ Սեւանա լճի հիմնախնդիրը բացահայտելու ու ճշգրիտ լուծում գտնելու հնարավորությամբ: Սեւանը կրկին ծաղկել է, եւ այս ամենի վտանգը կարող է շատ ավելի մտահոգիչ լինել, քան թվում է առաջին հայացքից: Բազմիցս շեշտվող ազոտի ու ֆոսֆորի քանակների վերահսկումն ապահովելու ճանապարհ գտնելու ուղիները, ինչպես նաեւ լճի ջրի մակարդակը բարձրացնելու՝ ավելի հեռանկարային լճի կառավարման ծրագիր են: Քանի որ Սեւանա լիճը Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշարն է, չի կարելի անտեսել, որ գոյություն ունեն խմելու ջրի համապատասխան ստանդարտներ: Վտանգն այն է, որ բազմիցս հիշատակված ցիանոտոքսինները բաժանվում են ջրալուծ եւ ճարպալուծ խմբերի: Երեւի թե տերմինները հուշում են, որ ճարպալուծ տոքսինները կուտակվելու են լճի հատակին` թափանցելով սեդիմենտի մեջ: Այդ դեպքում, կախված դրանց կոնցենտրացիայից եւ դեգրադացիայի արագությունից, Հայաստանը կարող է իրոք կորցնել Սեւանը՝ որպես խմելու ջրի աղբյուր: 

Ոչ պակաս մտահոգիչ է նաեւ ափամերձ գոտիներում նույն տոքսինների անցնելն ավազի մեջ: Ասեմ նաեւ, որ անցած տարի ես բազմիցս շեշտել եմ՝ Սեւանա լճում հայտնաբերված եւ տոքսին արտադրողները փորձարարական միջոցով ապացուցված ցիանոբակտերիաների որոշ տեսակներն են: Այսօր տեղեկացել եմ, որ անցած տարվա ծաղկման ժամանակ լճի զգալի հատված ունեցել է մանուշակագույն երանգ, որը, ի դեպ, բնակիչների կողմից դիտարկվել է որպես բնական արտառոց գեղեցկություն: Ցավով հայտնեմ եւ կից ներկայացնեմ որպես նկար-ապացույց՝ Սեւանա լճից առանձնացված եւ մաքուր կուլտուրա ստացած փորձանմուշները՝ ցիանոտոքսինների անալիզի համար, ուր հստակ երեւում է մանուշակագույն գունավորումը:

Դա ցիանոբակտերիաների Calothrix desertica տեսակն է, որն ապացուցված է որպես տոքսին սինթեզող: Սեւանա լճում տոքսին սինթեզող ցեղատեսակներ` Calothrix 0.14229 ng mg - 1 dw, Fischerella - 0.159 ng mg-1 dw, Oscillatoria 0.002 ng mg - 1 dw Pseudanabaena - 0.238 ng mg-1 dw Cyanobium - below the detection limit։ Անալիզներն արվել են Ավստրիայի Ինսբրուկի համալսարանում` Research Department for Limnology, Mondsee University of Innsbruck Mondseestrasse 9 A-5310 Mondsee եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օբռնի համալսարանում` School of Fisheries, Aquaculture, and Aquatic Sciences, 203 Swingle Hall, Auburn University, Auburn, Alabama 36849։ 

Պարզ է, որ Սեւանը կրկին ծաղկելու է օգոստոսին: Ցանկալի կլինի, որ գոնե երկրորդ աղետին պետական մարմիններն ադեկվատ միջամտություն ունենան: 

Արեւիկ Մինասյան